Այս կրթօջախը տարբերվում է մյուսներից իր սաներով. Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանում ուսուցանում
են բացառապես բանտարկյալները:
Աբովյանի քրեակատարողական հիմնարկի` փշալարով պարուրված բարձր պարիսպների ներսում կանայք և անչափահաս ուսանողները սովորում են ինչպես փայտի կտորը վերածել արվեստի նմուշի, ինչ մասերից է բաղկացած տրակտորը կամ էլ ինչպես արդեն մաշված անդրավարտիքից կարել պայուսակ:
Յուրաքանչյուր սան լսարան
մտնելիս բացի տետրն ու գրիչը իր հետ բերում է նաև իր անցյալը, որը դասախոսները մոռանալ
պարզապես իրավունք չունեն: «Այստեղ ոչ ոքի ստիպել չես կարող սովորել, իր իրավունքն
է, կարող է չսովորել: Եվ հենց դա մեծ դժվարություն է ստեղծում մեզ համար»,- ասում է ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:
19-ամյա Վիգենը արդեն երեք
տարի է` կալանավայրում է: Նա միակն է քրեակատարողական հիմնարկում, որ սովորում է բուհում`
Մովսես Խորենացու համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության հեռակա բաժնում: Դասախոսները գալիս են այստեղ և դասավանդում
են իրենց միակ ուսանողին:
Քանի որ բարձրագույն կրթություն
ստանալը վճարովի հիմունքներով է իրականացվում, ոչ բոլոր բանտարկյալներն են կարողանում
սովորել բուհում: Փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ցավով նշում է, որ պետական ոչ մի բուհ
չհամաձայնեց մեզ մոտ դասավանդել:
Վիգենի ծնողներն էլ մեծ դժվարությամբ
են վճարում իրենց որդու ուսման վարձը, իսկ նա դեռ երկրորդ կուրսում է: 19-ամյա պատանին
ցանկանում է դառնալ հաշվապահ. «Ես հասկացել եմ, որ այս չորս պատը չէ իմ ապագան, ինչո՞ւ
իզուր այս տարիները կորցնեմ: Մեկ տարի հետո դուրս եմ գալու և մեծ նպատակներ ունեմ»,-
ասում է Վիգենը:
Նա հասկացել է. բազմակողմանի
զարգացվածությունը շատ կարևոր է, այժմ էլ սովորում է քոլեջի գյուղատնտեսական
արտադրության
բաժնում. համոզված է, որ գիտելիքները նրան հետագայում կօգնեն վարել հաշվապահություն
նաև գյուղատնտեսության ոլորտում: Բացի ուսուցումը Վիգենն զբաղվում է նաև փայտի փորագրությամբ,
անգամ շարադրության մրցույթում գրավել է երկրորդ տեղը:
Հատված Վիգենի շարադրությունից,
որը ստացել է երկրորդ մրցանակը:
«Այս տողերը,
որ Դուք կկարդաք, գրում եմ կալանավայրից: Ճակատագիրն ինձ հետ դաժան վարվեց, չնայած
դրան ես շատ եմ փորձում հաղթահարել այդ դժվարությունները,
որովհետև ես կյանքում շատ ձգտումներ ունեմ, որոնց ես պետք է հասնեմ հանուն իմ ծնողների,
որպեսզի նրանց համար լինեմ այն որդին, որին նրանք կյանքում երազում էին տեսնել…»:
Քրեակատարողական հիմնարկում
գործող Սոցիալական-հոգեբանական և իրավական բաժնի պետ Նունե Միքայելյանը, ով մեծ պատրաստակամությամբ
ուղեկցում էր ինձ հիմնարկում գտնվելուս ամբողջ ընթացքում, պատմեց, որ Վիգենը այստեղ
շատ է փոխվել. «Նա սկզբում շատ էր չարացած, ամենաանհնազանդ երեխաներից էր: Սակայն մեկ
տարվա ընթացքում նա անճանաչելիորեն փոխվեց ինչպես մեր բաժնի աշխատակիցների շնորհիվ,
այնպես էլ հենց ինքն իր: Վիգենն սկսեց այլ կերպ նայել կյանքին»:
No comments:
Post a Comment