Ով մտնում է դահլիճ, թատրոնը նրանն է... |
Նրա կյանքը մի մեծ թատրոն է. ծնողները թատերական
գործիչներ են, զավակները ևս թատրոնին են, թոռներից մեկն անգամ իր թատրոնն ունի՝
Փոփոխությունների թատրոն, իսկ երկու թոռնուհիները դերասան են հենց «Ագուլիս» թատրոնում:
-Դեռևս Խրիմյան հայրկին է
ասել, որ ազգի համար ամենակարևորը թատրոնն է: Անգամ եկեղեցին տարբեր է լինում՝
առաքելական, կաթոլիկ… իսկ թատրոնն ազգություն և կրոն չի
ճանաչում: Ով մտնում է դահլիճ, թատրոնը նրանն է. թատրոնը հանդիսատեսինն է:
Եկեղեցի գնում ես՝ հոգեպես մաքրվելու, քո վաղվա անելիքը, ճիշտ ճանապարհն ընտրելու համար: Այդ
նույն բանը կատարվում է թատրոնում ավելի հետաքրքրաշարժ ձևերով: Դերասանը բեմում
ինչ-որ քայլ է անում, դու էլ մտածում ես, որ դու էլ կարող ես:
-Ի տարբերություն այժմյան շատ թատրոնների՝ «Ագուլիս» տիկնիկային
թատրոն-ստուդիան չի հովանավորվում պետության կողմից:
-Ես ինքս եմ հրաժարվել
հովանավորչությունից, քանի որ ես եմ որոշում իմ թատրոնի դեմքը: Այնուամենայնիվ
թատրոնը փող սիրող արվեստ է: Ներկայացում ստեղծելու համար անհրաժեշտ միջոցները դերասաններն
են, իսկ դերասանն ուզում է վճարվել: Փող լինի և չլինի. հսկայական տարբերություն է:
«Ագուլիս» թատրոնը 23 տարի գոյություն ունի և այդ 23 տարին էլ հազիվհազ կարողանում
է ոտքի վրա կանգնել:
-21-րդ դարը համակարգչի դարն է, ինչքանո՞վ է արդիական այսօր
տիկնիկային թատրոնը երեխաների համար:
-Երբ երեխային հենց սկզբից
տիկնիկային թատրոն են բերում ծնողները, երեխան
սիրում, կապվում է թատրոնի հետ: Իսկ եթե երեխային հեռուստացույցի, համակարգչի մոտ
են նստեցնում, մուլտերն ու խաղերն է տեսնում, էլ սրտով չի կպնի թատրոնին: Հանդիսատեսը փոխվել է. նախկինում թատրոն
գալիս էր տատիկը՝ իր հետ բերելով թոռներին, նույնիսկ հարևանի երեխաներին, իսկ այժմ
մեկ երեխայի հետ գալիս է երկու-երեք մեծահասակ: Նույնիսկ չորս հոգու համար ենք խաղում.
երեխան եկել է թատրոն, նրան հետ չես ուղարկի, պետք է խաղալ:
Հայ մարդուն հատուկ բնավորություն ունեմ, իսկ հայը պարտություն չի հանդուրժում |
-Երեխաները բարդ հանդիսատե՞ս են:
-Ավելի պահանջկոտ են… Դժվար
է երեխաների հետ: Աշխարհով մեկ այս մասշտաբի փոքր թատրոններն են ընդունելի, որտեղ երեխան
դառնում է ընթացքի մասնակիցը, տիկնիկներն անընդհատ հարցեր են ուղղում դահլիճին: Եվ
նույնն էլ հանդիսատեսը եթե ինչ-որ բան ասաց, դերասանը պետք է պատասխանի, չի կարելի
է անպատասխան թողնել և շարունակել քո տեքստը, այդպես չեղավ…Թատրոնի աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում
քո ներկայությամբ:
-Ինչո՞ւ է այսօր թատրոնը կորցրել իր նախկին
կարևորությունը:
-Թատրոնները պարզապես ձևացնում են, թե կատարում են իրենց դերը: Միայն
տեխնիկական մասն է մնացել, իսկ առաքելությունը կորել է: Թատրոնը մարդկանց մտքերի
իշխողը պետք է լինի, և երբ մեր թատրոններն այս հարցում սկսում են մի քիչ կաղալ,
նրանց հետաքրքրությունը խիստ ընկնում է: Դրա համար էլ այս 20 տարվա թատրոնը որոշ ժամանակ անց կմոռացվի:
-Ո՞ր դերը կցանկանայիք խաղալ, որ այդպես էլ չի հաջողվել:
-Դոն Կիխոտը. նրա նման պայքարում եմ այս թատրոնում, քանի որ մանկական թատրոնի պատասխանատվությունը շատ
բարձր է: Եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, մեծահասակին կարող ես բացատրել, բայց
երեխային չես կարող: Նա քո ասածները չի հասկանա, նա միայն մի բան գիտի, եկել է
մկնիկին նայելու, իսկ մկնիկը չկա: Նրա համար դա մեծ վիշտ է:
-Արդեն կես դար է՝ ամուսնացած եք, ինչպիսի՞ ամուսին եք:
-Մի անշնորհք բան եմ արել
կնոջս՝ Մերիի նկատմամբ, որի համար չեմ ներում ինձ. նա հարսի շոր չի հագել: Կնոջ
համար դա… Ցավոք ուղղել այլևս հնարավոր չէ: Մայրս հաճախ էր ասում կնոջս. որ մի բան
ուզում ես նրանից, կարող է ամիսներով մոռանալ: Հետո մեկ էլ հանկարծ կբերի:
Ինքս ինձ դժվար եմ ճանաչում, չգիտեմ՝ ինչպիսին եմ: Իմ կարծիքով հայ
մարդուն շատ հատուկ բնավորություն ունեմ, իսկ հայ մարդը պարտություն հանդուրժել չի
կարողանում:
-Եղե՞լ է այնպիսի բան, որ զղջաք:
-Մեծ հաշվով՝ ոչ, ես շատ հանգիստ եմ իմ այսօրվա վիճակի մեջ: Ամենամեծ զղջումը կարող էր լինել, թե ինչու եկա Հայաստան, բայց դա երբեք չի եղել: Հայրենիքը ես շատ առարկայական եմ ընդունում, այս հողերի և իմ գեների միջև ինչ-որ աներևույթ կապ կա, և չես կարող դա հաշվի չառնել: Հայրենիքը լքող մարդը գտնվում է ակամա որբի կարգավիճակում:
-Դուք ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:
-Այո, շատ: Երբ երեխաները գալիս են ներկայացումից հետո շնորհակալություն են հայտնում, դա ամենաանկեղծ բանն է, այդտեղ ոչ մի խարդախություն չկա, անկեղծ երեխայի անկեղծ վերաբերմունքն է իմ նկատմամբ. «Ես գնում եմ Երվանդ պապիկի թատրոն»:
-80 տարին վաղուց արդեն անցյալում է, ի՞նչ խորհուրդ ունի
Ձեզ համար այդ տարիքը:
-Օգնել մարդկանց, որ նրանք
բնության հետ հակասության մեջ չլինեն: Այժմ սոսկում եմ այն մտքից, որ հանկարծ
Հայաստանից դուրս գամ ու… կա տարրական թվաբանություն, ես ավելի մոտ եմ վերջին, քան
երիտասարդները:
էն «մանգաղավոր մարդը» սպասում է, թե երբ ես պարապ լինելու, ու հոպ… |
-Երազանքներ ունե՞ք:
-Այո, շատ, ստեղծագործական
երազանքներն այնքան շատ են, որ անգամ ծիծաղելի է: Դրանք կարող են բավականացնել մի
ամբողջ ստեղծագործական կյանքի համար: Ամենացավալին այն է, որ այս տարիքում չեմ
կարողանում ստեղծագործել, շուտ եմ հոգնում: Ամեն պահ զբաղված եմ, և լավ է, որ այդ
ամենը կա, թե չէ շատ շուտ ծերությունը կհաղթի մարդուս: Տարիքն անմիջապես կբամփի գլխիդ, վերջացավ: Միշտ պետք է զգոն լինես, և
իմանաս, որ դու պարտավորություններ ունես կատարելու: Թե չէ էն «մանգաղավոր մարդը»
սպասում է, թե երբ ես պարապ լինելու, ու հոպ…
Երվանդ Մանարյանն ինքն էլ է ընդունում, որ չափազանց շատ է
խոսում թատրոնի մասին և ինչի մասին էլ զրուցում է, ամեն ինչ ավարտվում է թատրոնով:
No comments:
Post a Comment