Արդեն 2 տարի հետո Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի բակում, աշտարակ կկառուցվի: Դեռևս փետրվարին Հայաստանի քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հարցազրույց, որտեղ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում է այս մասին:
Մինչդեռ հասարակությունն այդ մասին իմացավ միայն այն բանից հետո, երբ մի խումբ «աչալուրջ» երիտասարդներ, կարդալով վերոնշյալ տեղեկատվությունը, ստեղծեցին «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին դադարեցնել այդ թմբուկի կառուցումը:
Աշտարակը կլինի 50 մետր բարձրությամբ և շուրջ 30 մետր տրամագծով, այսինքն՝ փոքր–ինչ բարձր կլինի ազգային պատկերասրահի շենքից, ինչը համապատասխանում է մոտ 13—14 հարկ ունեցող շինության բարձրությանը։
Կայքում տպագրված հոդվածում պարզ ակնարկվում է այն փաստը, որ աշտարակը կառուցելուց հետո քանդվելու է Ազգային պատկերասրահի շենքը: «Այս թեմայով Ն. Սարգսյանն այսօր խոսել չի ցանկանում, քանի որ գիտի, որ հայ մարդը պահպանողական է, բոլորի աչքն էլ տասնամյակներ շարունակ սովորել է այդ շինությանը, բայց միայն մասնագետները գիտեն, որ դա իր տեղում չէ։ Բացի այդ, մեզանում ընդունելի չէ «դեռ չկառուցած՝ քանդում են» գործելաոճը»:
Ինչպես նշում է Նարեկ Սարգսյանը, աշտարակը նախագծել է դեռևս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: 10 միլիոն դոլար արժողությամբ շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
«Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված աշտարակի իրականացումը ժամանակավրեպ է և անտեղի: Հանրապետության հրապարակի համալիրն այսօր տարբերվում է Թամանյանի կողմից նախագծված հրապարակից, և աշտարակի կառուցման հետևանքով կխախտվի հրապարակի համաչափությունը»,- նշեց «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Մանե Թամանյանը:
Նախաձեռնության անդամներին վրդովեցնում է նաև այն փաստը, որ չի պահպանվել ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջը. քաղաքաշինական նման խոշոր ծրագրի իրականացումից առաջ պետք է իրականացվեն հանրային, ինչպես նաև մասնագիտական քննարկումներ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել: Նրանք պահանջում են, որ իրենց ներկայացնեն փաստաթղթեր, ըստ որոնց ընդունվել է այս որոշումը:
«Երևան նախագիծ» ինստիտուտի արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը հայտնեց, որ թեև ինքը տեղյակ չէ շինության նախագծին, սակայն դեմ չէ կառուցմանը, եթե պահպանվի թամանյանական նախագիծը:
«Մենք այսօր ունենք ավարտուն տեսք ունեցող հրապարակ, որին չի խանգարի թամանյանական հորինվածքի թմբուկը, սակայն թե այսօրվա նախագծած թմբուկը ինչքանով է համապատասխանում, պետք են լուրջ քննարկումներ,- ասում է վաստակավոր ճարտարապետը և հավելում,- Հրապարակի շրջապատի շենքերն այնպես են մեծացել, որ հրապարակը կորցնում է իր ամբողջական տեսքը: Թամանյանական թմբուկը խիստ ցանկալի է, քանի որ կօգնի հրապարակին «բարձրանալ»»:
No comments:
Post a Comment