Friday, May 4, 2012

Ժանգոտած երջանկություն


Հիմա գիշեր է, և ես սպասում եմ այն պահին, որին սպասում են բոլոր նրանք, ովքեր գիշերը բարձրանում են տանիք և նայում են... բայց ոչ երկնքին: Միայն ինքնասպաններն են վախենում ներքև նայելուց. նրանք վախենում են, որ գետինը ավելի հզոր կլինի և կհաղթի նրանց, իսկ ես ընդամենը բարձրացել եմ տանիք և նայում եմ…ոչ երկնքին։
Գետինը սկսում է հաղթել, և ես վերջնականապես պարտվում եմ. նայում եմ երկնքին, որտեղ միայնակ աստղ է, որն ընկնելու տեղ չունի, իսկ ես ունեմ, ընկնե՞մ: Գա՞մ քեզ մոտ, ի՛մ աստղիկ, միայնակ չլինես.. մենակությունը մեկ այլ մենակությամբ են սպանում...
Մոռանամ ամեն ինչ, ամեն ինչ թողնեմ... նրան, սերը, որ ցանկանում է մեռնել, երջանկությունս, որ... ժանգոտել է անգործությունից:
Ո՛չ, աստղ, ես դեռ գործ ունեմ այստեղ. ես պետք է մաքրեմ երջանկությունս այդ ժանգից, որն այսքան տարի իր տաք գրկում պահել է նրան: Իսկ եթե երջանկությանս համար ավելի տաք լինի ժանգի գրկում, քան թե իմ... Կասկածը սկսեց արթնանալ աղմկոտ լռությունից: Նրա՞ն էլ հանգիստ թողնեմ. նա առանց ինձ էլ իրեն լավ է զգում: Երևի բոլոր ինքնասպանները ընկնելուց առաջ մտածում են, որ առանց իրենց երջանկության համար ավելի լավ կլինի:
Միայն դու իմ կարիքն ունես, իմ միայնակ աստղիկ։ Կգամ քեզ մոտ, և մենք կլինենք միասին...գալիս եմ, բացիր գիրկդ: Երկնքին հասնելու համար պետք է հասնել գետնին:
Իսկ երկնքում դատարկություն է, միայն հեռու-հեռվում մի աստղ ընկավ...

Wednesday, April 11, 2012

Ավելի լավ է առանց փող աշխատես, քան թե անփող տանը նստես


«Ես ուզում եմ մեր սարերում գտնվող ջարդված, կոտրված, հողածածկ խաչքարերը վերականգնել, կանգնեցնենք ոտքի մեր խաչքարերը: Անտառում ոչ թե հողի մեջ լինեն, այլ կանգնած լինեն մեր խաչքարերը: Երբ դիմեցի հնագետներին, ասացին դա պետական մասշտաբի գործ է և գումար չկա դրա համար: Ասացի՝ ես ձեզանից փող չեմ ուզում»,- ոգևորված պատմում է 62-ամյա վարպետ Բոգդան Հովաննիսյանը:
Վանաձորի թաղամասերից մեկի շենքի բակում հնարավոր է տեսնել տարբեր չափսերի քարեր, որոնց վիճակված է դառնալ խաչքար:

«Աշակերտ եմ պահում, կարո՞ղ է փող ուզեմ, իմ ժողովրդի համար եմ անում, մարդ եմ սարքում, որ էգուց-էլօր էլ ինքը սովորեցնի: Բացի այս մի աշակերտից՝ Վահեից, գնում եմ նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են երեխաների խնամքով: Քանդակել եմ սովորեցնում, նկարել, մի-երկու ազգային երգ էլ սովորեցնում եմ… վերջ, գործը ստացվեց»,- ասում է վարպետը:

Քանի՞ տարի է` զբաղվում եք քանդակագործությամբ:
21 տարեկանում ընդունվել եմ Երևանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, հենց քանդակագործության բաժինը: Ես փոքրուց գեղանկարչություն եմ սովորել: Վանաձորում էլ նկարչական դպրոցն եմ ավարտել: Ու  որոշել էի, որ Երևանում էլ պետք է շարունակեմ գեղանկարչության ուղղությամբ: Ընդունվելուց երբ հարցրին, թե որ բաժինն եմ ուզում, չգիտեմ ինչու, ասացի՝ քանդակի: Երբ թղթերս վերցրի ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչու ասացի «քանդակի», ախր ես գեղանկարչության համար էի եկել: Հետո, բանից պարզվեց, որ իմ պապերը բոլորը քարտաշներ են եղել, հայրս քարհանքում է աշխատել, երկու եղբայրներս քանդակագործ են: Ու հենց այդ վճռական պահին, երբ իմ ճակատագիրը պետք է որոշվեր, ես արյան կանչով ենթագիտակցաբար գնացել եմ այն ուղղությամբ, որը իմ պապերի ուղղությունն է:
Չե՞ք ափսոսացել, որ գեղանկարչություն չեք ընտրել:
Ես քանդակը գյուլլի նման եմ սովորել, ինչ հավեսով, ու մեր դասախոսը՝ Ադիբեկ Գրիգորյանը, շատ ուրախանում էր ինձնով, քանի որ ամբողջ կուրսի չափ կարողանում էի գործ անել: Աշխատում էի, շատ էի աշխատում: Եվ դրա համար երկրորդ կուրսից հետո միանգամից տեղափոխվեցի 4-րդ կուրս: Արդեն 30 տարուց ավել է` զբաղվում եմ քանդակագործությամբ, խաչքարագործությամբ, բայց անընդհատ կարոտը մեջս է, ուզում եմ գեղանկար անել: Ամեն տարի ներկերս մաքրում եմ, էտյուդնիկը մաքրում, կտավն եմ սարքում, բայց չեմ հասցնում նկարել: Ու ամեն տարի, ամեն օր մտածում եմ, թե երբ պետք է նկար անեմ:
Ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում:
Փաստորեն դա ես եմ:  (ծիծաղում է) Դա իրոք շատ զավեշտալի է: Երբ ինձ ուզում են ծանոթացնել, մի տեղ ասում են` քանդակագործ Բոգդանը, մի տեղ` նկարիչ, մեկ այլ տեղ` երգիչ կամ անեկդոտ հավաքող Բոգդանը: Նոթատետր եմ պահում, սա արդեն 117-րդն է: Ով ինչ լավ բան է ասում, գրում եմ. հետաքրիք միտք, անեկդոտ…
Դժվա՞ր է խաչքար քանդակելը: Ի՞նչ է պետք դրա համար:
Արվեստանոցի բոլոր պատերին փակցված են տարբեր տեսակի խաչքարերի իմ էսքիզները: Մի հազար տարի պետք է, որ այս բոլորը հնարավոր լինի իրագործել: Դա և շատ լավ է, բայց նաև շատ տխուր… Այնուամենայնիվ ամեն քար ինքն է թելադրում իր տեսքը: Մի քար ենք դնում, որ աշխատենք, չի ստացվում: Վահեին ասում եմ՝ ուրիշ քար բեր: Սկսում ենք նրա վրա աշխատել, արդեն գծել ենք, որ պետք է քանդակենք, բայց ուշք ու միտքս նախորդ ծուռտիկ-մուռտիկ քարի վրա է: Ասի՝ չէ, Վահե, ես գնում եմ էն մյուսի վրա: Ու մեկ էլ տեսնում եմ՝ ստացվեց: Արդեն չեմ համբերում անցնել հաջորդ քարին: Չեմ կարողանում կանգնել մի տեղում, անընդհատ պետք է գնալ առաջ:
Իմ վարպետն ինձ ասում էր՝ քանդակը ավելի լավ է լինի բոյով, քան թե կարճ:  Ու դրա համար ես ամեն սանտիմետրի համար գյուլլա եմ գցում: Եղել է, որ քարի վրա գծել ենք արդեն ամեն ինչ, պետք է սկսենք քանդակը, զգացել եմ, որ այն չէ: Նորից ջնջել ենք,  նոր քանդակ ենք գծել: Վահեն սկսում է տրտնջալ, բայց ես ասում եմ՝ մի-երկու օրվա համար չարժե փչացնել քարը: Խաչքարը պատրաստեցիր, գնա՛ց… մի տարվա, 10 տարվա համար չէ, մի հազար տարի մնալու է: 

Կա՞ն գործեր, որոնցով հպարտանում եք:
Մեր եկեղեցու բակում վարպետ Լիպոյի խաչքարը, որի մոտ միշտ նկարվում են քաղաք եկածները: Գուգարքի սարերում գտնվող «Կապույտներում» մատուռ եմ սարքել, ու այնտեղ այցելողները մոմ են վառում:
Խաչքարը քանդակելուց դեռ չկա աստվածավախությունը, այն առաջանում է քանդակն ավարտելուց հետո: Արարչի նման ես էլ արարում եմ խաչքարը, որոշում՝ երկինքն ու երկիրը, լույսը և խավարը: Քանդակագործը պետք է տիրապետի նաև ճարտարապետությանը, պետք է ճիշտ կանգնեցվի քանդակը, որ երկար տարիներ դիմանա բնության արհավիրքներին՝  քամուն, անձրևին:
Աշակերտներ շա՞տ եք ունեցել:
Հիմա միայն Վահեն է, ով արդեն 3 տարի ինձ մոտ է: Միասին աշխատում ենք: Աշակերտներ շատ եմ ունեցել, գալիս են, սովորում, գնում տարբեր տեղեր: Քանդակագործությունը նրանով է լավ, որ կարողանում ես աշխատել քարի, փայտի, երկաթի հետ:
Իսկ ինչո՞ւ եք ընտրել հենց քարը:
Ինձ համար քարն ավելի հեշտ է: Ամենադժվարն ինձ համար… նկարելն է: Իմ ուժը չի հերիքում նկար անելու: Քարի վրա աշխատում եմ, չեմ հոգնում, վրձինը վերցնում եմ, սկսում գործ անել, ձեռս հոգնում է. է՛ս ինչ ծանր է էս վրձինը:
Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդության, որոնք փնտրում են աշխատանք:
Ես կողմ եմ այստեղ մնալուն, մեր հողին կպած մնալուն: Թողնել-գնալով չի լինում… Ասում են՝ անհատը ի՞նչ կարող է անել: Ախր երկիրը հենց այդ անհատներից է բաղկացած, եթե ես չանեմ, նա չանի, բա ո՞վ պետք է անի… Ես իմ գործն եմ անում, պարապում եմ երեխաներին, աշակերտս էլ, ինձ մոտ սովորելով, ինքն էլ է երեխաների պարապում: Այնտեղից մի երեխա էլ գոնե ցանկանա զբաղվել քանդակագործությամբ, հրաշք կլինի: Ախր քարի երկիր ենք, պետք է օգտագործենք դա, ուրիշ բան չունենք: Եղածով պետք է կողմնորոշվենք:
Ինչքանո՞վ է քանդակագործությունը եկամտաբեր գործ:
Ես չեմ սիրում փողի մասին խոսել: Մանավանդ երբ սկսում են բողոքել, որ վատ են ապրում, խեղճ են ապրում: Էն ով է լավ ապրում… աշխատող մարդը, արվեստագետը չի կարող լավ ապրել: Հնարավոր չէ: Այս երկիրը նոր է ոտքի կանգնել, դրա մասին խոսելն ավելորդ է: Որ եկամտաբեր չէ, դա հաստատ, բայց ապրելու ես: Դեռ գործ չունենացած ուզում ենք շատ փող աշխատել: Ամեն ինչը քրտինքով է: Առանց գործի չեն հարստանում, գործ անելով են հարստանում: Ավելի լավ է առանց փող աշխատես, քան թե անփող տանը նստես: Ես Վահեին ասացի, որ ես այստեղ փող չեմ աշխատում, ես ապրում եմ սրանով: Ասաց, որ ինքն էլ է ուզում ապրել: Դե ուրեմն կաշխատենք, եթե կվաճառվի, գումար կլինի: Քիչ են պատվերներ, բայց այնպես է, որ բավարարում է ապրելուն:

Ո՞ւմ կհամարեք Ձեր ուսուցիչը:
Առաջ եղել է հերս, ով տքնաջան քարի գործին էր, տոննայանոց քարեր էր կտրում: Վանաձորի շենքերի համար հերս է քար կտրել: Դրանից հետո մեծ եղբայրս է եղել ուսուցիչս, ով Մոսկվայում քանդակներ ունի մետրոյի կայաններում:
Ադիբեկ Գրիգորյանը շատ լավ քանդակագործ էր, Էյնշտեյնի նման մարդ էր: Ես նրա խորհուրդներով եմ առաջ շարժվում: Մենք քանդակները շատ բարձր էինք անում, նա գալիս էր, մեր քանդակները իջեցնում: Ու երբ բողոքում էինք, ասում էր` նախ սովորեք փոքր անել, հետո կբարձրանաք: Մեծացանք, դարձանք քանդակագործ, հասկացանք, որ իր ասած 20սմ-ոցի տակից դուրս չենք գալիս:

Դուք որպես Պիգմալիոն ունեցե՞լ եք Ձեր Գալաթեան:
Իմ դիպլոմային աշխատանքը, որ արել եմ 24 տարեկանում, ճերմակ գիպսե աղջիկ էր` «Գարուն»: Հիմա էլ նա մեր տանն է, իր ուրույն տեղն ունի: Ու միշտ ուզեցել եմ սպիտակ մարմարից պատրաստեմ այդ աղջկան:
Ի՞նչ եք սիրում անել բացի քանդակագործությունը:
Ես ամեն օր գիրք եմ կարդում, ես այնքան աչքածակ եմ, որ երկու գիրք իրար հետ եմ կարդում:
Կա՞ մի գործ, որ կուզեիք անել, որ երազանք է:
Ես մի քանի տարի առաջ սկսել եմ Ջուղայի ջարդված խաչքարերը վերականգնել: Մի խաչքարն արդեն սարքել եմ: Պետք է ասեմ, որ բավականին դժվար գործ էր. վեց ամիս չարչարվել եմ, մինչև ուսումնասիրել, հասկացել եմ նրանց դպրոցը, որի ոճը ամբողջովին տարբեր է: Ուզում եմ` մյուսներն էլ վերականգնեմ, որ տեղադրեմ մեզ մոտ, որ մեր քաղաքի հյուրերին ցույց տանք, թե ինչ գործ են ջարդել նրանք: Մեծ ցանկություն կա մյուս խաչքարերն էլ քանդակել, սակայն ցավոք, չկա աջակցություն:

Saturday, April 7, 2012

Այսօր ապրիլի 7-ն է, բայց իմ տոնը չէ...


Ասում են, թե մի բան կա լոկ,
Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում`
Գիտությունը տառապանքի...

Քայլում եմ այգով, ժպտում եմ… այգով քայլում են զույգեր, ժպտում են…
Աղջիկների ձեռքին անպայման ծաղիկ կա…
Իսկ ես ծաղիկ ստացա միայն մի անգամ, քեզնից:
Մեր ինստիտուտը կազմակերպել էր դիմակահանդես: Ես ուրախ էի, չէ որ դա հենց ինձ համար է…
Բոլորը դիմակով էին, և երբ դու ինձ հրավիրեցիր պարելու, ես ինձ խոստովանեցի, որ դու առաջինն էիր և մնացիր միակը:
Դու ամբողջ երեկո իմ կողքին էիր, խոսում էիր, զրուցում, ցանկանում էիր իմանալ իմ ով լինել… իսկ վախենում էի, որ Մոխրոտի պատմությունը կրկնվում է:
Մի պահ լքեցիր ինձ և վերադարձար մի փունջ մանուշակով, որը հիմա ճզմված է իմ գրքերից մեկի էջերում, ամենաթանկ գրքի:
Հաջորդ օրը պետք է հանդիպեինք առանց դիմակի… ինձ հետ տխրեց իմ ժպտացող դիմակը…
Հաջորդ օրը, սրճարանում դու փնտրում էիր դիմակին, բայց կեսգիշերին նա դարձել էր ես…

Ամբողջ կյանքում 
Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը:
Ուրեմն ի՞նձ էլ պետք է ջարդել
Խաղալիքի նման:

Քայլում եմ այգով, ժպտում եմ,,, սպասում եմ քեզ…
Դու կգաս, ես գիտեմ, ու կնվիրես ինձ ծաղիկներ…
Ահա, տեսեք, նա կանգնած է այգում` ձեռքին ծաղիկներ, հիմա, հիմա կմոտենամ նրան և կասեմ` կներես, որ ուշացա…

Երբ կտրում են թռչունի թևերը,
Նա սկսում է ատել երկինքը…

Ահա նա, ում սպասում էիր դու… որքան գեղեցիկ է նա… դու ծաղիկները տվեցիր նրան… իմ ծաղիկները:

Friday, March 2, 2012

Գարնան 2-րդ օրը

Երեկ գարնան առաջին օրն էր. բոլորը շնորհավորում են միմյանց բնության ծննդյան օրվա առթիվ: 
Տարիներ առաջ ես սպասում էի այդ շնորհավորանքին, սակայն ստացա այն միայն հաջորդ օրը. «Շնորհավոր գարնան 2-րդ օրդ...»

Wednesday, February 29, 2012

Ճանապարհը փակ է

Փետրվարի 29: ժամը 11.00, Արագածոտնի մարզ. Ծիլքար գյուղից մինչև Ապարան, ճանապարհին քամու պատճառով տեսանելիություն շատ վատ էր, մեքենաներից շատերը հետ էին դառնում ճանապարհից, եթե կարողանում էին: Հետաքրքիր է, որ ճանապարհային ոստիկանության ոչ մի մեքենա այդպես էլ չտեսանք...

Tuesday, February 14, 2012

Չգոյության փնտրտուք


Քնատ ձեռքերը անհանգիստ բացեցին բացատրական բառարանի ահռելի երախը: Գիշերվա մթության լռությունից քնաթաթախ բառերը խառնվեցին իրար, թողեցին իրենց տաքուկ անկողինները և շարք կանգնեցին:
Սկզբում բոլորն էլ անտարբեր սպասում էին, որ շուտով կգտնվի այն միակը, որին փնտրում էին աչքերը…Կամաց քունը ճանապարհ բացեց հետաքրքրա­սիրությանը..բառերի աչքերը վերջապես բացվեցին…իսկ աչքերը չէին շտապում…նրանք փնտրում էին ու չէին գտնում…
Բառերը սկսեցին ակնապիշ հետևել աչքերի ամեն մի շարժումին, ձեռքերի ամեն մի թարթումին: Աչքերի աղացից ծամված բառերի բանակը սկսեց հաղթել ծամվելու սպասող բառերին…Ամեն մի բառ իր սրտի խորքում հույս ուներ, որ ինքն է լինելու այդ ընտրյալը… ահա, ահա… բառը շունչը պահեց, բայց… «Նա չէ»,- հուսախաբ շշնջացին աչքերը…մի պահ բառը աչքերի մեջ տեսավ այն ողջ սարսափը, որ իրենց հանդիպումը տառասխալով է...
Բառը այդպես էլ չգտնվեց: Ամբողջ բացատրական բառարանում չգտնվեց «Կարոտ» բառի բացատրությունը...աչքերը փակվեցին բառերի սարսափած աչքերի առջև...թրմփոցով գիրքը ընկավ գետնին, խուլ տնքացին բառերը, հրեցին մեկը մյուսին, խռնվեցին իրար... սակայն ոչ ոք չտեսավ. բառարանը փակել էր իր ահռելի երախը և ցանկանում էր քնել... բառերն էլ ենթարկվեցին. պառկեցին քնելու` հույսով, որ մի անգամ էլ կհորանջի բառարանը:
Իսկ աչքերը տխուր թրջվեցին այն համով անձրևով, որ ավելի կարճ կոչվում է արցունք...նրանք չհասկացան, որ սիրտը վաղուց գտել է իր բառարանում «Կարոտ» բառը, բայց նրա բացատրությունը չի կարող ասել, քանի որ դա բանակա­նության գաղտնիքն է...

Sunday, February 5, 2012

«ԼՈՌՎԱ ՁՄԵՌ» Լոռիում կրկին տոն է



Եթե բոլորի համար ձմեռը սկսվում է դեկտեմբերին, ապա Լոռիում ձմեռվա շունչն անմիջապես կարելի է զգալ փետրվարին, երբ բոլորը ճանապարհվում են Թեժ լեռ՝ արդեն 42-րդ անգամ նշելու «Լոռվա ձմեռ» տոնահանդեսը:


Առաջին «Լոռվա ձմեռը» կազմակերպել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ամենատարեց դասախոս, պատվավոր պրոֆեսոր, ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Լյուդվիգ Պետրոսյանը: 

Նրա սիրած եղանակը միշտ եղել է ձմեռը՝ դահուկների եղանակը։ Հիմա էլ հիշում է` փոքր հասակում եղբոր հետ տակառի փայտերից դահուկներ էին պատրաստում։ Երկու եղբայրներ Սերոժյա և Լյուդվիգ Պետրոսյանները 10 անգամ եղել են դահուկավազքի Խորհրդային Հայաստանի չեմպիոններ։

1941թ. Ֆինլանդիայում ծնկից վիրավորվելով` վերադարձել է հայրենիք և 10 տարի շարունակ դահուկներով սահելով բուժել է ծնկի կոտրվածքը։
«Լոռվա ձմեռվան» հաջորդեցին «Գյումրվա ձմեռ», «Երևանի ձմեռ»  և Հայաստանի  այլ քաղաքներում կազմակերպվող տոնախմբությունները, սակայն իր 42-ամյակին հասավ միայն «Լոռվա ձմեռը», որը այսքան տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր մշտական տեղին` Թեժ լեռան ստորոտին։

Երկու անգամ մասնակցել է Մուրմանսկում ամենամյա «Праздник Севера» (Հյուսիսի տոն) միջազգային մրցույթին որպես մրցավար։ Հայրենիքում նման տոն ստեղծելու միտքը հանգիստ չէր տալիս նրան։ Երբ վերադարձավ Մուրմանսկից, խորհրդակցեց քաղաքի ղեկավարության հետ և անցավ գործի։

Մոտ 20 հազար մարդ էր եկել «Լոռվա ձմեռվա»  առաջին տոնախմբությանը։ «Խանութներում 18 հազարից ավել դահուկ վաճառվեց այդ օրերին»,- պատմում է Լ.Պետրոսյանը։

20 տարի շարունակ Լյուդվիգ Պետրոսյանը եղել է տոնահանդեսի կազմակերպիչը։ Լարախաղացներ (քյանդրբազ) էին հրավիրում, Հաջղարի (Լեռնապատ) պարի և երգի մեծահասակների (բոլոր անդամները` 70-80 տարեկան) անսամբլն էր գալիս։ «Հիմա այդ ամենը չկա, մարդիկ գալիս են խորոված ուտելու... վիրավորական է»,- ցավով նշում է Լ.Պետրոսյանը։

Այն ժամանակ գլխավոր մրցանակին հասնելը ավելի բարդ էր. 10 տարի ոչ ոք չէր կարողանում նվաճել` մերկ ձեռքերով մագլցել սառցապատ սյունը։ «Դա հաջողվեց միայն 17-ամյա Սեյրան Ղարագյոզյանին»,- հիշում է Լ.Պետրոսյանը։

 «Սպորտը բոլորի համար» ֆիլմը, որը ցուցադրվել է նախկին Խորհրդային միության բազմաթիվ քաղաքներում, Վանաձորի մասին է եղել: «Կիրովականը համարվում էր սպորտի քաղաք Հայաստանի հավաքականի մեծ մասը կիրովականցիներ էին»,- հպարտությամբ ասում է Լ.Պետրոսյանը, որի դերը այդ գործում անփոխարինելի էր: