Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, և մարտի դաշտ գնալու հարցը բարձրացավ, համալսարանի մի խումբ դասախոսներ, որոնց շարքում էր քիմիկոս Հելբիկ Հակոբյանը, դիմումներ գրեցին պատերազմ գնալու համար: Սակայն նրանց մերժեցին. դեռ ժամանակը չէր:
Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ
Եվ սկսվեց մեկ այլ պատերազմ, բայց ոչ մարտի դաշտում: Արցախյան պատերազմի սկզբում հայ զինվորները չունեին հաղթանակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ զենքը: Զինամթերքի ներկրում հնարավոր չէր իրականացնել, և սկսվեց զինամթերքի տեղական արտադրություն:
Պատերազմի տարիներին Մոսկվայում այրման պրոցեսների հետազոտման լաբորատորիայի ղեկավար Հովհաննես Դավթյանի աջակցությամբ պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում ստեղծվեց լաբորատորիա, որի ղեկավարն էր քիմիայի ամբիոնի դասախոս, գիտաշխատող Հելբիկ Հակոբյանը:
Այդ քիմիական լաբորատորիայում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ, որը կառավարվող հրթիռի ստեղծման նախապայմանն է: Հելբիկ Հակոբյանի ղեկավարած լաբորատորիայում զինամթերքի տարբեր տեսակներ էին պատրաստվում: Ստեղծվեց անծուխ այրում ապահովող նյութ, որը տեղադրվում էր ծխախոտի տուփի չափ արկղիկի մեջ: Այրվելով ամբողջ գիշեր՝ արկղիկը չէր թողնում զինվորներին մրսել:
Պետական ազգային անվտանգությունը (ՊԱԿ) ամեն կերպ խանգարում էր, և այդ ամենը կատարվում էր հնարավորինս գաղտնի:
Լաբորատորիայում երկար ժամանակ չարչարվեցին, որպեսզի ստեղծեն գերհզոր ռումբ, սակայն դրա համար պետք էր մաքուր բենզին: Ճակատագրի քմահաճույք. Նման բենզին կարելի էր ճարել միայն Ադրբեջանից, այդ իսկ պատճառով հնարավոր չեղավ ստեղծել այդ ռումբը:
«Այդ ժամանակ չի եղել մի դեպք, երբ որևէ գործարանի դիմենք ինչ-որ հարցով և մերժում ստանանք: Զինամթերքի տարբեր մասեր տարբեր գործարաններում էին արտադրվում: Հրթիռների կորպուսներ, պայթուցիկներ ենք պատվիրել, պատրաստել են առանց որևէ գումարի»,- հիշում է ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր Նորիկ Գալստյանը:
Նրա սիրտը հայրենասերի սիրտ էր
Արցախյան շարժումը, ամենօրյա միտինգները, Ղարաբաղյան պատերազմը… Հելբիկ Հակոբյանը խորապես ապրում էր այդ ամենը: Այդ ամենն էլ պատճառ դարձավ նրան, որ 1990թ. նա սրտամկանային կաթված ստանա (ինֆարկտ), անգամ կլինիկական մահ տարավ:
«Մեր հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում էինք երկրի քաղաքական իրավիճակը, ինչին կբերի այս շարժումը: Այն ժամանակ բոլորս ավելի լավ էինք պատկերացրել, քան հիմա ունենք: Մի գուցե այն ժամանակ ավելի հեշտ է թվացել երկիր ստեղծելը… իրականում դա շատ բարդ է… »,- հիշում է Հելբիկ Հակոբյանի ամենամոտ ընկերը, համակուրսեցի Սուրեն Խառատյանը:
«Բուռն մարդ էր, չէր վախենում իր մտքերը արտահայտել, համարձակ էր, ակտիվ էր, սրտամոտ էր, և ամեն ինչ շատ ապրումներ էր ունենում խորը, մանավանդ եթե հարցը վերաբերում էր հայրենիքին: Նրա սիրտը հայրենասերի սիրտ էր»,- ասում է Ռոմիկ Հարությունյանը:
Ընտանիքով |
«Հելբիկը գաղտնապահ էր իր աշխատանքում: Ավելի շատ իր մահից հետո իմացանք, որ իր զենքն այդքան օգտակար է եղել պատերազմի ժամանակ: Բայց իր ընտանիքին ինչ տվեց, ինքը գնաց, կորավ՝ մեզ միայնակ թողնելով: Ծանր տարիներն էին, երեք երեխաներին միայնակ մեծացրել եմ»,- հիշում է այդ օրերը կինը՝ 59-ամյա Անահիտ Սահակյանը: Նա դիմել է տարբեր կառույցների, սակայն օգնեց միայն Եգիպտոսի հայ համայնքը, քանի որ մայրը եգիպտահայ է. Հայաստանը չօգնեց, Եգիպտոսն օգնության հասավ:
«Ես հորս մասին ավելի շատ իմացել եմ համալսարանում աշխատող դասախոսներից, իր ընկերներից, քան մեր տնից»,- ասում է Հելբիկ Հակոբյանի որդին՝ Արամը, որը հավաստում է. ԵՊՀ քիմիական ֆակուլտետի նկուղներում մինչև այժմ էլ հետքերը մնում են, որ պատերազմի տարիներին այդտեղ գաղտնի լաբորատիրա է եղել:
Նրա երեք երեխաներից երկուսն ընտրել են հոր ուղին՝ քիմիկներ են: «Շատ հոգատար հայր էր. թեև դպրոցը մոտիկ էր, բայց միշտ մեքենայով գալիս էր դիմավորելու: Երաժշտական դպրոց էր տանում ժամերով սպասում, թե երբ կգամ, դասեր էր օգնում»,- պատմում է մեծ դուստրը՝ Արմինեն:
1992թ. արյան քաղցկեղից մահացավ 43-ամյա Հելբիկ Հակոբյանը: Քիմիկ ընկերները համոզված են. Հելբիկ Հակոբյանի հիվանդությունը կախված չէր այդ զինամթերքի արտադրության հետ: 10 ամիս պառկած էր հիվանդ, 3-ամյա դուստրը՝ Գոհարիկն էր նրան զբաղեցնում. միշտ ասում էր. «Գոհարիկն իմ դեղն է»:
Յուրաքանչյուրը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն ավելի օգտակար է
«Դժվար է ասել, թե որտեղ էր ավելի անհրաժեշտ. սա էլ էր պետք, այն, ինչ արել էր Հելբիկը, մենք: Շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ այստեղ փորձարկումների ժամանակ ոչ միայն վիրավորվել են, այլ նաև կյանք են կորցրել: Յուրաքանչյուրը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն ավելի օգտակար է»,- համոզված է ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Ռոմիկ Հարությունյանը:
Մի քանի տարի հետո, երբ հնարավոր եղավ արդեն ներկրել զինամթերքը, ամբողջությամբ դադարեցվեց զինամթերքի տեղական արտադրությունը: «Ինքնաշեն ավտոմատները կարող էին կրակել միայն 1500 հատ, որից հետո վտանգավոր էին դառնում»,- ասում է Նորիկ Գալստյանը:
«Սիրողական մակարդակով զենք արտադրելը ճիշտ չէ,- ասում է հիշում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, պրոֆոսոր Սուրեն Խառատյանը:- Այժմ՝ այսքան տարիներ հետո, թվում է՝ մանկական խաղ, բայց մարդիկ զբաղվում էին, ստեղծում էին, որովհետև այդ պահին անհրաժեշտ էր»:
BAREV , YES CONNECT.AM PORTALI U ARMBLOGROLL BLOGERNERI KAZMAKERPUTYAN TNORENN EM UZUM EQ DZER BLOGOV MTNEL MER TIM ? http://www.facebook.com/profile.php?id=100001123394803 AHA IM PROFIL@ FACEBOOKUM ETE HETAQRQREC ARAJARK@ GTEQ INDZ
ReplyDeleteՄանե ջան շնորհակալ եմ հոդվածի համար: Այսքան տարիներ անց վերջապես Ձեր շնորհիվ մի հոդված գրվեց հորս և այն մարդկանց մասին, որոնք զբաղվել են այդ գործով: Շնորհակալություն
ReplyDeleteԹեմայից դուրս բայց ասեմ, ուղղակի հետաքրքիր ևս մեկ փաստ:Ելի եմ կրկնում չի վերաբերվում թեմային ուղղակի ելի մենք ենք եղել դրանում առաջինը:Հայերը ունեն նաև մի այլ շատ մեծ հայտնագործություն, որից օգտվում են բոլոր երկրները, որոնք ծովում կամ ջրի վրա նավթ են ստանում:Մերոնք են հաշվարկել ու ստեղծել առաջին անգամ այդ պլատֆորմների ստաբիլիզացման համակարգը:Կրկնում եմ ՀԱՅԵՐԸ առաջինն են եղել:
ReplyDeleteՇնորհակալություն ջերմ խոսքերի համար, Արամ ջան, իմ արածն այնքան չնչին է քո հոր և նրա ընկերների առածի համեմատ...
ReplyDeleteԵթե խնդրեմ, ավելի չեք մանրամասնի?, ինչ պլատֆորմների ստաբիլիզացման համակարգ է?
ReplyDelete