Showing posts with label հաշմանդամ. Show all posts
Showing posts with label հաշմանդամ. Show all posts

Monday, August 15, 2011

Մոտոցիկլետով Հայաստան՝ հանուն հաշմանդամների




Հենց այս նպատակով են այս երկու երիտասարդները Լեհաստանից եկել Հայաստան, որպեսզի հաշմանդամների խնդիրները բարձրացվեն, և ամենակարևորը՝ փորձի փոխանակումն է երկու երկրների մասնագետների միջև:

Նրանցից մեկը՝ Արկադիուշ Տոնաշիակը, աշխատում է Լեհաստանի «Եղբայր Ալբերտի» անվան հիմնադրամում, որի ղեկավարը հայ կաթոլիկ եկեղեցու քահանա Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին է: Արկադիուշը զբաղվում է սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների հարցերով և երկար է փնտրել մոտոցիկլետ վարող հաշմանդամ Մաչեյ Բանաշեքին, որը համաձայնել է  Լեհաստանից մոտոցիկլետներով գալ Հայաստան:

Մաչեյը, ով չունի մի ոտք, ստացել է իր վարորդական իրավունքը հաշմանդամ դառնալուց հետո: «Շատ կարևոր է, որ Մաչեյը ինձ հետ է, քանի որ հաշմանդամները, նրան տեսնելով, ցանկանում են նմանվել նրան, լինել նրա նման ակտիվ»,- ասում է Արկադիուշը:

Երիտասարդները թեև ընդամենը մեկ շաբաթ են մնացել այստեղ, սակայն հանդիպել են բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սահմանափակ կարողություներով տեր մարդկանց հետ, դրանցից է «Սկարպ» հկ-ն, որն ունի հաշմանդամների բասկետբոլի թիմ:

Հայաստանում լեհ տղաներին զարմացրել է 3 փաստ 

«Ինձ շատ զարմացրեց Երևանը, որը շատ մոդեռն քաղաք է: Մեր ղեկավարն անընդհատ ասում էր, թե այստեղ պայմանները լավը չեն: Ես անգամ գրեցի նրան, թե ինչու էր այդպես փնովում Երևանը: Ես շատ անգամներ եմ եղել փոքր հյուրանոցներում՝ հոսթելներում: Եվ Երևանի հոսթելը ինձ շատ զարմացրեց. իսկական եվրոպական ոճ է»,- նշում է Արկադիուշ Տոնաշիակը:

Իսկ Մաչեյ Բանաշեքին շատ են զարմացրել… հայ աղջիկները: «Լեհաստանում միշտ խոսվում է, որ լեհ աղջիկերը ամենագեղեցիկն են, սակայն այստեղ հասկացա, որ հայ աղջիկները շատ ավելի գեղեցիկ են»,- ասում է Մաչեյը, որը ամուսնացած է և երեխա ունի:

Սակայն նրանց երկուսին ամենից շատ զարմացրել է, որ Երևանում այսօր մեծ տեմպով իրականացվող շինարարության ընթացքում հաշվի չեն առնվում նաև սահմանափակ կարողություններով տեր մարդկանց տեղաշարժման հարցերը:

Tuesday, July 26, 2011

Հաշմանդամները ուժեղ մարդիկ են


Թեքահարթակի փոխարեն տեղադրված տարբեր տեսակի տախտակների վրայով մի կերպ անցնելով` 26-ամյա Սևակ Մխիթարյանը հայտնվեց բասկետբոլի խաղադաշտում, որտեղ սպասում էին նրա հաշմանդամ մյուս ընկերները:
Արդեն վեց տարի գործում է «Փյունիկ» հասարակական կազմակերպության բասկետբոլի թիմը, որին Սևակը անդամակցում է ստեղծման առաջին օրվանից: Այժմ ընդամենը յոթ հոգով են պարապմունքներն անցկացնում:
«Լուրջ խնդիր են սայլակները, որոնք շատ թանկ են: Կցանկանայի, որ մեր բարերարները օգնեին, որ սայլակներ ձեռք բերեինք` մրցումներին մասնակցելու համար»,- ասում է Սևակը:
17 տարեկան էր Սևակը, երբ ավտոմեքենայի գազի բալոնից կենցաղային բալոնի մեջ գազ լցնելուց առաջացած պայթյունի պատճառով կորցրեց երկու ոտքը
«Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում, անգամ չէի ուզում իջնել դուրս, ամաչում էիբայց հետո ամեն ինչ փոխվեց: Շփվեցի բասկետոլի պարապմունքի տղաների հետ և զգացի, որ ամեն ինչ լավ է, և կյանքը շարունակվում է»,- հիշում է Սևակը:
Մինչև հաշմանդամ դառնալը Սևակն անգամ չգիտեր, որ Հայաստանում կա առագաստանավային սպորտ: 2007թ.-ից սկսեց զբաղվել նաև այդ մարզաձևով: «Հիանալի սպորտ է, ադրենալինով լի…»,- ժպտում է Սևակը:
Այս տարի հուլիսի 3-8-ը առաջին անգամ Սևակը Հայաստանի թիմի հետ մասնակցեցին հաշմանդամների առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Անգլիայի Վերմուտ քաղաքում: Հաղթանակ չբերեցին, բայց Սևակը գոհ է. «Այստեղ են ասել, որ մասնակցությունն է կարևոր»:
Նա սովորել է Աբովյան քաղաքի Օրբելու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն աշխատանք չի գտնում: Շատ տեղեր է դիմել, սակայն ապարդյուն:
Սևակի որդին արդեն մեկ տարեկան է, և հոր միակ ցանկությունն է. «որդուս համար անել այն, ինչ իր սիրտս ուզում է, բայց չեմ կարողանում»:
Նա ստանում է ամսական ընդամենը 14.500 դրամ թոշակ, սակայն նրան ավելի վրդովեցնում է հասարակության վերաբերմունքը:
«Վերջերս որ Անգլիայում էինք, ոչ ոք չէր նկատում, որ սայլակով մարդ կա, իսկ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ այն է, որ եթե մարդը հաշմանդամ է, ուրեմն ինքը մեղք է»,- ասում է Սևակը և համոզված հավելում. «Պետք չէ խղճահարությամբ նայել հաշմանդամներին. նրանք ուժեղ մարդիկ են»: