Saturday, November 19, 2016

Բազմիցս անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել. Հասմիկ Պապյան


Գյումրիի Սև ամրոց համերգասրահում Մանսուրյանական երեկո էր նոյեմբերի 18-ին, որի գլխավոր աստղը Վիեննայից ժամանած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էր:

-Տիկին Պապյան, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ՝ 30 տարի բեմում: 1986թ. նոյեմբերի 16, Սևիլյան սափրիչ, Ռոզինա: Ինչպիսին էր նա՝ այդ ամենաառաջինը:
-Շատ անսպասելի էր, քանի որ ես փոխարինում է դերասանուհուն: Ես դեռ ուսանող էի, ինձ զանգահարեցին առավոտյան ժամը 11-ին օպերային թատրոնից (ես դեռ օպերայում ոչ մի անգամ չէի երգել), հարցրեցին, թե արդյոք գիտեմ Ռոզինայի դերերգը: Կոնսերվատորիայում մենք քննություն էինք տվել, և ես ամբողջը սովորել էի: Գնացի օպերա, երբ կատարեցի, դիրիժորն ասաց, որ պատրաստ է, կարող է երգել: Բեմական փորձի ոչ մի հնարավորություն չկար. արդեն ժամը 3-ն էր: Ռեժիսորն ասաց, դե պետք է  կոկետություն անես, շարժվես բեմում: Ես տեսել էի այդ ներկայացումը, ինձ ծանոթ էր: Բեմական հագուստ էլ անգամ չունեի, տնից իմ հագուստով եկա օպերա և երգեցի…

-Բեմը մեծ ուժ է, ի՞նչ կասեք Դուք՝ 30 տարի հետո հայացք նետելով բեմին:
-Այսքան տարվա ընթացքում շատ դժվար է եղել, զոհողությունները շատ են եղել, բայց երբ վարագույրը բացվում է, նվագախումբը նախերգանքը նվագում է, ուժերդ վերականգնվում են, և դու բեմում ես, երգում ես մեկը, հետո մյուսը, մյուսը:

-Ձեր մայրը Գյումրիից է, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այս համերգը Գյումրիում:
-Իմ մանկությունն անց է կացել Գյումրիում. ամառային արձակուրդներին միշտ գալիս էինք Գյումրի: Ես հոգևոր կապ ունեմ այս քաղաքի հետ:  Այժմ էլ ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, գոնե մի քանի ժամով պետք է գամ Գյումրի: Կարիք ունեմ այս մարդկանց հետ շփման, այդ պատվախնդրությունը… գյումրեցիները դեռ չբացահայտված հատկանիշներ ունեն, ֆենոմեն են: Ես իմ մեջ կրում եմ այդ խառնուրդը՝ սեբաստացի, պոլսեցի, ղարսեցի, գյումրեցի… այդ խառնուրդը տվել է իր արդյունքը: 

-Դուք նշել եք Ձեր հարցազրույցներից մեկում, որ հայի մեջ կա խեղճություն: Իսկ դա չի՞ խանգարել Ձեզ, որպես հայ երգչուհի, գրավել աշխարհահռչակ բեմեր:
-Խեղճություն ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ խոնարհությունը, այսինքն ինքդ քեզ գերագնահատելու: Մենք խնդիր ունենք ինքնահաստատվելու, բայց ոչ ուրիշների հաշվին: Ամենամեծ հաջողությունների հասած հայերի մեջ այդ խեղճությունը կա… աչքերում: Ես կասեի՝ խոնարհությունը և համեստությունը:

-Դուք երաժշտական ընտանիքում եք մեծացել, թեկուզև ոչ պրոֆեսիոնալ: Ինչքանո՞վ է որոշիչ դեր խաղում նման երաժշտական մթնոլորտը երաժշտի ապագայի վրա:
-Շատ կարևոր է, թե ինչ ես լսել մանուկ տարիքում, ինչ ես լսել օրորոցում: Իմ տատիկը երգում էր Միքայել Նալբանդյանի երգերը, երգեր, որոնք, ցավոք սրտի, այժմ չեն երգվում: Դա ճաշակ է ձևավորում: Դրա համար շատ-շատ եմ ցավում, որ հիմա հեռուստատեսությամբ հնչում է ցածրորակ երաժշտությունը, և ուզում եմ պայքարել դրա դեմ:
Հրանտ Մաթևոսյանը, ում հետ մենք ազգականներ են, ռուս գրող Անդրեյ Բիտովին բերել էր մեր տուն, որպեսզի ցույց տա հայ ընտանիք: Ես երգեցի այդ երեկոյին: Ռուս գրողը գրեց «Уроки Армении» (Հայաստանի դասերը), որտեղ իմ մասին էլ էր գրել: Մի քանի տարի առաջ երբ նրան հանդիպեցի, հիշեցրի, որ ես այն երգող աղջիկն էի: Չեք պատկերացնում, թե ինչ կատարվեց նրա հետ…

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Հայաստանից, երբ Եվրոպայում եք լինում:
-Մարդկանց, իմ հարևաններին, բարեկամներին, փողոցի մարդկանց, տաքսու վարորդներին, կոշիկ նորոգողին… օդում ուրիշ մի բան կա այստեղ, որ աշխարհում չկա:

-Դուք բնավորությամբ պերֆեքտիստ (կատարելության ձգտող) եք կարիերայում, ընտանիքո՞ւմ էլ նույնքան պահանջկոտ:
-Ցավոք սրտի, այո, շատ: Դժվար է, քանի որ դա արտահայտվում է նաև մանրուքների մեջ. եթե գիրքը մի տեղից վերցրել ես, պետք է դնես նույն տեղը: Դա նաև հարմարավետություն է, այնպես, չէ՞: Ոչ բոլոր մարդիկ են այդպես մտածում: Ես հասկանում եմ, որ ինձ հետ դժվար է, և երբեմն-երբեմն տեղի եմ տալիս, այդքան դեսպոտ չեմ: Իրենց բախտը բերել է, որ ես միշտ տանը չեմ (ծիծաղում է):
-Դուք նշում եք, որ հաճախ եք լինում Հայաստանում, իսկ Ձեր ամուսինը և դուստրը Ձեզ հաճա՞խ են ուղեկցում:
-Ամառային արձակուրդներին դուստրս միշտ ինձ հետ գալիս է Հայաստան, ցավոք վերջին տարիներին ամուսինս չի կարողանում գալ, քանի որ ամռանը Նյու Յորքում աշխատում է: 23 տարի միասին ենք. ամուսինս գիտի ամբողջ Հաաստանը ծայրից ծայրը. միայն Մեղրիում չի եղել: Գիտի բոլոր եկեղեցիները, ինձ տարել է այնպիսի եկեղեցիներ, որտեղ ես չէի եղել: Մենք տանը հայերեն ենք խոսում: Ամուսինս ուզում է ավելի կատարելագործել հայերենը, որպեսզի չմոռանա և առաջ գնա, դա նրա պատվախնդրությունից է:

-Ասում են՝ ճակատագրական պատահականություններ լինում են, բայց մարդը պետք է միշտ պատրաստ լինի այդ պատահականություններին: Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին:
-Համոզված եմ, որ ամեն ինչ վերևում արդեն ծրագրված է, և ոչինչ պատահական չի լինում: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերջին վայրկանին փոխարինելու, գրեթե անհնարին է եղել ինձ համար, բայց անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել: Սա ինձ ուղարկվել է, ես պետք է սա օգտագործեմ: Եվ դա հետո նոր դռներ է բացել:

-Վինչենցո Բելլինիի Նորմայի դերը իր Casta Diva-ով այսօր հանդիսանում է Ձեր այցեքարտը: Արդյո՞ք սա ևս նմանատիպ ճակատագրական պատահականություններից է:
-Վարշավայի մրցույթին մասնակցելիս ես լրացրել էի հարցաթերթիկ, որտեղ նշել էի, որ տիրապետում եմ Նորմայի դերին, բայց երբևէ չեմ կատարել բեմում: Ես գտնվում էի Սանկտ-Պետերբուրգում, երբ զանգահարեցին ինձ Վարշավայից, թե կարող եմ արդյոք երգել Նորմա պրեմիերա: Առանց մտածելու անմիջապես ասացի՝ այո: Եվ հետո սկսեցի մտածել, որ ախր ես տեքստը անգիր չգիտեմ: Հինգ օր ժամանակ ունեի: Պետերբուրգից եկա Երևան, նոտաները վերցրի և գնացի Վարշավա: Այդ ճանապարհին հինգ օր ու գիշեր չքնեցի: Դուրս եկա Վարշավայի բեմ և երգեցի Նորմա: Դահլիճում նստած էր Մարիո Դել Մոնակոյի որդին՝ ՋանԿառլո Դել Մոնակոն, ով Բոնի (Գերմանիա) օպերային թատրոնի տնօրենն էր: Նա համերգից հետո մոտեցավ ինձ և հրավիրեց Բոն՝ որպես մեներգչուհի: Եվ ես համաձայնեցի: Այդպես սկսվեց շարժվել իմ անիվը Եվրոպայում:

Wednesday, November 9, 2016

Երբ Մինսկում հանդիպում են կովկասցիները


Երբ ձեր կողքին ադրբեջանցի մի տղա երգում է Խորհրդային Հայաստանի հիմնը, իսկ հայ տղան փորձում է հիշել և ձայնակցել Ադրբեջանի հիմնի ժամանակ: Մի կողմից էլ հայ ու ադրբեջանցի երաժիշտները նվագում են մեկ դաշնամուրի վրա: Ուրեմն դուք հայտնվել եք Միկրովեյվ ռադիոն առանց սահմանների հարավկովկասյան ծրագրերից մեկում. այս անգամ Մինսկում ենք հավաքվել:



Իսկ երբ բոլորով հավաքվում են վերելակում ու մի հատ էլ կիթառ ճարում, ապա վերելակը վերածվում է տոնի:


Sunday, October 2, 2016

Վանաձորի օրը 2016



Այս տարվա Վանաձորի օրը բավականին աղքատիկ էր, եթե հաշվի չառնենք «ռետրո» մեքենաների ցուցահանդեսը հենց Հայքի հրապարակում, մեքենաներ, որոնց կողքով անտարբեր անցնել պարզապես անհնար էր:

Tuesday, September 20, 2016

Պոնչիկ-Գրքեր-Հագուստի խանութ

Վանաձորյան մի պատ, որը յուրովի ներկայացնում է մեր իրականությունը...


Monday, September 5, 2016

Ամեն ինչ մի տեղում

Երևանի հիվանդանոցներից մեկում, երբ ամեն ինչ ձեռքի տակ է, էլ եկեղեցի, էլ սգո սրահ...

Wednesday, June 8, 2016

10 բան, որ արժե անել Թուրքիայում

Եվ ուրեմն, այս անգամ ինքնաթիռներն ինձ տարան Թուրքիա: Հա, հա, բարդ էր, բայց սկզբում: Մանավանդ առաջին մարդուն, ով հարցրեց, որտեղից եմ, ասացի, որ Հայաստանից եմ և տեսա նրա «սառած» դեմքը, որի վրա կորավ ժպիտը և այլևս ոչ մի բառ... ինչ խոսք, նույնիսկ մի քիչ վախենալու էր)
Բայց դե դա միայն մի դեպքը, հետո, ինչքան ասում էի, որ Հայաստանից եմ, ուրախանում էի մարդկանց ջերմությունից, որ իրենք ունեն հայ ընկեր, որ իրենք չեն ուզում, որ հայերը մտածեն, թե բոլոր թուրքերը իրենց մասին վատ են մտածում... և այլն :)
Ստամբուլի մարշի ժամանակ տղամարդկանցից մեկը
ծաղիկ նվիրեց այս կնոջը և ինձ:)

Ստամբուլը... մի քաղաք, որտեղ խառնված են Եվրոպան և Ասիան, որտեղ կարելի է տեսնել միայն աչքերը բաց չադրայով կնոջ, որը սելֆի է անում, իսկ նրա կողքին շորտիկով և գունավոր մազերով աղջկա, ով ծխում է:
Ստամբուլը հակասությունները գեղեցիկ համադրող և հենց դրանցով ապրող քաղաք է: