ԳՏԱԱԱԱԱԱ!!!! իմ առաջին հոդվածը «Վանաձորյան խճանկար» թերթում: Այն գրել եմ ուղիղ 10 տարի առաջ... տեղադրում եմ առանց փոփոխությունների, բայց հազիվ եմ դիմանում: Դուք էլ համբերությամբ կարդացեք ու հիշեք, որ 10 տարի է անցել....

Սպասում ենք ձեր կարծիքներին և առաջարկություններին:
ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ կա այսպիսի հոդված.
Հոդված 15. Ամուսնական տարիք
Ամուսնական տարիք է սահմանվում տղամարդկանց համար 18տ., իսկ կանանց համար` 17տ.:
Նմանատիպ հարց էլ «Վանաձորյան խճանկարն» է տվել մեր համաքաղաքացիներին ` ե՞րբ ամուսնանալ:
¨ Արեգնազան Հարությունյան, 48տ., մանկապարտեզի տնտեսվար
Իհարկե, գոյություն ունի: Տղայի համար 26տարեկանն է լավ, իսկ աղջկա համար` 22տարեկանը:
¨ Դավիթ Գասպարյան, 30տ., շինարար
Ոչ, երբ բախտը ժպտա, թող ամուսնանան:
¨ Գոհար Հունանյան, 22տ., ՀՍԻԿ իրավապաշտպանական կենտրոնի կամավոր
Չափահասների համար նման սահման գոյություն չունի, կարևորը աշխատանք ունենալն է:
¨ Ռուբիկ Իսպիրյան, 57տ., կանաչապատող
Տղան անպայման պետք է աշխատանք ունենա և, ասենք, լինի 25տարեկան, իսկ աղջիկը` 20տարեկան:
¨ Արմեն Սարգսյան, 23տ., □Կարմիր խաչի□ կամավոր
Գտնում եմ, որ պետք է տղան 28տարեկան լինի,անպայման աշխատանք ունենա, իսկ աղջիկը` 25-26տարեկան: Իսկ ինչ վերաբերում է 17-18տարեկանում ամուսնացողներին, թող ամուսնանան, եթե աշխատանք ունեն:
¨ Իրինա Գրիգորյան, 22տ., չի աշխատում
Ով երբ ուզում է, թող ամուսնանա. եթե իրար սիրում են, ոչինչ կարևոր չի: Իրար սիրելով կգտնեն նաև աշխատանք, եթե դա է պրոբլեմը:
¨ Էդգար Հովհաննիսյան, 17տ., դպրոցի շրջանավարտ
Երբ զգամ, որ կարող եմ իմ հաշվին պահել ընտանիքս, կամուսնանամ:
¨ Արշակ Ռամազյան, 36տ., շախմատի ուսուցիչ
Ոչ, չկա նման բան: Երբ զույգերն իրենք զգան դրա անհրաժեշտությունը, ուրեմն ժամանակն է:
¨ Ալիսա Հարությունյան, 58տ., ատամնաբույժ
Իհարկե կա, տղաների մոտ դա 25-30տարեկանն է, իսկ աղջիկների մոտ` 20-27տարեկան:
¨ Միլենա Կիրակոսյան, 18տ., բժշկական ուսումնարանի ուսանող
Ոչ, մարդիկ երբ ուզում են, թող ամուսնանան, միայն թե ծնողների համար հոգս չլինեն:
¨ Աշոտ Խաչատրյան, 52տ., նախկին կարգաբերող
Այո, գոյություն ունի, տղաների համար 28տ., իսկ աղջիկների համար` 20-22տ.:
¨ Անժելա Ամիրխանյան, 32տ., վաճառողուհի
Ոչ, չափահասների համար գոյություն չունի, սակայն տղաների համար սահմանը ավելի լավ է 24տարեկանը, երբ արդեն ի վիճակի կլինեն աշխատել, բայց կարևորը միայն ֆինանսը չի, կարևոր է նաև ընտանիքը ղեկավարելու կարողությունը:
¨ Արսեն Սարգսյան, 25տ., զորամասի վաշտի ավագ
Եթե գիտակից են այնքան, որ կարող են պահել իրենց ընտանիքը, ապա կարելի է նաև ամուսնանալ:
¨ Սանասար Գրիգորյան, 40տ., սեփական ֆիրմայի տնօրեն
Ոչ, գոյություն չունի, ես անձամբ շատ ուշ եմ ամուսնացել:
¨ Ռուդիկ Հովակիմյան. 57տ., ՎՊՄԻ հոգեբանության դասախոս
Ֆիզիոլոգիական առումով կա: Տղաների համար 24-30տ. է, իսկ աղջիկների համար` 20-22տ.: Ճիշտ է, 17-18տ. աղջիկների համար ավելի հեշտ կլինի հարմարվել նոր ընտանիքին, բայց աղջկա համար կարևոր է նաև կյանքում գտնել իր տեղը:
¨ Սավել Դուրինյան, 50տ., լրագրող
Մեզ մոտ հետաքրքիր տրամաբանություն է. եթե աղջիկը մինչև 25տ. ամուսնացած չի, ուրեմն նա □տանն է մնացել□: Դրա համար 18-21տ. աղջիկները ձգտում են շտապ ամուսնանալ: Ավելին, ձգտում են ամուսնանալ արդեն ապահովված մարդու հետ: Իհարկե, շատ գեղեցիկ է, երբ ջահել սկեսուրն ունենում է ջահել հարս, բայց պատահում է, որ 17-18տարեկանում ամուսնացածները հանկարծ 28-30տարեկանում պարզում են, որ իրենց միջև եղածը բնավ սեր չի եղել և բաժանվում են: Իսկ դա արդեն ցավալի է:
¨ Անդրանիկ Ղազարյան, 44տ., Վանաձորի քաղաքային բաժնի պետ
Իմ կարծիքով, ով երբ ուզում է, թող ամուսնանա: Թերևս ավելի հարմար է տղաների համար 25-30տ., իսկ աղջիկների համար` 20-25տ., բայց, նորից եմ կրկնում, ուշ կամ շուտ չի կարելի ասել: Ես դեմ եմ պայմանագրով ամուսնություններին, կարծես սերն այդտեղ արդեն դեր չի ունենում, զույգերը ապրում են, ինչպես գործընկերներ:
Անդրանիկ Ղազարյանը սիրով մեզ տրամադրեց Վանաձորի ամուսնական վիճակագրությունը: 2004թ. առաջին կիսամյակում գրանցվել է 241 ամուսնություն և 55 ամուսնալուծություն, իսկ անցյալ տարի այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 293 և 43: Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 4 ամուսնություններից մեկը դատապարտված է: Ցավալի է, որ մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով պակասում է, իսկ ամուսնալուծություններն` ավելանում: Հետաքրքիր է այն փաստը, որ մեր քաղաքում ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 1990թ.` 1494: Անդրանիկ Ղազարյանի կարծիքով, միշտ էլ ինչ-որ աղետից հետո օրինաչափորեն ամուսնությունների թիվը աճում է: Նա նշեց նաև, որ ավելացել են այլազգիների հետ ամուսնությունները:
Զագսի տնօրեն Արման Ոսկանյանի հետ հարցազրույց:
Պրն. Ոսկանյան, Դուք ի՞նչ կարծիքի եք, երբ կարելի է ամուսնանալ:
Երբ ինքնուրույն եղար, կարելի է ամուսնանալ: Թե չէ պատահում է, գալիս են 17-18 տարեկան երեխաներ, որոնց փոխարեն իրենց ծնողներն են դիմում տալիս: Մի՞թե այդպես է պետք սկսել ամուսնական կյանքը:
ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ կանանց ու տղամարդկանց ամուսնանալու տարիքների միջև եղած տարբերությունը Ձեր կարծիքով ճի՞շտ է:
Այդ հարցով տարակարծություններ կան: Մինչև հիմա իրավաբանները վիճում են այդ հարցի շուրջ: Հետաքրքիր է, որ եթե 17տ. աղջիկը դիմում գրի ամուսնանալու համար, ես պետք է ընդունեմ, իսկ եթե դիմում գրի, որ իր անձնագիրը վերցնի, ես իրավունք չունեմ նրան տալու այն: Ահա, այսպիսի պարադոքս է:
Պատմեք հետաքրքիր դեպքեր Ձեր աշխատանքային գործունեությունից:
Մի անգամ եկել էին երկու զույգեր: Երկուսն էլ երկվորյակ էին, և ջրի երկու կաթիլի նման իրար նման: Ես ուղղակի զարմանում էի, թե ինչպես էին նրանք տարբերում իրար: Ներքին անհանգստություն ունեի. հանկարծ չխառնեին իրենց ամուսիններին:
Պրն.Ոսկանյանը մեզ ներկայացրած տվյալներից պարզ դարձավ, որ վերջին երկու տարիների ընթացքում ամենամեծ, թերևս հետաքրքիր զույգը, որ ամուսնացել է, տղամարդը եղել է 79տ., իսկ կինը` 50տ.: Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր զույգեր, ասենք, երբ տղամարդը 73տ. է, իսկ կինը` 48տ., տղամարդը` 72տ., իսկ կինը` 62տ.: Կամ ուրիշ հետաքրքիր տվյալներ, երբ կինը 39տ., իսկ տղամարդը 31տ.:
No comments:
Post a Comment