«Երեխայի համար մայրենին լեզուն այն լեզուն է, որով նա խաղում է»
|
«Սիրում եմ քեզ հայոց լեզու,
մայրիկիս պես անուշ ես դու...» |
«Սիրում եմ քեզ հայոց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու...»,- արտասանում էր փոքրիկ Արսենն իր առաջին հայերեն բանաստեղծությունը... Նա նոր է սկսել հաճախել Չեխիայի հայկական շաբաթօրյա դպրոցը և դեռ հայերեն չգիտի...
Պրահայի Ցելետնա փողոցի վրա գտնվող Կառլովի համալսարանի մասնաշենքում է տեղավորված հայկական դպրոցը, որն արդեն հատել է իր տասնամյակը։ «Թեև դպրոցը գտնվում է կենտրոնում, բայց ծնողներից շատերի համար հաճախ դժվարություն լինում է երեխաներին բերել այստեղ»,- ասում է դպրոցի կոորդինատոր Արմեն Քոլոյանը, որն աշխատում է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնում։
Դպրոցի երեք դասարաններում այժմ սովորում է 20-25 աշակերտ։ Այստեղ դասավանդվում է միայն հայոց լեզու և գրականություն, նաև լինում են հայոց պատմության մասին զրույցներ։ «Հստակ ծրագիր չկա, դանդաղ գնացող գետ է, ով ուզում է, նավակում գտնում է իր տեղը»,- ասում է Ա.Քոլոյանը, ում երկու դուստրերը գտնվում են այդ նավակում։
Նա արդեն 2 տարի է` նամակագրական կապի մեջ է Հայաստանի կրթության նախարարության հետ։ Դպրոցը գրանցված է այնտեղ, անգամ խոստացել են ապահովել դասագրքերով։ «Իմ փորձից ելնելով եկել եմ այն եզրակացության, որ պետք է ստեղծել հատուկ դասագրքեր սփյուռքահայության` մանավանդ կիրակնօրյա դպրոցների համար։ Այստեղի երեխաներին պետք է գրականության և պատմության սեղմ դասագրքեր, սակայն նախարարությունը դա չի ընդունում։ Ստիպված մենք ենք խմբագրում»,-հայտնեց Ա.Քոլոյանը։
Դժվար է բաժանել երեխաներին ըստ դասարանների։ «Ես կարծում եմ` ոչ մի համայնք չի կարողանում դա անել, քանի որ երեխաների գիտելիքները շատ տարբեր են։ 15 տարեկան տղան կարողանում է խոսել հայերեն, բայց գրել-կարդալ չգիտի։ Նա չի նստի 6-7տ. երեխաների կողքին, որ տառերը սովորի։ Այդ իսկ պատճառով երեխաներին գերադասեցինք բաժանել ոչ թե ըստ գիտելիքների, այլ ըստ տարիքի»,- ասում է Ա.Քոլոյանը։
«Հայաստանում ես աշխատում էի 35 աշակերտի հետ և ինձ համար հեշտ էր, քանի որ նրանք բոլորը համարյա նույն մակարդակի էին, իսկ այստեղ տարբերությունն ավելի ակնհայտ է, և պետք է յուրաքանչյուրի հետ առանձին զբաղվել»,- ասում է 38 տարվա մանկավարժ Լարիսա Գրիգորյանը, ով ութ տարի է` աշխատում է այս դպրոցում։ Նա դպրոցի 3 ուսուցիչներից միակն է, ով դեռ Հայաստանում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Չեխիայի հայկական համայնքը` մոտ 12.000 մարդ, երկար պատմություն չունի. հիմնականում անկախության տարիների ընթացքում եկածներն են։ 90-ականներին այստեղ ավելի շատ էին հայերը։
«Շատ վաղուց` 1996թ., համայնքում կային «տղերք», որոնք ոչ օրինական գործեր էին անում, ունեին երեխաներ և իրենց պատկերացումն ունեին թասիբի մասին. «ախպեր, մենք էստեղ պիտի ունենանք հայկական դպրոց, եկեղեցի»։ Քանի որ իրենք չէին կարող ինքնուրույն հիմնել, որոշվեց դիմել «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին, որպեսզի օգնենք։ Այդպես ես սկսեցի զբաղվել այս գործով։ Այդ «տղերքից» մեկն էլ երկու ճամպրուկ գրքեր ուղարկեց, որն այդ պահին մեծ օգնություն էր, թեև հիմա նրանք արդեն վաղուց մաշվել են և այլևս պիտանի չեն օգտագործման համար»,- հիշում է Ա.Քոլոյանը։
Այդ ժամանակ որոշ չեխ գիտնականների հետաքրքիր էր հայկական մշակույթը և նրանց աջակցությամբ Կառլովի համալսարանը նվիրատվությամբ տրամադրեց տարածք։ Եվ մինչև այժմ հայկական դպրոցն անօրինական ձևով շարունակում է մնալ այստեղ առանց որևէ փաստաթղթի։
«Սակայն ես երախտապարտ եմ այս տարածքի համար, քանի որ տարածք չլինելու դեպքում դպրոց ստեղծելու մնացած բոլոր խոսակցություններն ուղղակի անիմաստ են»,- ասում է Ա.Քոլոյանը։
Եվ արդեն երկար տարիներ ամեն շաբաթ Պրահայի ամենահայտնի համալսարանի դատարկ մասնաշենքում աղմկում է հայերենը, չեխերենը։ Ընդմիջման ժամանակ երեխաները միմյանց հետ խոսում են չեխերեն։ «Իզուր են մեր նկատողությունները. ես որպես մասնագետ կարող եմ ասել, որ երեխայի համար մայրենին լեզուն այն լեզուն է, որով նա խաղում է»,- ցավով ասում է Ա.Քոլոյանը։
«Երեխաները շաբաթվա ընթացքում մոռանում են հայերենը։ Շատ ընտանիքներում հայրն է հայ, մայրը` այլազգի, և տանը հազվադեպ են խոսում հայերեն։ Շաբաթվա ընթացքում սա միակ օրն է, երբ երեխան հայերեն է խոսում»,- Ծովինար Բեյբությանը`դպրոցի փոքրերի խմբի ուսուցչուհին։
Ուսուցչուհի Անժելա Դադայանի դասարանում սովորում է 8 աշակերտ։ 12-ամյա Հայկ Առաքելյանը մի տարի է` Չեխիայում է, մինչ այդ 7 տարի ընտանիքով ապրել են Մոսկվայում։ Հայերենը սովորել է այս դպրոցում. այժմ խոսում է կոտրված հայերենով։
11-ամյա Մոնիկան ծնվել է Չեխիայում և հայերեն չգիտեր, այստեղ սովորել է հայերեն գրել, կարդալ։ Նրան դպրոց է ուղեկցում քույրը` նախկին աշակերտներից 21-ամյա Գոհար Հարությունյանը։
Նայում է իր աշակերտներին Անժելա Դադայանը և ժպտալով ասում. «Երեխաների աղավաղված հայերենը, սովորելու ձգտումը... շատ հրապուրիչ է, շատ ոգևորող և նաև շատ տխուր»
...Սըսսս, դասն սկսվեց. տերունական աղոթք, հետո մանկական թոթովանքով հնչեց հայկական այբուբենը...