Showing posts with label կալանավայր. Show all posts
Showing posts with label կալանավայր. Show all posts

Monday, January 7, 2013

Այս չորս պատը չէ իմ ապագան, ինչո՞ւ իզուր տարիները կորցնեմ

Այս  կրթօջախը տարբերվում է մյուսներից իր սաներով. Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանում ուսուցանում են բացառապես բանտարկյալները:

Աբովյանի քրեակատարողական հիմնարկի` փշալարով պարուրված բարձր պարիսպների ներսում կանայք և անչափահաս ուսանողները սովորում են ինչպես փայտի կտորը վերածել արվեստի նմուշի, ինչ մասերից է բաղկացած տրակտորը կամ էլ ինչպես արդեն մաշված անդրավարտիքից կարել պայուսակ:

Յուրաքանչյուր սան լսարան մտնելիս բացի տետրն ու գրիչը իր հետ բերում է նաև իր անցյալը, որը դասախոսները մոռանալ պարզապես իրավունք չունեն: «Այստեղ ոչ ոքի ստիպել չես կարող սովորել, իր իրավունքն է, կարող է չսովորել: Եվ հենց դա մեծ դժվարություն է ստեղծում մեզ համար»,- ասում է ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:

19-ամյա Վիգենը արդեն երեք տարի է` կալանավայրում է: Նա միակն է քրեակատարողական հիմնարկում, որ սովորում է բուհում` Մովսես Խորենացու համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության հեռակա  բաժնում: Դասախոսները գալիս են այստեղ և դասավանդում են իրենց միակ ուսանողին:
Քանի որ բարձրագույն կրթություն ստանալը վճարովի հիմունքներով է իրականացվում, ոչ բոլոր բանտարկյալներն են կարողանում սովորել բուհում: Փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ցավով նշում է, որ պետական ոչ մի բուհ չհամաձայնեց մեզ մոտ դասավանդել:

Վիգենի ծնողներն էլ մեծ դժվարությամբ են վճարում իրենց որդու ուսման վարձը, իսկ նա դեռ երկրորդ կուրսում է: 19-ամյա պատանին ցանկանում է դառնալ հաշվապահ. «Ես հասկացել եմ, որ այս չորս պատը չէ իմ ապագան, ինչո՞ւ իզուր այս տարիները կորցնեմ: Մեկ տարի հետո դուրս եմ գալու և մեծ նպատակներ ունեմ»,- ասում է Վիգենը:

Նա հասկացել է. բազմակողմանի զարգացվածությունը շատ կարևոր է, այժմ էլ սովորում է քոլեջի գյուղատնտեսական արտադրության բաժնում. համոզված է, որ գիտելիքները նրան հետագայում կօգնեն վարել հաշվապահություն նաև գյուղատնտեսության ոլորտում: Բացի ուսուցումը Վիգենն զբաղվում է նաև փայտի փորագրությամբ, անգամ շարադրության մրցույթում գրավել է երկրորդ տեղը:

Հատված Վիգենի շարադրությունից, որը ստացել է երկրորդ մրցանակը:
«Այս տողերը, որ Դուք կկարդաք, գրում եմ կալանավայրից: Ճակատագիրն ինձ հետ դաժան վարվեց, չնայած դրան ես շատ եմ փորձում հաղթահարել այդ դժվարությունները, որովհետև ես կյանքում շատ ձգտումներ ունեմ, որոնց ես պետք է հասնեմ հանուն իմ ծնողների, որպեսզի նրանց համար լինեմ այն որդին, որին նրանք կյանքում երազում էին տեսնել…»:

Քրեակատարողական հիմնարկում գործող Սոցիալական-հոգեբանական և իրավական բաժնի պետ Նունե Միքայելյանը, ով մեծ պատրաստակամությամբ ուղեկցում էր ինձ հիմնարկում գտնվելուս ամբողջ ընթացքում, պատմեց, որ Վիգենը այստեղ շատ է փոխվել. «Նա սկզբում շատ էր չարացած, ամենաանհնազանդ երեխաներից էր: Սակայն մեկ տարվա ընթացքում նա անճանաչելիորեն փոխվեց ինչպես մեր բաժնի աշխատակիցների շնորհիվ, այնպես էլ հենց ինքն իր: Վիգենն սկսեց այլ կերպ նայել կյանքին»: