Ծերացել էր ծառը,
նա էլ սրտատրոփ
չէր սպասում գարնանը,
թե երբ իր
թևերին կթրթռան կանաչ արևները:
Ախ այդ տերևները,
այդ հավերժ երիտասարդ
ու շատախոս. ծառը
գիտեր նրանց տերև առ
տերև, ճյուղ առ ճյուղ
հիշում էր բոլորին...
այ այս մեկը,
շատ էր քնքուշ
և սեթևեթում էր
քամու հետ, իսկ այս
մեկը խանդից իրեն ճյուղին
էր դաղում, այս
մեկն էլ սսկվել
էր, կուչ եկել
երկու ճյուղի արանքում:
Նրանք
բոլորն այնքան տարբեր են
և այնքան նման. բոլորը համոզված են, որ ծառը իրենց կմոռանա դեռ
ձմեռ չեկած. բայց փորձում
են անել ամեն
ինչ, որ իրենց
հետքը թողնեն ծառի աշխարհում: Նրանք չեն էլ պատկերացնում,
որ երբ ձմռան
քամին պոկոտում է վերջին
տերևը ծառից, որպես հատուցում
թողնում է բյուրեղյա
փշրանք, որտեղ հավերժ սառել
է տերևի ժպիտը,
երբ նա առաջին
անգամ տեսավ ծառին:
Տարեց
տարի ծառի տերևներին փոխարինում
էին բյուրեղյա հայելիները,
որտեղ սառել է տերևների
շշուկը...
Եվ միայն
արևն էր փնտրում
իր արտացոլանքը ծեր
ծառի ճյուղերից կախված կոտրված
հայելիների մեջ, որտեղ թաքնվել
էին տերևների փշրված
երազները:
No comments:
Post a Comment