Tuesday, April 12, 2011

Ռետինե բարձակները կանգառներից հանել են տաքսիներին



Երևանի Տիգրան Մեծի փողոցի կանգառներում արդեն 10 օր է` հայտնվել են ռետինե բարձակներ: Դրանք տեղադրվել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը կարգավորելու համար: Սակայն մեքենաների մեծ քանակի պատճառով դրանք միշտ չէ, որ կատարում են իրենց դերը:
«Միկրոավտոբուսը կամ ավտոբուսը երբ սկզբում կանգնում է, ստիպված սպասում ենք. խցանումներն են շատանում: Իսկ երբ դրանց վրայով անցնում ենք, մեքենայի անվադողերը փչանում են»,- ասում է ավտոբուսի վարորդներից մեկը:
Ռետինե բարձակները հայտնվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախաձեռնությամբ, որը հանձնարարական է ստացել բարեփոխել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքերով`Տիգրան Մեծի փողոցն ընտրվել է այն պատճառով, որ այստեղ կան ինչպես հեշտ, այնպես էլ բարդ կարգավորվող կանգառներ:
«Այրարատ» կինոթատրոնի հարակից տարածքում, որը համարվում է քաղաքի ամենաբարդ կարգավորվող հատվածը, տեղավորվել են իրար հաջորդող երկու կանգառ: Այստեղ տեղադրվելու են ցուցանակներ, որտեղ նշված կլինեն, թե որ երթուղու փոխադրամիջոցները որ կանգառում են կանգնելու:
«Կարելի է ասել` փորձը հաջողվել է, քանի որ կանգառագոտիներում այլևս չեն կանգնում ոչ հասարակական տրանսպորտի մեքենաներ, ինչպիսիք են տաքսիները»,- ասում է Հենրիկ Նավասարդյանը:

Ի դեպ, ոչ հասարակական տրանսպորտի մեքենաների համար կանգառներում կայանելու վարչական տուգանքը կազմում է 20.000 դրամ:
Հ. Նավասարդյանի խոսքերով` այժմ խախտումներ անողները հիմնականում հենց հասարակական տրանսպորտի վարորդներն են, որոնք անցնում են ռետինե հարթակների վրայով: Նման խախտման համար տուգանքը կազմում է 10.000 դրամ:
Կանգառագոտիներ ստեղծելը ամբողջ աշխարհում ընդունված է, սակայն այլ վայրերում դրանք առանձնացվում են բետոնե հարթակներով: «Մենք ընտրել ենք ռետինե բարձակները, քանի որ դրանք ավելի անվտանգ են և մատչելի»,- հայտնեց Տրանսպորտի վարչության պետը:
Ուղևորները և, ընդհանրապես, քաղաքացիները հիմնականում դրական են վերաբերվում այս «նորամուծությանը»:
«Շատ նորմալ է, մարդկանց ապահովության համար է արվում, որ վարորդը երկրորդ գիծ չկանգնի և ուղևոր վերցնի»,- ասում է անցորդներից մեկը:
Իսկ մեկ ուրիշն էլ նկատեց, որ մինչ այդ չէր նկատել բարձակները. «Այս ամենը մարդկանց անվտանգության համար է արվում: Թեև մարդիկ դեռ չեն պահպանում կանոնները, սակայն հուսով եմ` ժամանակի ընթացքում կընտելանան»:

No comments:

Post a Comment