Thursday, May 5, 2011

Կրակայրիչների «արքան»


Այստեղ կրակայրիչներն ամենուր են՝ սեղանին, թախտին, պահարանին… կրակայրիչի բազմաթիվ տեսակներ ամբողջությամբ ծածկում են փոքրիկ տնակում դրված կլոր սեղանը, մահճակալ-թախտի վրա իրար վրա դրված են տուփով կրակայրիչները: Անգամ տարբեր մասերում դրված արձանիկները, պարզվում է, կրակայրիչ են:

Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ տնակում արդեն 5 տարի է` բնակվում և աշխատում է 74-ամյա Ռաֆայել Չիչակյանը: Հյուսիսային պողոտայի կառուցման պատճառով 5 տարի առաջ նա կորցրեց  Աբովյան փողոցում վրա գտնվող իր սեփական տունը: «Ընտանիքս ցրված է, ամեն մեկը մի տեղ ապրում է, ես էլ այստեղ եմ ապրում, մեկ-մեկ գնում եմ բարեկամներիս տանն եմ մնում»,-ասում է վարպետ Ռաֆայելը:

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Երկար ժամանակ  թոշակ կամ նպաստ չէր  ստանում, քանի որ տուն կորցնելուց հետո որևէ հասցեում գրանցված չէր. «Այժմ օրենքով այստեղ եմ գրանցված, այստեղ աշխատում եմ, այստեղ` ապրում: Մի կերպ գրանցեցին այստեղ, որ գոնե թոշակ ստանամ: Թոշակս 15,000 դրամ է»:

Իր կյանքի ընթացքում Ռաֆայել Չիչակյանը փորձել է բազմաթիվ արհեստներ` ոսկերչություն, կոշկակարություն՝ օրվա հաց վաստակելու համար: Հիմա էլ զբաղվում է կրակայրիչների վերանորոգմամբ: Ինչպես ինքն է ասում, շատ արագ ինքնուրույն  սովորում է ցանկացած արհեստ:

Կրակայրիչների հանդեպ վարպետի սերը վաղուց է` շուրջ 30 տարի: Նա կրակայրիչների հավաքածու ուներ՝ մոտ 900 տեսակի: Այն ժամանակ նա դեռ ծխում էր, բայց արդեն 10 տարի է՝ այլևս չի ծխում և համոզված է, որ դա է երկարակեցության գաղտնիքը:

«Կրակայրիչների մասնագետները շատ չեն, քանի որ մեծ գումարներ չկան, շատերը նույնիսկ փակվում են, էլ չեն աշխատում»,- ցավով նշում է վարպետը, ով կրակայրիչները վերանորոգում է, լիցքավորում և նաև վաճառում կամ գնում է:

Վարպետին կրակայրիչներ շատ են բերում. անգամ տոպրակներով բերում են, որոնցից միայն մի հատն են սարքելու տալիս, իսկ մնացածը թողնում իր մոտ: Հիմնականում մի կրակայրիչները վաճառում է 300-500 դրամով, սակայն լինում են դեպքեր, երբ 4000-5000 դոլար արժողությամբ կրակայրիչներ են բերում վերանորոգելու:

Հաճախորդները շատ չեն` օրական 7-8 այցելու, բայց վարպետ Ռաֆիկը չի դժգոհում: «Ով գիտի, գալիս է, բայց հիմնականում չեն ճանաչում, չեն գալիս: Չի եղել մի դեպք, որ կրակայրիչ բերեն, չսարքեմ»:

No comments:

Post a Comment