Wednesday, August 1, 2012

Տերևային ճանապարհ

Արդեն աշուն էր, և տերևները հոգնել էին իրենց կանաչ հագուստից: «Ախր ամեն օր նույն հագուստով ենք, ձանձրալի է»,- սոսափում էին նրանք: Քամին նրանց սոսափյունը հասցրեց նորին մեծություն Բնությանը:
Լուռ ժպտաց Բնությունը և դիմեց Երկնքին, որ իր անհատակ կապույտից մի քիչ տա տերևներին: Սակայն խռովկան Երկինքը ոչ թե տվեց, այլ վերցրեց կապույտը տերևների զգեստներից, որովհետև ուզում էր լինել եզակի։
Ա՛յ քեզ զարմանք, տերևների զգեստները դարձան դեղին: Տերևները` անսովոր իրենց նոր հագուստին, սկսեցին դժգոհել, քանի որ մրսում էին ավելի նուրբ զգեստների մեջ: Բամբասկոտ Քամին մի ակնթարթում լուրը հասցրեց նորին մեծություն Բնությանը:
Ներողամիտ ժպտաց Բնությունը և դիմեց Արևին, որ իր անսահման ջերմությամբ պարուրի տերևներին, որ չմրսեն: Բարեսիրտ Արևն այնպես ջերմացրեց տերևներին, որ ինքն էլ զարմացավ, թե ինչպես տերևները դարձանկարմիր: Սակայն այս հագուստից էլ շուտ հիասթափվեցին ամեն ինչից դժգոհ տերևները և պահանջեցին Բնությունից ավելի շքեղ հագուստ:
Մռայլվեց Բնությունը. ոչ ոք չի կարող պահանջել ոչինչ: Նա արգելեց Արևին ջերմացնել տերևներին: Սակայն Արևը այս անգամ որոշեց չլսել Բնության հրամանը և նրանից թաքուն շարունակեց ջերմացնել տերևներին: Այդ տեսավ ամենատես Քամին և սուրաց Բնության մոտ
Խիստ բարկացավ Բնությունը. հրամայեց ամպերին ծածկել Արևին և այլևս չթողնել, որ նա լուսավորի աշխարհը: Գորշ ամպերը պատեցին ամբողջ երկինքը և բարեսիրտ Արևը այլևս չէր կարողանում ջերմացնել փոքրիկ տերևներին: Տերևների գունզգույն զգեստները մի ակնթարթում խունացան, դարձան փխրուն և փշրվեցին ամենուր իր քիթը խոթող Քամու հպումից անգամ: Այլևս չկային նրանց կանաչ հագուստներն, որոնցով կարողանում էին ամուր կառչել մայր ծառից և դիմադրել Քամու ցանկացած հարվածի: Մեկը մյուսի հետևից ընկնում էին տերևները: Հետզհետե ծառերը մերկացան: Խնդրեցին ամաչկոտ ծառերը նորին մեծություն Բնությանը, որ նա նոր զգեստով ծածկի իրենց մերկությունը:
Լուռ մտածում էր Բնությունը. չէ՞ որ ամպերով ծածկված Արևը չէր կարողանում տաքացնել համայն աշխարհը: Ցուրտ էր, և նոր ծնված տերևները չէին կարող դիմանալ անհոգի Քամուն: Հուշեցին աստղերը. նրանք ամպերին խնդրեցին աստղեր դարձած իջնել ներքև և ծածկել ամոթից ու ցրտից դողացող ծառերին: Աստղեր դարձած ամպերը քուլա-քուլա իջնում էին ներքև: Արար աշխարհը պարուրվեց ճերմակ աստղե ամպով։ Ծառերն այլևս չէին մրսում, չէ՞ որ նրանք ունեին նոր սառցե տաք վերարկուներ:
Մանկան նման ուրախացել էր Բնությունը: Սակայն ամպերը սպառվեցին` անընդհատ աստղե փաթիլներով ծածկելով աշխարհը: Ամպերի կալանքից վերջապես ազատված շողշողաց Արևը լազուր երկնքում և իր ճառագայթներով ջերմացրեց համայն աշխարհը:
Ջերմացած ծառերի ճյուղերը հագան կանաչ զգեստով տերևները, և բնությունն արթնացավ։ Սակայն մանուկ տերևները չէին կարող լսել իրենց ծնողներին, որոնք զոհվել էին` դժգոհելով իրենց կանաչ հագուստից։ Այդ պատճառով էլ չանցած կես տարի նրանք էլ սկսեցին ձանձրանալ իրենց զգեստներից և այդ մասին պատմեցին բամբասկոտ Քամուն։
Եվ ամեն ինչ կրկնվեց նույնությամբ և կրկնվում է մինչև այժմ։

Tuesday, July 3, 2012

Կորցրած ժպիտ


Երբ քեզ հարցնում էի, թե ինչն ես սիրում իմ մեջ, դու միշտ պատասխանում էիր. «Ժպիտդ... շատ անկեղծ է... Դու երբեք չես ժպտում, երբ չես ուզում, դրա համար այն միշտ անկեղծ է»:

Հիմա դու էլ չկաս, դու քեզ հետ վերցրել ես ամենաթանկ իրերը. հիշողություններս, հույսս և իմ ժպիտը...

Հիմա ես ժպտում եմ ամեն օր, և դու չկաս, որ տեսնես. ժպիտս մենակ է. անկեղծությունն էլ նրան է լքել:

Կարոտը կորցրածը գտնելու վերջին հույսն է, իսկ իմ հույսը հիմա գլխատված խոտի բույր ունի:
Սիրելը պարտվելու արվեստ է, որտեղ չպետք է վախենալ պարտվելուց, չվախենալ լինել խոցելի... Հիմա էլ խոցելու տեղ չկա:

Կյանքը ստիպում է մեզ որոշ բաներ անել ինքնակամ...

Friday, June 22, 2012

Ինչպես Կոլյա дядя-ն ասաց` իմ վրայից արդեն օդի հոտ է գալիս



«Երկնքում հայտնվածները տարբերվում են մյուսներից. Ձեր վրայից արդեն օդի հոտ է գալիս»,- ասում է Կոլյա дядя-ն, որը սրտացավորեն հետևում է յուրաքանչյուր պարաշյուտիստի վայրէջքը:

Պարաշյուտով թռնել երազել եմ երկար տարիներ, մանավանդ երբ կանգնած էի լինում բարձրահարկի տանիքին և ցանկանում էի ցատկել: Այդ պահերին լսում էի միայն «Զգույշ, չընկնես, հետ արի»: Իսկ հիմա ես ուղղաթիռում եմ, և ինձ տրված է հրաման` «Թռիր»: 

Իսկ ներքևում դատարկություն է և լիքը տներ, շունչդ կտրվում է հուզմունքից, և քամին դաղում է դեմքդ... Ու դու երջանիկ ես, քանի որ զգացել ես... օդի բույրը...

Յուրաքանչյուրս հավաքում է իր պարաշյուտը
Ստուգարք նախապատրաստությունից հետո
Երեք րոպե տևած թռիչքն ուներ իր փուլերը.
  • Քայլ դեպի դատարկություն 800մ բարձր երկրից կամ 3մետր բարձր երկնքից
  • 3 վայրկյան ազատ անկում, երբ զգում ես, որ կյանքդ քեզնից առաջ է ընկել
  • Բացված պարաշյուտով պտտվում ես օդերում, և քեզ թվում է` պարաշյուտի թելերը այնքան ամուր են կապված ամպերից, որ դու չես շարժվում
  • 200մ բարձր երկրից. սկսում ես լսել Կոլյա  дядя-ի ձայնը. «Ոտքերդ միացրու, այ ապրես»
  • 50, 40, 30 մ բարձր երկրից. արդեն զգում ես քո արագությունը (5մ/վ), երկիրը քաշում է, կանչում իր մոտ
  • Գետնի հետ հանդիպում և պարաշյուտի հանգցնում, քանի դեռ այն քեզ հետ ճամփորդության դուրս չի եկել արդեն երկրի վրա...
Ես և իմ պարաշյուտը (աջ կողմում)
Մեր հաղթական թիմը, որը դիմակայեց քամուն
Սպասում ենք մեր հերթին. քամին 6մ/վ է
Պատրաաաաաաաստ
Շքանշան և հարված հետույքին`
ի նշան օդային հաղթանակի:)
Մեր հրահանգիչները, վերջում հանձնելով մեզ պարաշյուտիստների առաջին շքանշանը, թեթև հարվածում են հետույքին, որ ամենաուժեղ հարվածը դա լինի :)))))
Հատուկ շնորհակալություն Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիային

Tuesday, June 5, 2012

Ինչպես....


Google-ը նման է լեզվանի կնոջ. բավական է մի բառ ասես, և նա քեզ կհեղեղի բոլոր հավանական և անհավանական տարբերակները, որպեսզի ապացուցի` քեզնից լավ գիտի քեզ :))
Եվ ինչպես տարբեր ազգերի կանայք տարբեր մտածելակերպ ունեն, այդպես էլ Google-ը, տարբեր լեզուներով նրա տարբերակները կարող են լինել ամենատարբեր...

Sunday, June 3, 2012

Լավագույնը երեխաներին




«Հզոր չիպսեր, հզոր տղաներ», «Օգնեք մեր երեխաներին»... Այս բացականչություններով հունիսի 3-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայ էստրադայի աստղերը կանչում էին պոտենցյալ հաճախորդներին: 
Նրանք մասնակցում էին «Լավագույնը երեխաներին» բարեգործական ակցիային:

Friday, June 1, 2012

Հայկական լավաշի ծնունդը



Մի ինտելեկտուալ խաղի ժամանակ հարց տրվեց. «Ո՞ր ուտեստը կարելի է օգտագործել մի քանի տարբերակով` որպես սփռոց, թաշկինակ, թաթօջախ»: Գիտակները չկարողացան պատասխանել այս հարցին, սակայն երբ սև արկղից հանեցին լավաշը, որը միահամուռ համաձայնեցին, որ հայկական լավաշը արժանի է մեծ գնահատանքի:
Լավաշը թխելիս օգտագործվում է միայն ալյուր, ջուր և աղ: Այն թխվում է թոնիրում, որը փորված է լինում հողի մեջ: Այն լավաշը, որը տաք-տաք չեն ուտում, գյուղացիները թողնում են արևի տակ, որ չորանա: Չոր լավաշը հնարավոր կլինի ամիսներով պահել: Իսկ ուտելիս պարզապես խոնավ սրբիչով փաթաթվում է, և լավաշը դառնում է նույն թարմության:


Monday, May 21, 2012

Եվրոպայի «Երուսաղեմ»- Մակեդոնիայի Օհրիդ քաղաքը

Ամեն ինչ չափազանց մոտիկ է,
կարծես խաղալիք լինի:
 

Հեծանիվները կազմում են
Մակեդոնիայի անբաժան մասնիկը


«Չեմ սիրում եվրոպացիներին, մենք հայերին ավելի շատ ենք նման»,- խոստովանեց իմ նոր ծանոթ մակեդոնացի Ջոկո Զորոսկին:

Եվ իրոք, դեռ ինքնաթիռից Մակեդոնիան դարձավ հարազատ, թեև պատճառը ես հասկացա միայն մեկնելուց... սարերը, կանաչը, լիճը, մարդիկ: Կարծես Հայաստանում լինեի, եթե այն գտնվեր Եվրոպայում:


Առաջին տարբերությունը հեծանիվներն են, որոնք կազմում են Մակեդոնիայի անբաժան մասնիկը. փողոցում հեծանիվով կարելի է տեսնել թե երիտասարդ աղջկա, թե տարեց պապիկի, թե բիզնեսմենի կամ թե դպրոցական տղայի:
Մակեդոնիան իրականում ավելի փոքր է, քան երևում է քարտեզում: Այստեղ ամեն ինչ չափազանց մոտիկ է, կարծես խաղալիք լինի:


Մոտ 5000 տարեկան Օհրիդը, որը գտնվում է Մակեդոնիայի հարավում, փոքրիկ քաղաք է, բայց իր 365 եկեղեցիներով և հնագույն լճերից մեկով հայտնի է ամբողջ աշխարհում: Քաղաքը համարվում է Եվրոպայի Երուսաղեմը և մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ:
Գտնվելով դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ` մակեդոնացիները քանդված եկեղեցիների փոխարեն կառուցել են փոքր մատուռներ, որոնք համարվում են սրբավայրեր:


քանդված եկեղեցիների փոխարեն
կառուցել են փոքր մատուռներ
Ցավոք ոչ բոլոր եկեղեցիները հնարավոր եղավ ներս մտնել, ոչ, պատճառն այն չէ, որ նրանք փակ էին, նրանք պարզապես.... վճարովի էին: 

Օհրիդի լիճը ամենամաքուրն է, որ ես երբևէ տեսել եմ: Հնարավոր է տեսնել մինչև 200 մետր խորությունը:
Ամենահայտնի ձուկը, ես կասեի` ձուկիկը, Պլաշիցան է, որը տեղի ռեստորաններում տրվում է որպես չիպս:

Օհրիդի նեղ փողոցներից մեկում կարելի է գտնել ամենահետաքրքիր վայրերից մեկը. Լյուպչո Պանեվսկին իր ընտանիքի հետ միասին պատրաստում են թուղթ և վրան նկարներ դաջում դեռևս է 16-րդ դարից եկած մեխանիզմով:

Մեկ այլ թուղթ, ես կասեի` նույնիսկ թղթեր ինձ շատ հետաքրքրեցին: Օհրիդում տարբեր պատերի, անգամ ծառերի վրա կարելի էր գտնել մարդկանց մահախոսականներ: Դա հին սովորույթ է Օհրիդում, որն արվում է եկեղեցու կողմից:

Մակեդոնիայի խորհրդանիշը արևն է, որը պատկերված է անգամ դրոշի վրա կարմիր և դեղին գույներով:
Այստեղ ամենուր արևային գույներ են, անգամ ճանապարհային երթևեկության նշանները:





Լյուպչո Պանեվսկին իր ընտանիքի հետ
միասին պատրաստում են թուղթ
 




մարդկանց մահախոսականները
 գրվում են եկեղեցու կողմից







Օհրիդի հազարամյա ծառը
Հնադարյան ամֆիթատրոնը