Monday, June 17, 2013

Երազի և իրականության կամրջում

Հոգիս ծիածանվել է և պահանջում է գույներ... ես սկսում եմ հավաքել կյանքի պատառիկները և գունավորել... այն փոքրիկի ձեռքով, որն ապրել եմ:



Քանդված Կամրջի երազանքը... կամարվել կապույտ երկնքի ծիածանագույն հեքիաթում, երկու ամուր սյուների փխրուն երազանքը` դիպչել միմյանց, փլվում է կամրջի երազանքից: Ես կնկարեմ քո երազանքը ծիածանի բոլոր գույներով և կքայլեմ քո կամարով դեպի քո պատմած հեքիաթների աշխարհ...

Կիսախարխուլ դաշնամուրի երազանքը... լճակի կենտրոնում` բոլորի ուշադրության կենտրոնում, բազմել է դաշնամուրը, նա, ով իր մեկ ձայնով լռեցրել է հազարավոր հանդիսատեսների, նա, ում առաջ խոնարհվել են հայտնիներ... հիմա նա աղերսում է գեթ մեկ հնչյուն` կանգնած լճակի կենտրոնում: Ես կնկարեմ քո ձայնը, որ սփռվի ամբողջ նկարով և պայթի երկնքում...
Դատարկ պատուհանի երազանքը...դեռ փոքր էր, երբ սիրում էր բացել պատուհանը և դիտել անցորդներին: Պատուհանը նրա ընկերուհին էր, ում հետ քննարկում էր բոլոր հարցերը: Երիտասարդացավ, պատուհանը` նրա ամենամոտ ընկերուհին, միայն նա գիտեր, թե ում հետ է լուռ խոսում ամեն գիշեր` նրան գրկելու փոխարեն փարվելով պատուհանին...Այլևս չի կարողանում քայլել, նստում է պատուհանի դիմաց, բայց... նա այժմ նայում է միայն պատուհանին` իր հարազատ և միակ ընկերուհուն...


Քաղաքի երազանքը... կար-չկար մի քաղաք կար, բոլորը նրան մռայլ էին համարում և տխուր, քանի որ նա անընդատ արտասվում էր:  Քաղաքի բնակիչներն էլ նրա նման մռայլ էին և տխուր: անընդհատ տևող անձրևի տակ և անընդհատ դժգոհում` նայել գորշամպ երկնքին:  Դա տեսնելով և ոչինչ չկարողանալով անել` քաղաքն էլ ավելի էր տխրում:  Սակայն մի օր մի աղջնակ վերցրեց գունավոր մատիտները և սկսեց նկարել գույնզգույն երազ-անձրևանոցներ, և մարդիկ ժպտացին, և քաղաքը ժպտաց, և  ներկոտ մատներով աղջիկը ներկոտ ժպտաց...

Wednesday, April 24, 2013

Ջահերով երթը (Մեծ Եղեռն 98)



Լույսերի գետ, որ հոսում է վեր...


Առաջ դեպի հաղթական ողբը...




Պարզապես տեսախցիկը չկարողացավ անտարբեր մնալ երեկոյացող Երևանին..



Այս աղջիկը փոխեց իր եռագույնը այս ջահի հետ... դեռ չգիտեր գլխի գալիքը:


Եվ չզարմանաք, որ արդեն Ծիծեռնակաբերդին մոտենալիս նման մթություն է... պարզապես կազմակերպիչները ավելի լավ բան չէին մտածել, բացի ջահերն ու մոմերը հանգցնել և գցել աղբարկղը...



Sunday, April 7, 2013

Րաֆֆի.... հետաքրքրե՞ց

Դպրոցական տարիների յուրաքանչյուր աշակերտի համար «պատիժ» հանդիսացող «Սամվել» կամ «Խաչագողի հիշատակարան» վեպերի  հեղինակը հույսը կորցրել էր, որ երբևէ կունենա երկրորդ վերածնունդ...


Monday, March 25, 2013

Բողբոջ հավատը

Ծաղկազարդ... շատ սիրելի տոն է դարձել, դա վկայում են եկեղեցիների չորսկողմ կուտակված վաճառողները, որոնք պոկռտել են ուռենիների նոր բողբոջած ճյուղերը և վաճառում են մեռած գարունը` ավետել կամ գուժելով գարուն...


Մարդկանց հերթեր եկեղեցիների մոտ, որոնք ցանկանում են ստանալ «օրհնված» պսակներ, վաճառողներ, որոնք տակից տալիս են նույն այդ «օրհնված» ուռենու պսակները...
Մարդիկ... որոնք հիշում են. պետք է այրել նախորդ տարվա պսակը, թե չէ հաջողություն չի բերի.. պետք է կախել նորը հին պսակի մեխից, որ դարձել է յուրօրինակ վկա մեռած-ծաղկած ուռենու օրըստօրե մումիականացմանը..
Ծաղկազարդը յուրաքանչյուր եկեղեցու կողքին է... ծաղկասպանները` կուտակված...

Իսկ այս փոքրիկի ափի մեջ այնքան մեծ հավատ կա, որ անշունչ ճյուղը ցանկանում է ապրել` հանուն նրա:
Ասֆալտի մեջ նա գտել էր ճեղք և ամուր բռնել ճյուղից...ինչպես տղայի մայրն ամուր բռնում էր իր ձեռքը, քանի դեռ չէր կարողանում քայլել: Բայց ճյուղը չէր կարողանում քայլել, նա ամուր չէր կանգնում իր մի ոտքի վրա...
Տղան նայեց շուրջը և տեսավ հաստաբուն ծառի վերջին շունչ-կոճղը, որի ճաքճքած մարմնից նա հող տեսավ... միտքը կայծակեց. ահա, ահա թե ինչն է այս հսկային պահել կանգուն. հողը...
Նա սկսեց կոճղից հող տանել փոքրիկ ճյուղին ոտքի կանգնեցնելու համար...


Անվերջ կտաներ հողը, միայն թե ճյուղը դառնար իր նման` սեփական ոտքի վրա կանգնած: Սակայն հայտնվեցին մեծերը, որոնք ամեն ինչ գիտեն այս աշխարհում և գիտեն, որ ասֆալտի այդ ճեղքի մեջ այդ չորացած ճյուղը երբեք ծառ չի դառնա: Եվ ասացին, ասացին ճշմարտությունը` ցույց տալով իրենց առավելությունը տղայի նկատմամբ, որ նա դեռ փոքր է և ոչինչ չի հասկանում, որ նա դեռ... 
Տղան փախավ այդ տեղից, փախավ ինչպես փախչում են, երբ տեսնում են, թե ինչպես են սպանում, իսկ այստեղ սպանվել էր հավատը` նորածիլ, բողբոջած հավատը...

Tuesday, March 5, 2013

Գյումրին` անցյալի և ապագայի մեջտեղում

Պարզապես մի օր արթնանալ, նստել գնացք և հասնել Գյումրի, տեսնել հին ու նոր ընկերներին, քայլել Գյումրիի հին ու նոր փողոցներով, ավելի շատ հին, քան թե նոր :) և երեկոյան վերադառնալ նույն գնացքով, գրեթե նույն մարդկանցով լեցուն, բայց կարծես ինչ-որ բան փոխված է... 


1988թ. Երկրաշարժի վերքերը երևում են հենց հրապարակում, որտեղ մարզպետարան-քաղաքապետարանի նորակառույց շենքի կողքին Գյումրիի սուրբ Աստվածածին կիսակառույց եկեղեցին է.  որը կառուցված է Անիի Մայր տաճարի կրկնօրինակով, և ավերվել է երկրաշարժի ժամանակ:


Կայարանի շենքի առաստաղն ավելի հիշեցնում էր եկեղեցու...


Կիսաքանդ շենքի պատուհաններից «նայում են» նշանավոր հայ արվեստագետները:

Ռուսական եկեղեցին, որին գյումրեցիները կըսեն «ՊԼՊԼԱՆ ԺԱՄ»:


Պլպլանի ներսն ամբողջությամբ նկարազարդարում է գյումրեցի նկարիչը:


 «Մայր Հայաստանը» ձեռքին ջահ է պահում, կողքին` Սև Ղուլն է` ամրոցը:

Սա էլ այգին :)

Անուշի և Սարոյի հուշարձանն է.... Սարոն «ժայռի վրայի քարն է», իսկ Անուշը` աղբյուր-կուժը:


 Շինարարների պալատը

Ժամացույց, որ ցույց է տալիս հորոսկոպի նշանները:)

Գյումրիի մեջտեղում, կանաչ վագոն-վանդակի մեջ, պառկած է առյուծը...

 Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը..

Գուսաններ Ջիվանին և Շերամը

 Թատերական հրապարակը, որտեղ հանրահավաքներն են...

Այս թոնրատանն է ծնվել Ավետիք Իսահակյանը...


 Շիրազի քրոջ թոռը` Նարինեն, թանգարանների լավագույն գիդն է: «Շիրազին երբ տուն են տվել, ասել է, լավ է` գոնե Վարպետի տան մոտ է, որ իր մոտ գան, կարող է ինձ մոտ էլ մտնեն»:

Աղավնային սեր «աստծո օրհնությամբ»:)

Մեր կորստի և գտածի համար...



 Ժամանակի մեքենան :)))
Վերադարձանք տուն, 21-րդ դար.... ափսոս...

Monday, February 18, 2013

Նախագահական Չընտրություններ

Փետրվարի 19, Հայաստան, Երևան , «Ազատության հրապարակ»
Ընտրություններում պաշտոնական տվյալներով 36 Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել «Ազատություն» հրապարակում` իրենց բողոքը հայտնելու նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը,պատրաստվում է դառնալ երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե համոզված է, որ հինգ տարի առաջվա մարտիմեկյան դեպքերը չեն կրկնվի այս անգամ...

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի


Փետրվարի 18, Հայաստան, նախագահական վեցերորդ ընտրություններ...

Նախագահական առաջին ընտրությունը, որի քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարվեց, իսկ մյուս թեկնածուն` Անդրեաս Ղուկասյանը ամբողջ քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների օրը անցկացրեց բողոքի ցույցով` հայտարարելով հացադուլով:
Շատերը դիմում են նաև այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է քվեաթերթիկի ուտելը:



 Հաճախ ընտրությունները կարևոր չեն, եթե կա սեր և առիթ` արտահայտելու այն...


Շարունակելով սիրո թեման.... Եկեղեցին ևս իր մասնակցությունն ունեցավ քարոզարշավի և ընտրակաշառքի «արարողությունների» մեջ:) Սիրո տոնի առթիվ` Տրնդեզի օրը, Վանաձորի եկեղեցում զույգերին տալիս էին ինչպես «Խրատի թանգարան» գիրքը, այնպես էլ բաժակ` թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական քարոզարշավի կարգախոսով:




Wednesday, February 13, 2013

Տրնդեզ կամ Տյառընդառաջ


Վառել խարույկ, թռնել կրակի վրայով... ախր այստեղ քրիստոնեության հոտ էլ չի գալիս: Ոչ, չեմ կարող ընդունել, որ Տրնդեզ կամ Տյառընդառաջ տոն ինչ-որ կերպ կապված է քրիստոնեության հետ:
Բայց դա չի խանգարում, որ այն համարեմ հայկական ամենագեղեցիկ տոներից, ավանդույթներից մեկը: 
Այս տարի ևս Սիրահարների այգում վառվեց խարույկը, որը իր շուրջ հավաքեց ծանոթ-անծանոթ մարդկանց: