Showing posts with label սեր. Show all posts
Showing posts with label սեր. Show all posts

Monday, March 28, 2016

Սիրո խոստովանություն.... Ծխախոտին

Սիրո նման սրտաճմլիկ նամակներ Հայաստանում գրվում են միայն... Ծխախոտին, առանց որի  շատերի համար հնարավոր չէ ապրել նույնիսկ մի քանի րոպե :)
Առաջարկվում է «Դու իմ կյանքն ես, դու իմ գանձն ես» թեմայով Ծխախոտի հետ սիրառատ զրույցներ, թե ինչքան եք սիրում նրա նայվածքը, բա քնքշությունը, քնքշությունը:
Կարող եք պարզապես անունով կոչել ծխախոտին՝ Վարդան, Սիսի, Սեթ, Վարդուշ տոտա :)
Էլ չեմ ասում շնորհակալ լինենք աստծուն, որ կա ծխախոտը: 




Եվ իհարկե, հատուկ առաջարկ՝ Անակնկալ հատուկ ծխախոտի համար :)


Saturday, January 23, 2016

Ձյունե հեքիաթ

Ու ձյուն է գալիս, ինչ-որ ջերմ մի ձյուն… քո աչքերը փաթիլ առ փաթիլ կտրում-անցնում են ձյունը և մոտենում իմ շնչին, որի ջերմության կրքից փաթիլ առ փաթիլ այրվում է ձյունը: 
Դու ինձ վերցնում ես քո ափի մեջ, ձյունը փաթիլ առ փաթիլ խեղդամահ է լինում ու կաթիլ առ կաթիլ համբուրում մեզ…
Հանկարծ դու ինձ հետ ես հրում, ես զարմանքով նայում եմ քո աչքերին, փորձում կարդալ քո լուռ շուրթերը, որոնց այժմ համբուրում է միայն ձյունը: 
Դու վերցնում ես ձեռքս ու սկսում ես վազել… ես սայթաքելով ճեղքում եմ ձյունը, բայց դու ամուր բռնել ես ձեռքս և տանում ես դեպի անհայտ մութ:
…Մենք պառկում ենք ձյան վրա և նայում ձյանը: Ձյունն ամենուր է, ես մի պահ վախենում եմ ձյան ամենուրությունից, ինձ մի պահ թվում է, թե ես մենակ եմ ձյան հետ, ու նա ինձ հիմա կկլանի իր ամենազոր գրկում:
…Բայց դու գրկում ես ինձ, և ես մոռանում եմ վախը, ձյունը, ամբողջ աշխարհը:


Wednesday, November 4, 2015

Քաղցր սուտը


-Ես էլ,- ասաց աղջիկը, քանի որ գիտեր, թե ինչպես է դատարկվում հոգին, երբ «սիրում եմ քեզ»-ին արձագանքում է միայն լռությունը:
«Սիրում եմ քեզ»-ը անողոք հանդիմանանքով նայում էր տղային: Պարզապես գիշեր էր, պարզապես պետք էր ասել «սիրում եմ քեզ», երբ քո գրկում պառկած է աղջիկը:
«Սիրում եմ քեզ»-ը դեռ թափառում էր սենյակում և անխռով խաղում լուսնի հետ, ով անամոթաբար ներխուժել էր սենյակ և փորձում էր տեղավորվել անկողնում:
...Բայց դա հաջողվեց արևին, երբ աղջիկն արդեն մենակ էր:

Monday, September 28, 2015

Աթոռի սերը

-Դու ո՞վ ես:
Աթոռը ցնցվեց, ինչպես թե ինքը ո՞վ է, ինքը՝ նորին մեծություն ԱԹՈՌ-ը, որ միշտ բոլորի կենտրոնում է, նա, ում ձգտում են հասնել բոլորը, ով սիրում է հպարտանալ, թե քանիսն են իր պատճառով պայքարել, անգամ զոհվել...Եվ հիմա ինչ-որ կահույք, փայտի մի կտոր իրեն հարցնում է՝ ո՞վ է:
Աթոռը արհամարհում էր սեղանին:
Բայց աթոռն այնպես էր կարկամել, որ չէր կարողանում պատասխանել, մտքերը խառնվել էին և խառնել իրեն, հիմա նրա գլխում միայն մի մեծ «Դու ո՞վ ես» էր պտտվում, և այդ գլխապտույտից սրտխառնոց էր առաջացել: Նա ուզում էր փախչել, բայց չորացել էին ոտքերը, նա ուզում էր պատասխանել, բայց մեխված էր լեզուն...
Աթոռը տանել չէր կարողանում նույնիսկ չնչին մրցակցությունը, իր սառը հայացքով վերացնում էր ցանկացածին, ով կփորձեր ոտք ձգել իր տեղին... իսկ հիմա այս խղճուկ փայտի կտորը, այս սեղանի հեգնանքով լի աչքերը նրան ստիպում էին լռել:
Աթոռը ատում էր սեղանին:
Եկան մարդիկ, խառնեցին աթոռի նենգադավ ծրագրերը՝ ինչպես ոչնչացնել իր նորելուկ մրցակցին, այդ սեղանին: Նրանք հարմարեցրին ամեն ինչ իրենց ուզածով. նստեցին աթոռին, առաջ քաշեցին սեղանը... Աթոռը, ծանրության տակ ճկռելով, հպարտությամբ ցույց էր տալիս սեղանին. տես՝ ես ինչքան անհրաժեշտ եմ, իսկ դու...  իսկ սեղանը փայլում էր, նրա ապակեպատ երեսը արտացոլում էր նրա անթափանց սիրտը և դարձնում նրան էլ ավելի զմայլելի:
Աթոռը, մոռացած ճկռված ծանրությունը, հմայված նայում էր նրա՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերին, որոնց փարվելը այնքան անհասանելի էր թվում աթոռին: Նա փորձեց ձգվել դեպի սեղանը, ահա, ահա, հիմա կդիպչի, մի փոքր էլ... փլվեց ծնկաչոք աթոռը, փշրվեց սեղանի՝ ամուր գրկի կարոտ ոլորապտույտ ոտքերի առջև...
Աթոռը սիրում էր սեղանին:

Հ.Գ. Սեղանը լռում էր. նա սովոր չէր խոսելու աթոռների հետ:

Tuesday, July 14, 2015

Խոպան ՍԵՐ

Նայում եմ երեխաներիս չարաճճի շարժումներին ու չեմ ներում քեզ, որ նրանք մեր երեխան չեն. տարին մեկ «ձմեռ պապիկ» հայրիկը գալիս է ու զարմանում, թե ինչքան են մեծացել, ինչքան են փոխվել իր երեխաները, մի մարդ, ով ավելի անծանոթ է, քան ձմեռ պապը...

Ամուսնության 5 տարիների 5 ամսվա իմ ամուսին... մեր ընտանիքն էլ ժանգոտել է գնացքի այս գծերի նման... այստեղով գնացքներ չեն գնում, այն դարձել է անօգուտ մի խաղալիք, որտեղ խաղում են ԻՄ երեխաները, որոնք նույնիսկ չեն երազում ունենալ իսկական խաղահրապարակ...

Իսկ իմ սերը օր առ օր փետրվում է, մաշկազերծ է անում իմ առանց այն էլ ծվատ հոգի, ու ես դառնում եմ մսե աղբաման, որտեղ նետում են անպետք, օգտագործված իրերը: Ծանոթ անծանոթներն են գրավում քո տեղը, մինչ ես դեռ հավատում եմ Ձմեռ պապին. որ գալու է ու բերի նվերներ...