Նոր փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374-10-430369, ճանապարհային ոստիկանություն, վարորդական իրավունքի հետ կապված խնդիրների պատախանատու բաժին:
Հայաստանում վարորդական իրավունք ունեցողներից շատ քչերը
կարող
են
պարծենալ,
որ
առանց
անօրինական
գումար
վճարելու
են
ստացել
մեքենա
վարելու
իրենց
իրավունքը:
ՀՀ կառավարությունը շարունակում է տարբեր ոլորտներում կոռուպցիան վերացնելու գործընթացը, և հերթը հասել է վարորդական իրավունք ստանալուն: Ապրիլի 14-ի ընդունած որոշմամբ, արմատական փոփոխություններ են իրականացվելու վարորդական իրավունքների տրամադրման կարգում։
«Վարորդական վկայական ստանալու կարգը հստակեցվում է այն աստիճան, որ գրեթե բացառում է կոռուպցիան»,- հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Վկայական ստանալուց դուրս է մղվում բժշկական տեղեկանք ներկայացնելու խնդիրը: Դրա փոխարեն ամիսը 2 անգամ ոստիկանությունը ՀՀ առողջապահության նախարարության բազայից տվյալներ է ստանալու թմրամիջոցային կախվածություն ունեցող կամ հոգեպես անհավասարակշռված անձանց մասին։
«Այսինքն «փսիխո» կոչվածը, որը նախկինում մշտապես եղել է, այսուհետև այլևս չի գործելու։ Եթե լինեն բացահայտ նկատելի թերություններ՝ վերջույթի, դաստակի, ոտնաթաթի պակաս, չգիտեմ՝ աչքի տեսողության խնդիր, այդ պարագայում միայն ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից կնշանակվի լրացուցիչ պահանջ համապատասխան հետազոտություն անցնելու և տեղեկանք ներկայացնելու համար»,– ասաց Ալիկ Սարգսյանը։
Մինչդեռ այդ փաստաթուղթը ստանալու համար քաղաքացիներն անօրինական ծախսեր էին կատարում մինչև 20 հազար դրամի չափով։
Քննությունները հանձնելու համար քաղաքացին ճանապարհային ոստիկանության տարածքային բաժին պետք է ներկայացնի դիմում, անձը հաստատող փաստաթուղթ եւ վճարի պետական տուրք:
Օրինական են միայն հետեւյալ վճարները. յուրաքանչյուր քննության համար պետտուրք՝ 3000 դրամ, ՃՈ արտաբյուջե ծառայության վճար՝ 10 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականի պետտուրք՝ 12 հազար դրամ։
Կոռուպցիոն ռիսկերի առկայության դեպքում կարելի է զանգել 1-77 թեժ համարով։
Իսկ նրանց համար, ովքեր դեռ օգտագործում են խորհրդային ժամանակների վկայական, պետք է փոխանակեն մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը:
Վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ուսուցմանը: Վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը։ Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են օգտվել այդ հաստատությունների ծառայություններից, թե՞ ոչ։ Այստեղ էլ ոստիկանապետը կոռուպցիոն ռիսկեր մատնանշեց, թե շատ հաճախ ավտոդպրոցները ֆիկտիվ տեղեկանքներ են տրամադրում։
«Վարորդական իրավունք ստանալու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները, ովքեր գիտեն վարել, նրանք պետք է միայն քննություն հանձնեն: Թույլատրվում է, որ վարորդը ներկայանա վկայի հետ, և քննությունը հանձնի իր ուզած ավտոմեքենայով, որով նա նպատակահարմար է գտնում»,– ասաց Ալիկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այսպես կոչված՝ «շաբլոնի» քննությանը, ապա այն ամբողջությամբ տեսագրվելու և ցուցադրվելու է՝ թափանցիկության ապահովման նպատակով։
Մինչև տարեվերջ կգործի նաև քննությունների և վարորդական իրավունքների տրամադրման մեկ ընդհանուր կենտրոն, կմիացվեն երեք հաշվառման կենտրոնները։
Հայաստանում վարորդական իրավունք ստանալու համար նախկինում պետք էր 2-3 ամիս ավտոդպրոց հաճախել, տեսական գիտելիքների համար վճարել միջինը 50.000 դրամ: Տեսությունը պրակտիկայում կիրառելու համար գործում է ժամավճար` մասնագետի հետ 1 ժամը միջինը 5000 դրամ: Դասընթացից հետո Ճանապարհային ոստիկանությունում պետք է քննություն հանձներ, և միայն քննության հաջող արդյունքի դեպքում կարելի էր համարել, որ լիաժեք վարորդ ես:
Բնականաբար Կառավարության նման որոշումը ոչ դրականորեն է ընդունվել հանրապետության ավտոդպրոցների կողմից, քանի որ դա վաղ թե ուշ կբերի ավտոդպրոցների թվի նվազմանը:
Ավտոդպրոցների ներկայացուցիչներից շատերը վրդովմունքից անգամ չէին ցանկանում պատասխանել հարցերին՝ ասելով միայն. «Մեռնեմ օրենքին. ինչ կարող ենք փոխել: Եթե դուրս է գալիս, որ պետք է փակվենք, կփակվենք»:
Երևանի Գայի անվան ավտոդպրոցի փոխտնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ հիմնական ավտովթարները տեղի են ունենում 18-21տ. երիտասարդների պատճառով, և նման որոշումն ավելի կվատթարեցնի իրավիճակը. «B կարգի վարորդական իրավունքը դեռ կարելի է պատկերացնել առանց դասընթացի, սակայն չեմ կարողանում պատկերացնել B, C կարգի վարորդական իրավունքների տրման կարգն ինչպես պետք լինի»:
Որոշմանը բացասաբար է վերաբերվում նաև «Ավտոսիրող» հկ նախագահ Գոհար Գաբրիելյանը. «Մեքենայի ղեկին նստելու համար ուսուցումը պարտադիր է: Մարդը որտեղ կարող է սովորել այդ ամենին, եթե չլինեն ավտոդպրոցները: Վերջին տարիներին երթևեկության նշաններում փոփոխություններ են արվել, իսկ միակ գիրքը, որով կարելի է սովորել կանոնները 2007թ. է: Ճիշտ է՝ իրոք համատարած կոռուպցիա է, սակայն քննության ժամանակ ստուգվում է, թե ինչքանով է տվյալ անձը պատրաստ»:
ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Մարտին Կամենդատյանը հայտնեց, որ վարորդական իրավունքի տրամադրման նման կարգը բերել է նրան, որ հայ վարորդների կեսը պարզապես չգիտեն երթևեկության կանոնները: Վարորդներն իրենք էլ խոստովանում են, որ մոռացել են երթևեկության մի շարք կանոններ: