Եվ սա կոչվում է մոմ…Ինչ մոմ է սա, եթե նա դեռ այնքան անարատ է, կարծես չի էլ զգում իր մոմ լինելը…Չէ նրան անպայման պետք է մոմ սարքել, այլապես նա այդպես էլ դժբախտ կմնա… Նույնիսկ թելն է սպիտակ, որտե՞ղ եք տեսել մոմ` սպիտակ թելով…
Ահա, սկսեց մոմոտվել…Նրա պատերը սկսում են մեկը մեկի հետ վիճել, մեկը մեկի դեմ պայքարել, և սկսում է մոմե կյանքը: Ահա պատերից մեկը սկսեց հաղթել. նա ավելի է բարձրանում մյուսներից և իհարկե տոնում է իր հաղթանակը, բայց քիչ հետո նա կափսոսա իր հաղթանակի համար: Ահա, հիմա, արդեն կրակը գտել է իր զոհին… Մոմե արցունքները թափվեցին ներքև…
Իսկ թելը, ի՞նչ կարող է անել մի բարակ, կամազուրկ թելը. նա գլխիկոր տրվել է կրակե անհագ խմիչքին և մոռացել ամեն ինչ… Նա խեղդվում է արդեն, էլ չի կարողանում դիմանալ մոմե պատերի անտարբեր պարսպին, և հենց հիմա կլինի այն, ինչին սպասում է մոմը…Բայց ի՞նչ, ի՞նչ է լինելու:
Մո՛մ, ասա, ինչ է լինելու, ինչպես է վերջանալու այս խելահեղ գինարբուքը, դե ձայն հանիր, ինչո՞ւ ես լռում:
Լռությանն ավելացավ մթությունը…
No comments:
Post a Comment