Wednesday, March 26, 2014

Կյանքը կուլիսներում. «Անտեսանելիների» հետքերով 1

Մարտի 27-ին թատրոնի օրն է

Հանդիսատեսը բեմում տեսնում է այն վերջնական արդյունքը, որը մի քանի տասնյակ «անտեսանելի» մարդկանց ջանքերի արդյունք է: Եկեք բարձրացնենք վարագույրը և տեսնենք, թե ինչ է կատարվում Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կուլիսներում:


ԻՄ ԵՐԵԽԵՔԻ ՊԵՍ 
ԲՈԼՈՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳԻՏԵՄ
Մանիկ Նահապետյանը 40 տարի աշխատում է թատրոնում՝ որպես մոդելյոր:
-Ի՞նչն է Ձեզ բերել թատրոն:
-Ես ինքնուս եմ, դեռ մանկապարտեզից եմ սիրել շորեր կարել իմ տիկնիկների համար: 10 տարի խաղացել եմ բեմում՝ որպես դերասանուհի, հետո սկսել եմ զբաղվել բեմական զգեստներ կարելով:
-Բեմական զգեստ կարելու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:
-Շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ է մի քանի օրում կարել մեծ քանակությամբ հագուստներ, և ստիպված ենք աշխատել գիշեր-ցերեկ: Յուրաքանչյուր դերասանի համար կարվում է իրեն համապատասխան զգեստ, որը դերասանի փոխվելու հետ ձևափոխվում է: Ոչ բոլոր դերձակները կարող են լինել թատրոնի մոդելյոր լինել. ռեժիսորները, դերասան-դերասանուհիներն ունեն իրենց պահանջները: Ինձ հետ քմահաճ չեն կարող լինել, իմ երեխեքի պես բոլորի պահանջները գիտեմ ու սիրում եմ բոլորին, իրենք էլ ինձ են սիրում:
-Աշխատել առանց էսքիզի, միայն ռեժիսորի պատկերացմամբ, դժվար է պատկերացնել:
-«Լիր արքա» ներկայացման ժամանակ ես վատառողջ էի, և կանչել էին այլ դերձակների, որ օգնեն: Երբ մտա Վահե Շահվերդյանի մոտ, նա բացատրում էր դերձակների, թե ինչպիսի զգեստ է պետք կարել, բայց քանի որ չկար էսքիզ, դերձակը դժվար էր պատկերացնում: Այդ ժամանակ Վահեն Շահվերդյանը շրջվեց ինձ ու ասաց՝ Մանիկ, կարո՞ղ ես կարել: Ես ասացի՝ արդեն հասկացա, թե ինչ եք ուզում: Երեք օրում երկու զգեստ էլ կարեցի:


ՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ 4-5 ԱՆԳԱՄ ՀԱԳՈՒՍՏ ԵՆՔ ՓՈԽՈՒՄ

Սուսաննա Բաղդասարյանը 20 տարի է աշխատում թատրոնում՝ որպես հանդերձարանի վարիչ:
-Ո՞րն է Ձեր հիմնական աշխատանքը:
-Ներկայացումից առաջ բոլոր դերասան-դերասանուհիների զգեստները պետք է կարգի բերված լինեն, ոչ մի թերություն չունենան, դրված լինեն գրիմանոցում, որ դերասանը մտնի և հագնի:
-Իսկ ներկայացմա՞ն ժամանակ:
-Կան ծանր ներկայացումներ, որտեղ մենք պարտադիր լինում ենք կուլիսներում, օրինակ՝ «Լիր արքան» հանդերձապահների համար ամենածանրաբեռնված ներկայացումն է, քանի որ մոտ 30 անձ է ներգրավված, և գլխավոր դերակատարներն էլ ընթացքում 4-5 անգամ փոխում են իրենց զգեստները Ներկայացման ժամանակ լինում են պահեր, երբ ընդամենը մի քանի րոպե ունես փոխելու դերասանի հագուստը:
-Դերասանները հայտնի են իրենց քմահաճությամբ, ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում:
-Այլ թատրոններում հնարավոր է տեսնել, որ դերասանները վերևից նայեն սպասարկող անձնակազմի հետ, բայց մեր թատրոնում նման բան չկա: Հաճախ են կիսվում մեզ հետ իրենց խնդիրներով և հաջողություններով:




60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել

Մարտի 22-ը տաքսիսիտի օրն է
Մեր կյանքում ապրում են մարդիկ, որոնք մեզ օգնության են հասնում դժվարին պահերի, սակայն  շատ հաճախ մենք նրանց կարևորություն չենք տալիս: Այդպիսին են տաքսիստները, որոնք մեզ հետ գալիս են մեր տուն, սակայն մեր մտքով էլ չի անցնում նրանց ներս հրավիրելը, մեզ հետ գալիս են աշխատանքի, իսկ մենք մի բաժակ սուրճ էլ չենք առաջարկում: Երբեմն նրանց պատմում ենք այն, ինչ չէինք ասի ոչ մեկին, դժգոհում ենք կամ ուրախանում մեր կյանքով՝ մոռանալով նրանցը: Տաքսիստները լուռ կամ էլ հաճախ շատախոս վկաներն են մեր կյանքի:



«60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել: Հանգիստ, դանդաղ եմ քշել, իմ շատ ընկերները մոխիր են դարձել, որովհետև արագ են քշել»,- պատմում է 78-ամյա տաքսիստ Էդվարդ Մարտիրոսյանը:

60 տարվա շոֆեր եմ,
ոչ մի անգամ ավարիա չեմ տվել:
Նա 18տ.-ից բանակ է գնացել, որտեղ էլ և սովորել է մեքենա վարել. «Դրանից դենը ինչ տիպի մաշինա ասես, քշել եմ, ավտոբուս էլ եմ քշել: Էն ժամանակ տաքսի կարայիր քշել, մենակ եթե յոթ տարի քաղաքի ավտոբուս ես քշել, բայց քանի որ ես հիվանդացել էի, էլ չէի կարող ավտոբուսը քշել, ինձ տաքսի շուտ տվեցին»:

Բազմամյա փորձ ունեցող վարորդը սիրում է համեմատել Խորհրդային միության և անկախության տարիները:
«Սովետի ժամանակ այսքան մաշինա չկաա˜ար… Մարդիկ էլ աշխատում էին զավոդ-մավոդումը, փող ունեին, շաբաթ-կիրակի գնում էին Վանաձոր, քեֆ էին անում, ուտում-խմում: Տաքսին շատ պետք էր: Սովետի վախտով մի գիշերվա մեջ 4-5 գնացք էր գալիս, հիմա ո˜ւր է գնացք: Էն վախտ մի օրվա մեջ 40 լիտր բենզին էինք ծախսում, 300-350կմ քշում էի, օրական 30-35 ռուբլի մուծում էի հիմնարկին, մի էդքան էլ ինձ էր մնում: Իսկ հիմա առավոտը 9-ից կանգնած եմ, մարդ չկա. երկու օրը մեկ գազ եմ լցնում, մի 100-120կմ կքշեմ»,- ոգևորված շարունակում է համեմատությունների շարանը նա:

Էդվարդը Մարտիրոսյանը հպարտությամբ է հիշում, որ Խորհրդային միության տարիներին նա Վանաձորում ճանաչվել է համար առաջին տաքսիստը. «Սովետի ժամանակ Կիրովականի տաքսամատորնին շահեց առաջին տեղը, ինձ էլ որպես առաջին տեղ գովանասագիր տվեցին մինիստրի կողմից: Մինչև հիմա տանը դրած է»:

Իսկ այժմ տարիքն իրենն ասում է. «Հիմա արդեն սերվիսում չեմ կարող քշել, քիչ եմ քշում, շուտ փախչում եմ, տուն գնում: Կինս էլ ինձ լավ է նայում, ոտքերիս տակ գրելկա է դնում… մեծացել եմ էլի»:

Տաքսիստների մի քանի սերունդ տեսած վարորդը այժմյան տաքսիստներից շատ է դժգոհ. «Հմիկվա ջահելները թավաքյալի քշում են, դրա համար էլ ավարիա են տալիս, Գագիկ Շամշյանն էլ գալիս, նկարում է: Առաջ ծանրակշիռ մարդիկ էին, հո էս լակոտների նման չէին, ջահելների 40%-ը ավազակներ են, իսկ էն ժամանակ խելոք էին»:

Էդվարդ Մարտիրոսյանը հիմնականում կանգնում է Արցախ պուրակի կանգառի մոտ և այսքան տարում բազմաթիվ մարդկանց է հասցրել ճանաչել. «Մանկավարժականումը լիքը մարդ, ռեկտորից սկսած, ինձ չեն մերժի, որովհետև իրենց հետ մարդկային եմ եղել,- հպարտորեն ասում է փորձառու տաքսիստը և հայտնում իր հաջողության բանալին. «Վարորդը պիտի կուլտուրական լինի, չափած-ձևած, նա կլիենտին չպիտի տարբերի իր ընտանիքից, մարդկային պիտի լինի»:

Wednesday, March 12, 2014

Մոռացված մանկություն

Երեխաներ, որոնց ամենօրյա խաղալիքը համակարգիչ չէ, երեխաներ, որոնք ուրախանում են, երբ գտնում են չուգունե մի տաշտ կամ մեծ արկղ և դարձնում սուպեր ավտոմեքենա, երեխաներ, որոնք կարողանում են գտնել իրենց համար զբաղմունք և գրեթե միշտ ժպտում են, երեխաներ, որոնք տնակային խոնավ պայմանների ապրելով դպրոցի փոխարեն հաճախում են հիվանդանոց...

Friday, March 7, 2014

Եռապատկված ուրախություն և եռապատկված խնդիրներ


«Եվան հանգիստ է, խոշոր մարմնով և մեծ աչքերով. առաջինն ինքն է ծնվել: Գաբրիելան ավելի սպիտակամորթ է, բնավորությամբ շատ մռթմռթան և դժգոհ: Իսկ Մարիամը՝ ամենափոքրը, սովին չի դիմանում»,- ծիծաղելով նկարագրում է իր մեկ ամսական եռյակ աղջիկներին երջանիկ մայրիկը՝ 32-ամյա Անուշ Սահակյանը, ով Վանաձորի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր է:

Ամբողջ ընտանիքը շոկի մեջ էր, երբ իմացան, որ միանգամից երեքով է համալրվելու ընտանիքը. հազարից մեկի մոտ է հղիությունը մինչև վերջ ձգվում, և երեքն էլ նորմալ, առողջ ծնվում են: 

Այս ընտանիքում զույգ երեխաների ծնվելը զարմանալի չէ. «Ես զույգի թայ եմ, սակայն չէի մտածում, որ եռյակ թոռներ կունենամ: Հիմա շատ ուրախ եմ. չէի պատկերացնում, որ կարող եմ մեծ թոռիցս շատ սիրեմ աղջիկներին»,- ոգևորությամբ ասում է Անուշի սկեսուր տիկին Մանուշը:

Ծննդաբերությունը եղել է Երևանում, քանի որ սովորաբար եռյակները փոքր քաշով են ծնվում, և ծնվելուց անմիջապես հետո անհրաժեշտ է համապատասխան օգնություն: «Կեսարյան հատում էր, բայց ես ամբողջ ընթացքում գիտակցության մեջ էի. միակ միտքն այն էր, որ առողջ լինեն»,- հիշում է Անուշը:

Երեք քույրիկներն ունեն մեծ եղբայր՝ 3-ամյա Վահագնը, ում համար ևս զարմանք էր միանգամից երեք փոքր երեխա տեսնել իրենց տանը: «Վահագնն անընդհատ ուշադրություն է պահանջում, դրա համար ուզում է նմանվել աղջիկներին: Սիրում է երեխաներին, բայց դե միաժամանակ շատ խանդում»,- ասում է 4 երեխաների մայրիկը:

Եթե ուրախությունը եռապատկվել է, ապա նույն կերպ եռապատկվել են հոգսերը: «Ծննդաբերությունից հետո խնդիրներ ունեցա. բժիշկներն արգելեցին կրծքով կերակրել: Սնունդն այժմ արհեստական է, և դա իր հետ բերում է ֆինանսական մեծ խնդիրների: Ամենամեծ խնդիրը երեխաների սնունդն ապահովելն է: Երբ երեխան սոված է, էլ ոչնչի չես նայում»:

Saturday, February 8, 2014

Լոռվա Ձմեռ 44

Լոռեցիների ամենասիրած ձմեռային տոնը՝ «Լոռվա Ձմեռ» մարզատոնահանդեսը ինչպես միշտ շատ ուրախ էր և ձյունաժպիտ:

















Tuesday, February 4, 2014

Վաճառվում է նուռ, ներկած


Մարքետինգային նորարարություն. եթե նուռը կարմիր չէ, պարզապես ներկեք այն: Լավ է, գոնե որդան կարմիր չէ)))

Sunday, February 2, 2014

Եվ կրկին այս «ԻՆՉՊԵՍ»-ը


Երկու տարի առաջ, երբ գուգլամանիան էր սկսել, և բոլորը փորձում էին ինչ-որ բառեր, թե ինչ կպատասխան գուգլը... Ես էլ փորձեցի այս եռյակը՝ տեսնելու և ցույց տալու երեք տարբեր լեզուների կրողների մշակույթների տարբերությունները:
Այսօր նորից փորձեցի... և արդյունքը:
Անգլախոս ժողովուրդներին շարունակում է տանջել դարավոր եկած հույժ կարևոր և միևնույն հարցը՝ ինչպես կապել չարաբաստիկ փողկապը:
Ռուսախոս ժողովուրդներին շարունակում են հետաքրքրել տարբեր կերակրատեսակների պատրաստումը և այդ ամենը համեմվում է փողկապի կապելու ձևերով:
Իսկ այ հայախոսները... անցել են նոր կատեգորիայի «ինչպես սեքս անել»-ուց «ինչպես աղջիկ/տղա ունենալ»:
Միանգամից երևում է, որ մերոնք պատրաստվում են «մաքսային միությանը»՝ «Ինչպես սովորել ռուսերեն»))
Ինչպես հասկանում եմ, մեր տղաները փնտրում են «Ինչպես չաղանալ», աղջիկները՝ «ինչպես նիհարել 1շաբաթում»: