Tuesday, September 13, 2011

Լիալուսնի տոնը Հայաստանում

Հայաստանում այսօր նշեցին Լիալուսնի օրը

Չինացիները լուսնային օրացույցի 8-րդ ամսի 15-րդ օրը նշում են իրենց ազգային ամենահայտնի տոներից մեկը՝  «Լիալուսնի օրը»: Այս տոնը չինացիները համարում են ընտանեկան և նշում են տանը՝ սեղանի շուրջ ընտանիքի հետ ուտելով լիալուսնի տեսք ունեցող բլիթներ՝ յուե բին: 
Լիալուսինը ամբողջական ընտանիքի խորհրդանիշն է: Այս օրը չինացիները, որոնք գտնվում են իրենց ընտանիքից հեռու, աշխատում են գալ տուն:


Կարապի լճի մոտ
Հայաստանում ևս այսօր նշեցին Լիալուսնի օրը: Կարապի լճի տարածքում Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի Ինստիտուտը կազմակերպել էր չինական Լուսնի տոնին նվիրված միջոցառում։ 


Տարբեր առասպելներ կան լուսնի վերաբերյալ Չինաստանում: Ահա նրանցից մեկը:
Հին ժամանակներում երկնքում եղել է 10 արև: Այդ տասը արևներն այնպես էին այրում երկիրը, որ մարդիկ չքավոր էին դարձել:
Մի նետաձիգ կար Հոու Ի անունով, որին շատ էր բարկացնում այդ դրությունը: Մի օր էլ նա նետահարում է 9 արևերին և ստիպում է, որ մնացած մեկ արևը դուրս գա միայն օրվա մի մասը:


Այդ ժամանակ մարդիկ վերջապես շունչ են քաշում և սկսում երջանիկ ապրել:
Հոու Ին ամուսնանում է Չան Էի հետ: Մի անգամ  զառամյալ Դաոսը Հոու Իին նվիրում է անմահական հեղուկ, սակայն Հոու Ին չի խմում, այլ տալիս է կնոջը, որ պահի:
Այդ մասին իմանում է Հոու Իի աշակերտը և նրա բացակայության ժամանակ գալիս է տուն և ստիպում կնոջը, որ տա իրեն հեղուկը:


Կինն զգալով, որ այլևս չի կարողանում պայքարել, ստիպված կուլ է տալիս սրվակը: Հանկարծ զգում է, որ թեթևանում, բարձրանում է վերև: Սակայն քանի որ չի ցանկանում շատ հեռանալ ամուսնուց, նա ընտրում է մարդկությանը ամենամոտ տեղը՝ լուսինը և դառնում լուսնի աստվածուհին:


Երբ վերադառնում է Հոու Ին, շատ է ազդվում, որ կինը չկա, սակայն երբ նայում է լուսնին, տեսնում է կնոջ ստվերը այնտեղ: Նստում է սեղանի շուրջ և սկսում դիտել կնոջը:


Մարդիկ, իմանալով այդ մասին, ամեն տարի հավաքվում են այդ օրը սեղանի շուրջ: Համտեսելով համեղ բլիթները՝ դիտում են լուսնին, որը շլացուցիչ վառ է լինում, ինչպես գեղեցկուհի  Չան Էն:












No comments:

Post a Comment