Ծաղիկներ բանտում |
Մի քաղցր կաթիլ դառնության ծովի մեջ
Առանց ճաղավանդակի պատուհանից այն կողմ երևում են ծառերը, վոլեյբոլի ցանցը, դեռ դատարկ լողավազանը: Այդ ամենը ընդհատվում է պարիսպով, որը անջատում է ք. Աբովյանի քրեակատարողական հիմնարկի կանանց և անչափահասների բաժինները:
Պատուհանից ներս ընդարձակ չվերանորոգված մի սենյակ է, որտեղ մի քանի կին են: Այդ սենյակը հանգստի և ազատ ժամանցի վայրն է: Բեմ հիշեցնող ամբիոնում դրված հեռուստացույցի դիմաց դեռևս տուփի մեջ երկրորդ հեռուստացույցն է: Դա նվեր է գաղութին Կանանց և գեղեցկության օրվա առթիվ «ԱԼՄ» հոլդինգի կողմից: Կանանցից մեկը հեռուստացույց է նայում, մեկը գործում է լուսամուտի մոտ, մյուսը գյումրու բարբառով պատմում է մյուս տեղամասում ելույթ ունեցող երաժշտական խմբի մասին:
Սանհանգույցը ամբողջությամբ վերանորոգվել է «Կարմիր խաչ» կազմակերպության աջակցությամբ: Սակայն դատապարտյալ Անահիտ Անտոնյանը ցավով նշեց, որ ազատությունն ավելի լավ է, քան եվրոռեմոնտ արած պատերը:
Գաղութն ունի նաև ճագարների, կովերի ֆերմա, հացի փուռ, որտեղ աշխատում են դատապարտյալները: Ակումբի կողքին ծվարել են ձկների հարուստ տեսականիով ակվարիումը և գազանանոցը`բանտի մեջ բանտերը:
Ընդհանուր ննջարանը գտնվում է երկրորդ հարկում, այնտեղ ոչ ոք չկա. բոլորը գաղութի ակումբում են. համերգ է: Միանգամից աչք են ծակում ճերմակին տվող ասեղնագործած անկողիները, որոնց մեջ կարելի էր գտնել արվեստի գործեր: Այս կիսաբաց պատուհանները նույնպես վանդակապատված չեն: Ձմռանը այստեղ ջեռուցում են վառարաններով և նավթավառներով: Պատին ձուլված 1966թ. կառուցված, սակայն արդեն չօգտագործվող վառարանի վրա դրված են սրբապատկերներ: Լուսամուտագոգերին` տնային բույսերի կողքին, կուչ են եկել աստվածաշունչները:
Կողքի սենյակում բնակվում են մեծահասակ կանայք: Սենյակն ավելի փոքր է, որը հնարավորություն է տալիս ավելի տաք պահել: Այստեղ համընդհանուր օդափոխումից առաջացած սառնությունից ցանկանալով տաքանալ` իր անկողնում կուչ է եկել մի ծեր կին: Նրա կողքին դրված են կիսատ գործվածքով շյուղերը, պատին փակցված են թոռների նկարները, կողքին սրբապատկերներ են, որոնց վրա ֆլոմաստերով նկարված են խաչեր: 76-ամյա Կիմա Վարգամյանը մի քանի սպանությունների հեղինակ է:
Կողքի սենյակը, թեև փակ է, սակայն աչքի ընկավ դռան պատուհանների վրա թափանցիկ ճերմակ վարագույրներով, որոնց շղարշի միջով երևացող գրքերով լեցուն պահարանները և սենյակային բույսերը վկայում էին, որ դա գրադարանն է:
Առաջին ժպիտը գաղութում
Միջանցքի անկյունում հատուկ սենյակն է` երեխամայրերի համար, ուր արդեն մնացել է միայն մի երեխամայր` Աննա Սահակյանը: Օգոստոսին կլրանա նրա երեխայի` Սուսաննայի 6 տարին, սակայն գաղութի ղեկավարությունը որոշել է երեխային պահել ևս մի ամիս` մինչև մոր պատժաժամկետը լրանալը:
Աննա Սահակյանը 20տ. էր, երբ հայտնվեց այստեղ. այն ժամանակ նա արդեն հղի էր: Աննան ծննդաբերել է Աբովյանի քաղաքացիական ծծնդատանը: Մինչ ծննդաբերելը լրագրողները հարցրել են նրա թույլտվությունը` նկարահանելու ամբողջ ծննդաբերության պրոցեսը: «Մի տեսակ անհարմար էր մերժելը, ախր նրանք երկար ճանապարհ են կտրել, այստեղ հասել»,- պատմում է Աննան: Սկսեսուրը` Սուսաննան, նույնպես եկել էր ծննդատուն: Երեխայի անունը դրել են սկեսրոջ անունով: «Երբ ծննդատնից վերադարձա, գաղութում ինձ շատ լավ դիմավորեցին թե՛ դատապարտյալները, թե՛ աշխատողները. չէի սպասում»,- Աննայի ձայնում երախտագիտություն է:
Թե ինչու է նա այստեղ, մանրամասն չի ցանկանում պատմել: «Սպանության համար,- կարճ կտրեց, իսկ հետո ավելացրեց,- Բոլորովին անգիտակցաբար…»
Գաղութը Աննային և մնացած դատապարտյալներին տալիս է մասնագիտություն ուսումնարանում, որից հետո նրանք ստանում են վկայական: Ներքին գործերի նախարարությանը կից «Աջակցություն դատապարտյալին» ֆոնդը կանանց համար բացել է կարի արտադրամաս, որտեղ էլ աշխատում են դատապարտյալները: Դրա համար վարձատրած գումարով նրանք պատվիրում են իրենց անհրաժեշտ իրերը: Աննան հայտնեց, որ այժմ գումար է հավաքում, քանի որ խոստացել է Սուսանիկին ծննդյան օրվա առթիվ մագնիտոֆոն նվիրել:
Երբ Աննան եկավ գաղութ, այստեղ կային 3-4 երեխա, սակայն վերջին երեխան լքեց գաղութը 2005թ. դեկտեմբերին: Հիմա փոքրիկ Սուսաննիկը մենակ է խաղում, ազատ վազվզում է շենքի միջանցքներով, նայում է հեռուստացույց: Նրա դաստիարակությամբ զբաղվում են հենց իրենք` կին դատապարտյալները:
Թեև նա շուտով կդառնա 6 տարեկան, սակայն գույները հազիվ է տարբերում, նրա ամենասիրած և իմացած միակ հեքիաթը «Կարմիր գլխարկն» է: Իր նկարներում նրա նկարած ծաղիկների թերթիկները շագանակագույն են, և չկան տներ: Սենյակի պատերին կախված բազմաթիվ խաղալիքներն անուն չունեն. Սուսանիկն ուղղակի չգիտի, որ կարելի է նման բան անել: Նա խաղալիքների անունները դնելիս հիմնականում դնում էր իր հոր անունը և Գարիկ, որը իրեն այցելած բազմաթիվ մարդկանցից ամենավառ հուշերն է թողել: «Գարիկը ինձ համար կոնֆետ էր բերել, հետո ուզեց ուտի, ես չթողեցի, ու ինքը թղթով կծեց կոնֆետս»,- ծիծաղելով պատմեց Սուսանիկը:
Նա շատ աշխույժ է, շփվող, որին սիրում են բոլոր դատապարտյալները. դա ևս մեկ անգամ վկայում է աղջնակի մոդայիկ սանրվածքը, որն արել է նրանցից մեկը: Սուսաննան ուզում է դառնալ բժիշկ, սիրում է շուն և կատու, սակայն չի լսել «Շուն ու կատու» բալլադի մասին: Շատ է ուզում շյուղեր և թել ունենալ, որ գործի:
Աննան կարող է ինքն իր համար պատրաստել կերակուր, դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կա իրենց սենյակում, իսկ մթերքը նա ստանում է իր աշխատավարձի դիմաց: Սուսանիկը սիրում է հնդկաձավարի շիլա, կորտոֆիլ և լավաշ:
«Սկսեսուրս իմ միակ հարազատն է, սակայն, ինչևէ, սկսեսուր է: Նշեմ, որ դատին նա վիրավորեց իր որդուն, որ ինձ նույնպես քաշել է այստեղ»,- պատմում է Աննան:
«Սուսաննան չի սիրում հորը, քանի որ իր համար կոնֆետ չի բերում: Էլ չգիտի, որ նա էլ է գաղութում»,- մտամոլոր նշեց Աննան: Նա չի պատկերացնում իր ամուսնու հետ հետագա հարաբերությունները:
Իր խորթ մոր սպանության համար են Աննան և իր ամուսինը դատապարտվել: Այդ ժամանակ նա սովորում էր Մեսրոպ Մաշտոսի համալսարանում, սակայն կիսատ է մնացել ուսումը, որը նա այլևս չի ցանկանում ավարտել: Աննան չի ուզում վերադառնալ Երևան, որտեղ նրա մասին շատերը գիտեն: Նա որոշել է գնալ Սիսիան` սկսեսրոջ մոտ, ուզում է տեսնել Շաքեի ջրվեժը: «Ուզում եմ մոռանալ ամեն ինչ, սակայն վախենամ, որ ոչինչ չստացվի…»:
Հ.Գ. հոդվածը պատրաստվել է 2006թ., այնպես որ թե Սուսաննան, թե նրա մայրը արդեն ազատության մեջ պետք է լինեն
No comments:
Post a Comment