Friday, December 14, 2018

Քնել է պետք

Դատարկվեցի հանկարծ այնքան արագ, կարծես բավական երկար ժամանակ հավաքված կեղտաջուրը բաց թողեցին լվացարանից: Ջուրը դատարկվեց, բայց հոգուս պատերին թողեց գորշ իր հետքը: Եռանդով մաքրում եմ պատերը, փորձում վերադարձնել նախկին ճերմակը: Քնել է պետք: Վաղը նոր օր է, նոր պատեր և լիքը կեղտաջուր........

Friday, October 26, 2018

Չեմ սիրում

Չեմ սիրում, երբ մի ձեռքով բռնում ես ծխախոտը, իսկ մյուսով գրկում ինձ։ Դու դառնում ես մեծ կշեռք, իսկ ես  նժարներից մեկն եմ և միշտ պարտվում եմ մյուս նժարին դրված ծխախոտին։

Sunday, September 30, 2018

Մեկ րոպե մեռնելուց առաջ



Նայում եմ արևահամ երկնքին, նայում եմ կողքիս աղմկող ծաղիկներին, իրենց գլխով եմ անում, թե չեք հոգնել օրորվելուց։ Հետո կրկին նայում եմ վերև, վերև նայելը հույս է, կամուրջ դեպի անհայտություն, ու ես աչքերով քայլում եմ դեպի ազատություն։ 
Գլուխս դրել եմ փափուկ մետաղին, լսում եմ մետաղյա ռիթմիկ ձայնը, փորձում եմ երազել ծաղիկների մասին, որոնք խեղդվում են երկու մետաղյա ուղիների պայքարում և երազում են մեռնել, սակայն նրանք դատապարտված են ապրել և հաշվել մահեր։ Չգիտեմ` որերորդն եմ նրանց կյանքում, բայց իրենք միշտ վերջինն են։ 
Կրկին նայում եմ երկնքին, բայց քամին ու ծաղիկները պոկում են ինձ երկնքից, կարծես ինձ ասում են' ժամանակն է։ 
Գնացքը կուլ տվեց ինձ, հետո ծաղիկներին... իմ ծաղիկներին։ 

Դեռ երկար օրորվեցին ծաղիկները գնացքի և քամու հանդիպման վալսի տակ` իմ անթարթ հայացքի ներքո։



Sunday, August 26, 2018

իզուրը

աչքերս վերջապես փակեցի, որ քնեմ, պարզվեց` լուսաբաց է. գնացի սուրճ եփելու:
ձեռքս վերցրի քարը, որ  նետեմ լճակը, պարզվեց` ալիքներ արդեն կան.. քարը անիմաստ կախվեց ձեռքիցս` նետվելու հույսով:
անհամբեր պատրաստվում էի ուսումնական տարվան, պարզվեց` աշունը հետաձգվել է...
ուզում էի վճարել ավտոբուսի տոմսը, պարզվեց` դրամապանակս գողացել են, վարորդն էլ հավատաց` ոչինչ, իջիր:
բացեցի պատուհանը որ, գոռամ աշխարհին` սիրում եմ, պարզվեց` գիշեր է, և ինչ-որ տեղ կարթնանա մի երեխա, ում այդքան դժվարությամբ քնեցրել է իր քունը փնտրող մայրը:
տոմս գնեցի դեպի անհայտ քեզ մոտ, պարզվեց` աշխատանքի ես, ու ես միացրի հերթական սերիալը և լուռ կուչ եկա վերմակի տակ:
որոշեցի, այսօր հանգստանալու եմ, պարզվեց` երկուշաբթի է...



Sunday, July 8, 2018

Վարդավառը Վանաձորում

Երբ նստած ես հրապարակի նստարանին և նայում ես, թե ինչպես են բոլորը իրար ջրում ու մեկ-մեկ էլ քեզ հիշում, ու դույլով ջուրը լցվում է գլխիդ)) շնորհավոր բոլորի տոնը...




Sunday, July 1, 2018

Հոլին Վանաձոր էլ հասավ

Հոլին գույների փառատոնն է, որը նշվում է Հնդկաստանում` ազդարարելով գարնան գալուստը: Բայց դա չի խանգարում ամբողջ աշխարհին գույների փառատոն անել տարվա ցանկացած եղանակին և ցանկացած անկյունում. կարևորը ուրախ և գունավոր ժպիտներով վարակել շրջապատին:
Առաջին անգամ հոլին նշեցին վանաձորցիները:



Wednesday, April 4, 2018

Դատարկված լռություն

Մի գավաթ շամպայն ու մի տուն լիքը հիշողություն. որ կողմ շրջվեմ, դու ես. խոհանոցում՝ ծխախոտի տուփը, ննջասենյակում քո բույրն է, բաղնիքում՝ ատամի խոզանակդ իմ խոզանակի կողքին, իրենք երկուսով են, ես չեմ ուզում առանձնացնել նրանց:
Տունը լիքն է քեզնով, իսկ ես դատարկվել եմ. չկա տխրություն, չկա ուրախություն, պարզապես անհատակ դատարկություն է, որը ես փորձում եմ ծածկել անդեմ դիմակով, քանի որ վախենում եմ խեղդվել այդ դատարկ լռության մեջ լողալուց:
Լողալ սովորում են օվկիանոսում անգամ, իսկ դատարկության դեմ միայն մի դեղ կա. լցնել այն ամեն տեսակ անպետքով ու պճնանքով, հետո արդեն խեղդվել անպետք պճնանքից:

Wednesday, March 14, 2018

Մերկացած խաչը

Անքնությունը գցել է ինձ իր ցանցը, երբ սեփական շունչս դարձել է թշնամիս և չի թողնում քնել. աչքերս փակվում են, բայց կրկին անիծյալ շունչը ճչում է գիշերվա լռության մեջ:




Քո բացակա ներկայությունը ինձ մաշկազերծում է, և ես կուչ եմ գալիս. որ գոնե արյունլվա ձեռքերով գրկեմ խոցոտված հոգիս, բոլորին հեռացնելով իմ հոգուց, չթողնելով, որ ոչ ոք մոտենա, վախենալով կրկին խոցոտվել, ես դարձել եմ փայտե խաչ, որի թևերից կախված են երկաթյա նժարներ, որոնցից մեկում ցավն է, իսկ մյուսում՝ սիրտս, և նրանք վիճում են. թե ով է մյուսին կլանել.

Պարտությունը մոտ է, երբ մեկը մոտեցավ, պոկոտեց նժարները ու գրկելով մերկ խաչին շարունակեց քայլել իր կյանքի ուղին՝ լիզելով անմաշկ վերքերը...


Friday, February 23, 2018

Նա...

Նա սիրում էր երեք բան. կարդալ «Զարատուստրա», լսել Մոցարտ և ծխել սիգար:

Նա այնքան սիրեց երաժշտությունը, որ գնեց դաշնամուր և սովորեց նվագել:
Նա այնքան սիրեց անիմեն, որ սովորեց խաղալ գո:
Նա այնքան սիրեց կարդալ գրքեր, որ գնեց պրինտեր:

Համոզված էր, որ երբեք չի սխալվում և իր ճաշակը ստիպում էր ուրիշներին :
Փնտրում էր լավագույն լուծումը և միշտ էլ գտնում էր:
Ձգտում էր հաղթանակի, բայց հաղթելուց հետո միշտ կորցնում էր այն:

Նրա չափը չափազանցն էր, իսկ նպատակը՝ անցնել չափազանցը և մնալ հաղթող...

...Իսկ ես սիրում էի նրան:


Thursday, February 22, 2018

Փողոցը

Տղան վերցրեց հեռախոսը, որ նամակ գրի սիրած աղջկան, բայց փոշմանեց և մի անհամ անեկդոտ պատմեց կողքով քայլող ընկերոջը:
Աղջիկը, հեռախոսին նայելով, շշնջաց, որ կարոտել է, բայց փողոցը կուլ տվեց կարոտը:
Տաքսու վարորդը ձեռքով արեց աղջկան՝ թե քեզ էժանով կտանեմ:
Մի տղա ձեռքի ծաղիկը նվիրեց անծանոթ աղջկան և արագ հեռացավ աղջկա զարմացած հայացքի ներքո:
Փոքրիկ տղան բռի մեջ պատռելու աստիճան սեղմեց նկարը, որը պետք է նվիրեր հավանած աղջկան:
Կանգառում նստած պապիկը ուրախությունից գրկեց թոռնիկին, ով ժպտալով առաջին անգամ ծափիկ արեց:
Ավտոբուսից դուրս թռավ աղջիկը ու վազեց ժամադրությանը վայրում արդեն 40 րոպե սպասող ընկերոջ մոտ:
Շունը հանկարծակի շրջվեց. թվաց, թե իրեն է կանչում մանկությունից ծանոթ ինչ-որ հարազատ ձայն:
«Ի՞նչ առնեմ խանութից» ասելով՝ տղամարդը ձանձրույթով բեռնված քայլեց սուպերմարկետ:
Ականջակալներն ականջին՝ աղջիկը ժպտալով կանգ առավ մայթին՝ սպասելով կանաչ լույսին...



Sunday, February 11, 2018

Ծառը, որ մոռացել էր մեռնել


Ծերացել էր ծառը, նա էլ սրտատրոփ չէր սպասում գարնանը, թե երբ իր թևերին կթրթռան կանաչ արևները: 
Ախ այդ տերևները, այդ հավերժ երիտասարդ ու շատախոս. ծառը գիտեր նրանց տերև առ տերև, ճյուղ առ ճյուղ հիշում էր բոլորին... այ այս մեկը, շատ էր քնքուշ և սեթևեթում էր քամու հետ, իսկ այս մեկը խանդից իրեն ճյուղին էր դաղում, այս մեկն էլ սսկվել էր, կուչ եկել երկու ճյուղի արանքում:
Նրանք բոլորն այնքան տարբեր են և այնքան նման. բոլորը համոզված են, որ ծառը իրենց կմոռանա դեռ ձմեռ չեկած. բայց փորձում են անել ամեն ինչ, որ իրենց հետքը թողնեն ծառի աշխարհում: Նրանք չեն էլ պատկերացնում, որ երբ ձմռան քամին պոկոտում է վերջին տերևը ծառից, որպես հատուցում թողնում է բյուրեղյա փշրանք, որտեղ հավերժ սառել է տերևի ժպիտը, երբ նա առաջին անգամ տեսավ ծառին: 
Տարեց տարի ծառի տերևներին փոխարինում էին բյուրեղյա հայելիները, որտեղ սառել է տերևների շշուկը...
Եվ միայն արևն էր փնտրում իր արտացոլանքը ծեր ծառի ճյուղերից կախված կոտրված հայելիների մեջ, որտեղ թաքնվել էին տերևների փշրված երազները: