Showing posts with label ամուսնություն. Show all posts
Showing posts with label ամուսնություն. Show all posts

Monday, July 14, 2014

Գոյություն ունի՞ ամուսնանալու տարիք

ԳՏԱԱԱԱԱԱ!!!! իմ առաջին հոդվածը «Վանաձորյան խճանկար» թերթում: Այն գրել եմ ուղիղ 10 տարի առաջ... տեղադրում եմ առանց փոփոխությունների, բայց հազիվ եմ դիմանում: Դուք էլ համբերությամբ կարդացեք ու հիշեք, որ 10 տարի է անցել....

«Վանաձորյան խճանկարը» սկսում է նոր խորագիր «Շաբաթվա հարցը» վերնագրով: Այս խորագրի ներքո կտրվեն հարցեր, որոնց կպատասխանեն տարբեր բնագավառի, մասնագիտության, տարիքի մարդիկ: Եթե ձեզ հետաքրքրում է ինչ-որ կոնկրետ հարցի վերաբերյալ մեր համաքաղա­քացի­ների, նաև մասնագետների կարծիքը, ապա զանգահարեք խմբագրություն` 4-02-29:
Սպասում ենք ձեր կարծիքներին և առաջարկություններին:

ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ կա այսպիսի հոդված.
Հոդված 15. Ամուսնական տարիք
Ամուսնական տարիք է սահմանվում տղամարդկանց համար 18տ., իսկ կանանց համար` 17տ.:
Նմանատիպ հարց էլ «Վանաձորյան խճանկարն» է տվել մեր համաքաղա­քա­ցի­­ներին ` ե՞րբ ամուսնանալ:

¨      Արեգնազան Հարությունյան, 48տ., մանկապարտեզի տնտեսվար
Իհարկե, գոյություն ունի: Տղայի համար 26տարեկանն է լավ, իսկ աղջկա համար` 22տարեկանը:
¨      Դավիթ Գասպարյան, 30տ., շինարար
Ոչ, երբ բախտը ժպտա, թող ամուսնանան:
¨      Գոհար Հունանյան, 22տ., ՀՍԻԿ իրավապաշտպանական կենտրոնի կամավոր
Չափահասների համար նման սահման գոյություն չունի, կարևորը աշխատանք ունենալն է:
¨      Ռուբիկ Իսպիրյան, 57տ., կանաչապատող
Տղան անպայման պետք է աշխատանք ունենա և, ասենք, լինի 25տարեկան, իսկ աղջիկը` 20տարեկան:
¨      Արմեն Սարգսյան, 23տ., Կարմիր խաչի□ կամավոր
Գտնում եմ, որ պետք է տղան 28տարեկան լինի,անպայման աշխատանք ունենա, իսկ աղջիկը` 25-26տարեկան: Իսկ ինչ վերաբերում է 17-18տարեկանում ամուսնացող­ներին, թող ամուսնանան, եթե աշխատանք ունեն:
¨      Իրինա Գրիգորյան, 22տ., չի աշխատում
Ով երբ ուզում է, թող ամուսնանա. եթե իրար սիրում են, ոչինչ կարևոր չի: Իրար սիրելով կգտնեն նաև աշխատանք, եթե դա է պրոբլեմը:
¨      Էդգար Հովհաննիսյան, 17տ., դպրոցի շրջանավարտ
Երբ զգամ, որ կարող եմ իմ հաշվին պահել ընտանիքս, կամուսնանամ:
¨      Արշակ Ռամազյան, 36տ., շախմատի ուսուցիչ
Ոչ, չկա նման բան: Երբ զույգերն իրենք զգան դրա անհրաժեշտությունը, ուրեմն ժամանակն է:
¨      Ալիսա Հարությունյան, 58տ., ատամնաբույժ
Իհարկե կա, տղաների մոտ դա 25-30տարեկանն է, իսկ աղջիկների մոտ`                  20-27տարե­կան:
¨      Միլենա Կիրակոսյան, 18տ., բժշկական ուսումնարանի ուսանող
Ոչ, մարդիկ երբ ուզում են, թող ամուսնանան, միայն թե ծնողների համար հոգս չլինեն:
¨      Աշոտ Խաչատրյան, 52տ., նախկին կարգաբերող
Այո, գոյություն ունի, տղաների համար 28տ., իսկ աղջիկների համար` 20-22տ.:
¨      Անժելա Ամիրխանյան, 32տ., վաճառողուհի
Ոչ, չափահասների համար գոյություն չունի, սակայն  տղաների համար սահմանը ավելի լավ է 24տարեկանը, երբ արդեն ի վիճակի կլինեն աշխատել, բայց կարևորը  միայն ֆինանսը չի, կարևոր է նաև ընտանիքը ղեկավարելու կարողությունը:
¨      Արսեն Սարգսյան, 25տ., զորամասի վաշտի ավագ
Եթե գիտակից են այնքան, որ կարող են պահել իրենց ընտանիքը, ապա կարելի է  նաև ամուսնանալ:
¨      Սանասար Գրիգորյան, 40տ.,  սեփական ֆիրմայի տնօրեն
Ոչ, գոյություն չունի, ես անձամբ շատ ուշ եմ ամուսնացել:
¨      Ռուդիկ Հովակիմյան. 57տ., ՎՊՄԻ հոգեբանության դասախոս
Ֆիզիոլոգիական առումով կա: Տղաների համար 24-30տ. է, իսկ աղջիկների համար` 20-22տ.: Ճիշտ է, 17-18տ. աղջիկների համար ավելի հեշտ կլինի հարմարվել նոր ընտանիքին, բայց աղջկա համար կարևոր է նաև կյանքում գտնել իր տեղը:
¨      Սավել Դուրինյան, 50տ., լրագրող
Մեզ մոտ հետաքրքիր տրամաբանություն է. եթե աղջիկը մինչև 25տ. ամուսնացած չի, ուրեմն նա տանն է մնացել□Դրա համար 18-21տ.   աղջիկները ձգտում են շտապ ամուսնանալ: Ավելին, ձգտում են ամուսնանալ արդեն ապահովված մարդու հետ: Իհարկե, շատ գեղեցիկ է, երբ ջահել սկեսուրն ունենում է ջահել հարս, բայց պատահում է, որ 17-18տարեկանում ամուսնացածները հանկարծ 28-30տարեկանում պարզում են, որ իրենց միջև եղածը բնավ սեր չի եղել և բաժանվում են: Իսկ դա արդեն ցավալի է:
¨      Անդրանիկ Ղազարյան, 44տ., Վանաձորի քաղաքային բաժնի պետ
Իմ կարծիքով, ով երբ ուզում է, թող ամուսնանա: Թերևս ավելի հարմար է տղաների համար 25-30տ., իսկ աղջիկների համար` 20-25տ., բայց, նորից եմ կրկնում, ուշ կամ շուտ չի կարելի ասել: Ես դեմ եմ պայմանագրով ամուսնություններին, կարծես սերն այդտեղ արդեն դեր չի ունենում, զույգերը ապրում են, ինչպես գործընկերներ:

Անդրանիկ Ղազարյանը սիրով մեզ տրամադրեց Վանաձորի ամուսնական վիճակագրությունը: 2004թ. առաջին կիսամյակում գրանցվել է 241 ամուսնություն և 55 ամուսնալուծություն, իսկ անցյալ տարի այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 293 և 43:  Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 4 ամուս­նու­թյուններից մեկը դատապարտված է: Ցավալի է, որ մեզ մոտ  ամուսնու­թյուն­ների թիվը գնալով պակասում է, իսկ ամուսնալուծություններն` ավելանում: Հետաքրքիր է այն փաստը, որ մեր քաղաքում ամենաշատ ամուսնու­թյուն­ները գրանցվել են 1990թ.` 1494: Անդրանիկ Ղազարյանի կարծիքով, միշտ էլ ինչ-որ աղետից հետո օրինաչափորեն ամուսնությունների թիվը աճում է: Նա նշեց նաև, որ ավելացել են այլազգիների հետ ամուսնությունները:
Զագսի տնօրեն Արման Ոսկանյանի հետ հարցազրույց:
Պրն. Ոսկանյան, Դուք ի՞նչ կարծիքի եք, երբ կարելի է ամուսնանալ:
Երբ ինքնուրույն եղար, կարելի է ամուսնանալ: Թե չէ պատահում է, գալիս են 17-18 տարեկան երեխաներ, որոնց փոխարեն իրենց ծնողներն են դիմում տալիս: Մի՞թե այդպես է պետք սկսել ամուսնական կյանքը:
ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ  կանանց ու տղամարդ­կանց ամուսնանալու տարիքների միջև եղած տարբերու­թյունը Ձեր կարծիքով ճի՞շտ է:
Այդ հարցով տարակարծություններ կան: Մինչև հիմա իրավաբանները վիճում են այդ հարցի շուրջ: Հետաքրքիր է, որ եթե 17տ. աղջիկը դիմում գրի ամուսնանալու համար, ես պետք է ընդունեմ, իսկ եթե դիմում գրի, որ իր անձնագիրը վերցնի, ես իրավունք չունեմ նրան տալու այն: Ահա, այսպիսի պարադոքս է:
Պատմեք հետաքրքիր դեպքեր Ձեր աշխատանքային գործունեու­թյունից:
Մի անգամ եկել էին երկու զույգեր: Երկուսն էլ երկվորյակ էին, և ջրի երկու կաթիլի նման իրար նման: Ես ուղղակի զարմանում էի, թե ինչպես էին նրանք տարբերում իրար: Ներքին անհանգստություն ունեի. հանկարծ չխառնեին իրենց ամուսիններին:

Պրն.Ոսկանյանը մեզ ներկայացրած տվյալներից պարզ դարձավ, որ վերջին երկու տարիների ընթացքում ամենամեծ, թերևս հետաքրքիր զույգը, որ ամուսնացել է, տղամարդը եղել է 79տ., իսկ կինը` 50տ.: Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր զույգեր, ասենք, երբ տղամարդը 73տ. է, իսկ կինը` 48տ., տղամարդը` 72տ., իսկ կինը` 62տ.: Կամ ուրիշ հետաքրքիր տվյալներ, երբ կինը 39տ., իսկ տղամարդը 31տ.: