Sunday, April 24, 2011

Հիշելով Մեծ Եղեռնը


«1915թ.-ին հայրս 10տ. է եղել: Լավ եմ հիշում հորս պատմածները»,- պատմում է 85-ամյա Սարգիս Իզմիրյանը, որն արդեն 60 տարուց ավել է բնակվում է Վանաձորում:
Սարգիսի հոր՝ Մանուկի ընտանիքը Թուրքիայում է ապրել Բուրսայի շրջանի Ենիջե գյուղում, զբաղվել է գյուղատնտեսությամբ:
Մանուկը երկու եղբոր և երկու քրոջ հետ տեղահանվել է, դժվարին ճանապարհի վերջում մնացել են երկու եղբորով… 
Օրական մի ոսկով քրդերից ավանակ վերցրին մինչև փողերը վերջացան, դրանից հետո ոտքով շարունակեցին Դեր Զորի անապատներով: 
Մեծ քույրն ամուսնացած էր. կրծքի երեխա ուներ: Ամուսնուն իբր բանակ էին տարել, այդպես էլ չվերադաձավ: Ճանապարհի կեսին քույրն այլևս չկարողացավ շարունակել և խնդրեց, որ առանց իրեն շարունակել: Մի քանի օր գնալուց հետո հետ վերադարձան քրոջը գտնելոը և տեսան գազանաբար սպանված քրոջն ու երեխային:
Փոքր քույրն էլ երկար չդիմացավ, նա էլ սովից մահացավ: 
10-ամյա Մանուկի հիշողության մեջ մեկնընդմիշտ մեխվել էր Եփրատ գետը, որի մեջ դիակներ էին, մանավանդ երեխաների. Մայրերը ջուրն էին գցում իրենց զավականերին, որ գոնե այդպես փրկեն նրանց չարչարանքներից:
Մեծ եղբայրը՝ Գևորգը, Մանուկին մի կտոր հացով ծախել է մի արաբի, որ գոնե այդպես փրկի նրան: Մանուկն ուղտեր էր պահում, արածեցնում, երբ որոշ ժամանակ անց այդտեղի հայ աշխատող հայտնել է, որ հաջորդ կիրակի Մանուկին մուսուլման են սարքելու: Այդ ժամանակ նա ընդամենը 11տ. էր:
Մի քանի օր իրեն տված հացի մի մասը պահում էր: Եվ մի օր էլ փախավ, հասավ Հալեպ: Այնտեղ փողոցներում հազարավոր որբեր էին, սնվում էին ինչով պատահի, կաղամբի տերևներով, ձմերուկի կեղևներով, քնում էին կամրջի տակ: Արդեն նկատվում էին հիվանդության նշաններ:
Բայց ճակատագիրն այլ կերպ էր որոշել տնօրինել տղայի կյանքի ուղին. Մի օր նա շուկայում տեսավ եղբորը և դեռ հեռվի գոռաց. Ախպար (արևմտահայերեն՝ եղբայր): Մեծ եղբայրը ձեռքին ուներ թաշկինակով պահած կոպեկներ: Լսելով եղբոր ձայնը, ում համարում էր կորած՝ անակնկալի եկած գցեց ձեռքից թաշկինակը, և կոպեկները թափվեցին ցեխոտ փողոցին: Առաջինը, որ արեց Գևորգը, Մանուկին տարավ բաղնիք, մի լավ լողացրեց:
Այդ օրից 2 եղբայրներով այլևս չբաժանվեցին: Հաստատվեցին Բուլղարիայում: Իսկ 1946թ.-ին վերադարձան Հայաստան:

No comments:

Post a Comment