Մարտի 22-ը տաքսիսիտի օրն է
«60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել: Հանգիստ,
դանդաղ եմ քշել, իմ շատ ընկերները մոխիր են դարձել, որովհետև արագ են քշել»,- պատմում
է 78-ամյա տաքսիստ Էդվարդ Մարտիրոսյանը:
60 տարվա շոֆեր եմ, ոչ մի անգամ ավարիա չեմ տվել: |
Նա 18տ.-ից բանակ է գնացել, որտեղ էլ և սովորել է մեքենա
վարել. «Դրանից դենը ինչ տիպի մաշինա ասես, քշել եմ, ավտոբուս էլ եմ քշել: Էն ժամանակ
տաքսի կարայիր քշել, մենակ եթե յոթ տարի քաղաքի ավտոբուս ես քշել, բայց քանի որ ես
հիվանդացել էի, էլ չէի կարող ավտոբուսը քշել, ինձ տաքսի շուտ տվեցին»:
Բազմամյա փորձ ունեցող վարորդը սիրում է համեմատել Խորհրդային
միության և անկախության տարիները:
«Սովետի ժամանակ այսքան մաշինա չկաա˜ար… Մարդիկ էլ աշխատում
էին զավոդ-մավոդումը, փող ունեին, շաբաթ-կիրակի գնում էին Վանաձոր, քեֆ էին անում,
ուտում-խմում: Տաքսին շատ պետք էր: Սովետի վախտով մի գիշերվա մեջ 4-5 գնացք էր գալիս,
հիմա ո˜ւր է գնացք: Էն վախտ մի օրվա մեջ 40 լիտր բենզին էինք ծախսում, 300-350կմ քշում
էի, օրական 30-35 ռուբլի մուծում էի հիմնարկին, մի էդքան էլ ինձ էր մնում: Իսկ հիմա
առավոտը 9-ից կանգնած եմ, մարդ չկա. երկու օրը մեկ գազ եմ լցնում, մի 100-120կմ կքշեմ»,-
ոգևորված շարունակում է համեմատությունների շարանը նա:
Էդվարդը Մարտիրոսյանը հպարտությամբ է հիշում, որ Խորհրդային
միության տարիներին նա Վանաձորում ճանաչվել է համար առաջին տաքսիստը. «Սովետի ժամանակ
Կիրովականի տաքսամատորնին շահեց առաջին տեղը, ինձ էլ որպես առաջին տեղ գովանասագիր
տվեցին մինիստրի կողմից: Մինչև հիմա տանը դրած է»:
Իսկ այժմ տարիքն իրենն ասում է. «Հիմա արդեն սերվիսում չեմ
կարող քշել, քիչ եմ քշում, շուտ փախչում եմ, տուն գնում: Կինս էլ ինձ լավ է նայում,
ոտքերիս տակ գրելկա է դնում… մեծացել եմ էլի»:
Տաքսիստների մի քանի սերունդ տեսած վարորդը այժմյան տաքսիստներից
շատ է դժգոհ. «Հմիկվա ջահելները թավաքյալի քշում են, դրա համար էլ ավարիա են տալիս,
Գագիկ Շամշյանն էլ գալիս, նկարում է: Առաջ ծանրակշիռ մարդիկ էին, հո էս լակոտների նման
չէին, ջահելների 40%-ը ավազակներ են, իսկ էն ժամանակ խելոք էին»:
Էդվարդ Մարտիրոսյանը հիմնականում կանգնում է Արցախ պուրակի
կանգառի մոտ և այսքան տարում բազմաթիվ մարդկանց է հասցրել ճանաչել. «Մանկավարժականումը
լիքը մարդ, ռեկտորից սկսած, ինձ չեն մերժի, որովհետև իրենց հետ մարդկային եմ եղել,-
հպարտորեն ասում է փորձառու տաքսիստը և հայտնում իր հաջողության բանալին. «Վարորդը
պիտի կուլտուրական լինի, չափած-ձևած, նա կլիենտին չպիտի տարբերի իր ընտանիքից, մարդկային
պիտի լինի»:
No comments:
Post a Comment