Showing posts with label Հունգարիա. Show all posts
Showing posts with label Հունգարիա. Show all posts

Saturday, September 1, 2012

Սաֆարովի ազատման հետևանքները

Սոցիալական ցանցներում քիչ թե շատ ակտիվ քաղաքացիներից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ կերպ արտահայտել իր վերաբերմունքը օգոստոսի 31-ին տեղի ունեցած վերաբերյալ:
Իլհամ Ալիևի հմուտ դիվանագիտության, Հունգարիայի կառավարությունը  Սաֆարովին նվիրել է Ադրբեջանին, որը հենց օդանավակայանում ներման է արժանացել։

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայում 8 տարի առաջ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանինհունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության՝ առանց առաջին 30 տարում ազատ արձակվելու և ներման արժանանալու իրավունքի:




Հայաստանի կողմից պատասխան քայլն եղավ 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Այս հայտարարությունը հայ հասարակության կողմից ընդունվեց որպես «բա ուրիշ ոնց» ռեակցիային: Թեև  արդեն սոցիալական ցանցերում պտտվում է այն միտքը, որ «եթե Հունգարիան չի կարողանում կամ չի ուզում Սաֆարովին պատժել, մենք վրեժ կլուծենք»:
http://www.facebook.com/Gourgen.Margaryan
Նույնիսկ մշակվում են սպանության պլաններ: 

Վաշինգտոնում հայ լրագրողներ, ԱՄՆ Սենատում աշխատող հայերը ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվել է. «ԱՄՆ կառավարությունը հայտնում է իր հիասթափությունը ադրբեջանական կառավարության հանդեպ, որ նրանք ազատ են արձակել Սաֆարովին»:

Ամենացավալին այն է, որ մի սպանության ներումը, առավել ևս հերոսացումը, կբազմապատկի սպանությունների թիվը: 

Այսինքն Ադրբեջանում ցանկացած ազգայանական, տեսնելով այս նախադեպը, կարող է «չզսպել» իր միջի հայրենասիրությունը և կացնով և ոչ միայն սպանել ինչ-որ հայի, որպեսզի դառնա Ռամիլ Սաֆարովի նման հայտնի հերոս:

Այս միջադեպն ավելի է դժվարեցնում խաղաղ բանակցությունները երկու հասարակությունների ներկայացուցիչների միջև: 
Եվ թեկուզ կան ադրբեջանցիներ, որոնք ի սրտե չեն ընդունում և անգամ գուցե դեմ են ստեղծված իրավիճակին, սակայն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում շատ դժվար ճանապարհով, կարող է քանդվել մի այսպիսի դեպքի պատճառով:

Wednesday, August 31, 2011

Հունգարիայից Հայաստան 17 օրում


«Ամենալավ մեքենան աշխարհում Մոսկվիչն է: Մյուս մեքենաները  ճանապարհին փչանում են, քանի որ համակարգչային մեխանիզմ ունեն, իսկ այստեղ նման բան չկա: Մեքենայի մի մասը ընկավ ճանապարհին, խնդիր չկա. կտորով կապեցինք, ու շատ նորմալ աշխատում է մինչև հիմա»,- 6000 կմ վարելուց հետո համոզված է հունգարացի Աթիլլա Բերենին, ով «The Caucasian Challenge» կազմակերպության ներկայացուցիչն է և արդեն 4-րդ տարին է՝ կազմակերպում է նման «Սիրողական ռալլիներ»:
«Ես շատ եմ սիրում ճամփորդել, ճանաչել տարբեր ժողովուրդների մարդկանց: Եվ նման մարդիկ շատ կան, ովքեր ցանկություն հայտնեցին մասնակցել նման միջոցառմանը»,- ասում է Աթիլլա Բերենին:
Այս անգամ 18 մեքենաները անցել են 11 երկրներով և 17 օրում հասել Հայաստան, որը նրանց վերջնակետն է: «Շատ հասարակ է որոշվել Հայաստանի հարցը, մեր կազմակերպության ղեկավարներից մեկը եղել էր Հայաստանում և շատ հավանել այն: Եղել ենք նաև Վրաստանում, բայց Ադրբեջանում չենք եղել, պետք է ընտրեինք՝ կամ Ղարաբաղը, Հայաստանը, կամ Ադրբեջանը»,- ասում է Աթիլլան:



Friday, July 15, 2011

Աստված սկզբում բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը...

Բելա Տար

«Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կրկնվեմ»,- համոզված է «Թուրինյան ձի» ֆիլմի ռեժիսոր, հունգարացի Բելա Տարը, որն այն համարում է իր կարիերայի ավարտը:
Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այդ սև ու սպիտակ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու աշխարհահռչակ ռեժիսորին:
«Ճիշտ է` ես գերադասում եմ սև ու սպիտակը, բայց ես ունեմ նաև գունավոր ֆիլմեր: Պարզապես գունավոր ֆիլմ նկարահանում եմ միայն այն դեպքում, երբ ցանկանում եմ օգտագործել գույները, իսկ տվյալ ֆիլմում դրա կարիքը չկա»,- բացատրում է ռեժիսորը:
«Թուրինյան ձի» ֆիլմը ամբողջությամբ բելատարյան ոճով է. ինչպես և նրա նախորդ ֆիլմերը, այստեղ ևս կարող ես տեսնել մարդկային գորշ, միապաղաղ կյանքը, երբ օրերը սրտխառնոցի չափ միանման են: Այդ ամենը ռեժիսորին հաջողվում է փոխանցել հանդիսատեսին այնպես, որ ոմանք անթարթ նայում են, ոմանք էլ պարզապես չեն կարողանում բացել աչքերը օրերի միատեսակ տաղտուկի բեռից:
«Սա ֆիլմ չէ, սա կյանքն է, սա է մեր կյանքը»,- ասում է ռեժիսորը և համոզված է. այս ֆիլմը բոլորի համար է:
Ֆիլմի սկզբում պատմվում է, թե ինչպես Նիցշեն, տեսնելով, որ կառապանը խփում է շարժվել չցանկացող ձիուն, հարձակվում է նրա վրա` արգելելով այդ: Հետո նա հիասթափված վազում է տուն և ասում. «Մայրիկ, ես հիմար եմ»:
«Մենք գիտենք, թե ինչ եղավ Նիցշեի հետ, սակայն անհայտ էր ձիու ճակատագիրը. Այս ֆիլմը ձիու մասին է»,- ասում է ռեժիսորը:
Ֆիլմը ցույց է տալիս հոր և աղջկա կյանքի վերջին 6 օրերը: «Աստված ստեղծել է այս «անիծված» (shit) աշխարհը 6 օրում, ես էլ այս ֆիլմում ցույց եմ տալիս հակառակը: Սկզբում աստված բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը»,- ասաց նա:
Վերջին խորհուրդը, որ տալիս է հայրը աղջկան. «Կեր, մենք պետք է ուտենք»: Եվ Բելա Տարը համաձայն է դրա հետ. մենք պարտավոր ենք ուտել:

Ի դեպ, այժմ նա հանդես է գալիս որպես պրոդյուսեր և օգնում երիտասարդ ռեժիսորներին իրենց ֆիլմերը ասպարեզ հանել: