Գեներով է եկել. մայրս էլ կռունկավար է աշխատել |
Այս տարի մայիսին կլրանա 30 տարի, ինչ 57-ամյա Էմմա Մանյանը աշխատում է որպես 10 համարի տրոլեյբուսի վարորդ: Ինչպես նշում է տրոլեյբուսների դիսպեչեր Յուրա Սրապյանը, նախկինում եղել են կին վարորդներ, սակայն հիմա միայն Էմման է:
«Վարորդները բոլորն էլ ինձ համար նույնն են, բայց Էմման յուրահատուկ է, ես նրան 30 տարի ճանաչում եմ, մեր ամենասիրելի վարորդն է, մեր ծաղիկն է Էմման: Եթե մի մարդ նույն տեղում աշխատում է, հետն էլ այսքան դժվար աշխատանքում, ուրեմն լավ մարդ է»,- ասում է Յուրա Սրապյանը:
Ապրիլի 7-ի կապակցությամբ վարորդ գործընկերները նրան վարդեր են նվիրել: «Իրիկունը կնշենք տոնը` աշխատանքից հետո: Իրեն ուզում եմ մաղթել երջանկություն` իր երեխեքի, թոռների հետ»,- ասում է Գրիշա Ղուկասյանը:
30 տարի առաջ՝ երբ Էմման եկել է աշխատանքի ընդունվելու, անգամ չի տարբերել տրամվայը տրոլեյբուսից. պարզապես ասել է, որ կուզենա աշխատել այնտեղ, ուր կա ղեկ և անիվներ: Իսկ ղեկը մանկուց է սիրել. «Դա գեներով է եկել. մայրս էլ Ալավերդիում կռունկավար է աշխատել»:
Եթե նրան տրվեր կյանքի ուղու ընտրության ևս մեկ հնարավորություն, ապա աներկբա նորից կընտրեր ղեկը: «Այժմ անպայման կընտրեի հասարակական տրանսպորտը, մանավանդ տրոլեյբուսի, քանի որ օգտվողները հիմնականում մեր մեծահասակներն են»,- ասում է Էմմա Մանյանը:
Կինը կին է ցանկացած իրավիճակում, տրոլեյբուսի ղեկը շարժում են խնամված, կարմիր մանիկյուրով հարդարված եղունգներով ձեռքերը: Օրական 6 երթ է կատարում Էմման, և ամեն անգամ` երթից առաջ, իրեն կարգի է բերում, եթե դրա կարիքը լինում է:
«Շատ աղջիկներ ասում են, որ ամուսնանալուց հետո չեն աշխատի, իսկ ես չեմ կարող այդպես: Ոչ մի ամուսնու հետ տրոլեյբուսը չէի փոխի, համ էլ տրոլեյբուսը չի դավաճանում»,- կատակում է 57-ամյա Էմման, ով ունի 3 երեխա, 7 թոռ տեր է:
Սիրելի թոռը` Վաչիկը, 12 տարեկանից կարողանում է վարել տրոլեյբուս,սակայն Էմման դեմ է, որ իր թոռները շարունակեն իր ուղին. «Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել, և կուզեի, որ իմ երեխաները, թոռները շատ հոգս չունենան, նրանց տրվի ամեն ինչ պատրաստի»:
Ուղևորների արձագանքն ամենատարբեր է. «Տեսել եմ այդ կնոջը, շատ նորմալ եմ ընդունում. ուղղակի կանայք իրենց գործը պետք է անեն, տղամարդիկ` իրենց: Երևի ինքն էլ այդ գործն է սիրում»:
Իսկ տրոլեյբուսի պապիկներից մեկն էլ ասաց. «Կանայք իմաստուն են, մեզ ճիշտ ճանապարհով են տանում»:
No comments:
Post a Comment