Sunday, April 5, 2015

Ցեղասպանության «տուն թանգարան» և անմոռուկացված ժողովուրդ

Ապրիլի մեկին գնացել էի Ծիծեռնակաբերդ. դպրոցականներով ապրիլյան միամսյակի բացում էինք անում: Տարբեր լրագրողներ էին հավաքվել. սպասում էինք նախարարին: Մեկ էլ մի աղջիկ շնչակտուր մոտեցավ մեզ. «Սա՞ է ցեղասպանության տուն-թանգարանը»: Տեսնելով, որ մենք չգիտենք՝ ինչ պատասխանենք, շարունակեց. «Ինձ ասել են ստեղ գամ, ի՞նչ է լինելու ստեղ»: Միանգամից հասկանում ես, որ լրագրող է...

Տորթ, տարոսիկ, մեքենաների «վաճառվում է» գրվածի հարևան, պոպ-կորնի մեքենայի վրա, հեռախոս, ժամացույց... և սա դեռ ամենը չէ, դեռ ապրիլի 24-ին ժամանակ կա:



Ապրիլի 24-ին մարդիկ տխրեն, որ անձրև չի գալիս, չեն կարող օգտագործել իրենց ռազմահայենասիրական հովանոցները


Երեխաների հագուստի վրա կամ ինչու ոչ, ներքնազգեստի, դեռ չկա՞:


Նոր տեսականի.. անմոռուկի, թե կոշիկի, սակայն ինչ տարբերություն




Անմոռուկացված եսիմ ինչը
Անմոռուկացված Ծառը




Sunday, March 8, 2015

Top 8 կանայք...իմ ֆեյսբուքում

Նրանք ունեն տարբեր ճակատագրեր, տարբեր մտածելակերպ և տարբեր ուղիներ, բայց մի բանում նրանք նման են. նրանք միշտ պատրաստ են մարտահրավեր նետել կյանքին և հաղթել...



Անահիտ Կարապետյան

Անահիտը, Վանաձորի մեր շուխուրը, նրան կարելի է տեսնել շատ տարբեր կերպարներում՝ հայուհու տարազով հարսանիքներին պարելուց մինչև ալպինիստի մարզահագուստով Արագածի կամ մեկ այլ լեռան գագաթին: Նրա մեծահոգի սիրտն անտարբեր չի մնում Վանաձորի ցանկացած դեպքի համար՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...

Թամարա Գրիգորյան

Թամարան, վանաձորցի հարսը Քարվաճառում, ոչ ինքը չի ամուսնացել Քարվաճառցի տղայի հետ, ոչ, նա պարզապես գտել է իր նման մի գժի, և մեր երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Քարվաճառ՝ գտնելու իրենց երազանքը, բայց այնտեղ ամեն ինչ իրական է, իրական և դժվար, սակայն երկուսով ամեն ինչ կարելի է հաղթահարել՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...


Արաքս Պողոսյան
Արաքսը, մեր մայր գետ Արաքսի նման գիժ ու ուժեղ, ով հաճախ փոթորկվում է, իր ափերից դուրս գալիս...
Նրա անմիջականությունը, սրտացավ վերաբերմունքը իր պուճուրի նկատմամբ...
Ուժեղ կինը չի կարող ուժեղ մայր չլինել, ով փոխում է այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...



Արմինե Հովհաննիսյան

Արմինեն... ամենաջերմ ու ուրախ մարդը, ով աշխատում է ամենատխուր վայրերից մեկում: Բայց նրան հնարավոր չէ ոչ մի բանով ընկճել. նա միշտ կարողանում է գտնել իր մեջ ուժ և մի քիչ էլ waterիկանալ՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...


Նարինե Սաֆարյան
Նարինեն... Կյանքի գահավիժող եռացող լավայի դեմ միայն նա կարող է կանգնել... Նրա հանգիստ, հավասարակշռված կերպարը պարզապես զինաթափ է անում՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...


Մարիամ Պետրոսյան











Մարիամը, նրա մեջ գույները շատ են, և այդ գույները ճառագում են և արևի նման ջերմացնում մոխրագույն շրջակայքը՝ գունավորելով և պայծառեցնելով այն...փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...

Աղավնի Հարությունյան












Աղավնին, այդ միայն անունն է, որ խաղաղություն է խորհրդանշում, իրականում նա ամենաանհանգիստ մարդկանցից, ով միշտ զբաղված է նոր ծրագրերով, նոր գաղափարներով՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...




Նինա Իսկանդարյան




Նինան, իր խոհուն և ուղղամիտ մտքերով, անհամար քանակության լեզուների իմացությամբ միշտ գերում է ցանկացած մարդու, ցանկացած շրջապատի՝ փոխելով այս աշխարհը դեպի լավը, գոնե մի փոքր...

Sunday, March 1, 2015

ճանապարհ դեպի թագավորական պալատ

Մի քիչ թիթիզանալուց և ջրիկանալուց հետո այնուամենայնիվ որոշեցինք գտնել Հոլանդիայի թագավորական պալատը... բայց ասեմ, դա այնքան էլ հեշտ չէ: Մենք պետք է անցնեինք փորձությունների երկար ճանապարհ, գործեինք մանր-մունր լիքը սխրանքներ, հանդիպեինք վտանգավոր և ոչ այնքան կենդանիների, խուսափեինք ընկնել մեզ սպասող ծուղակները... այո, ճանապարհը դժվար էր, բայց այն արժեր անցնել, չէ որ մենք այնուամենայնիվ բացահայտելու էինք Դեն Հագում ծպտված թագավորին:


Դեն Հագի հենց սրտում գտնվող անտառի քարտեզը ասում էր, որ պալատը գտնվում է անտառում, ճահիճներով և երևի վտանգավոր թռչուններով լի էր մեր ճանապարհը: 



Մեզ սպասում էին ծպտված կենդանիներ, որոնք քարացել էին տարիներ շարունակ պահպանելու թագավորական ընտանիքի անդորրը:
Այո, Ճանապարհը զարտուղի էր և հաճախ գրեթե անանցանելի... դրա համար մենք գնում էինք նորմալ ճանապարհով, ոչ թե այս գետով:

Այս ծիտիկը այդքան միամիտ չէ, ինչքան առաջին հայացքից թվում է, նա նորին գերազանցության բանբերն է, սակայն մենք դա ավելի ուշ իմացանք, երբ արդեն չափազանց ուշ էր:

 Բայց դեռ փորձություններն առջևում էին, պետք էր կտրել անցնել պարանով կամուրջը, փայտե տախտակներով պատրաստված արահետը... դժվար էր, բայց մենք անխոնջ էինք ու համառ:

ևս մեկ ճահիճ մնաց հետևում

Այո, մենք պատրաստ էինք ամեն տեսակի փորձության
 Որպեսզի հասնենք նորին գերազանցությանը... Նորին գերազանցությո՞ւն!!!! Ես Ձեզ մի քիչ այլ կերպ էի պատկերացնում:

 Չէէէ, արդեն խառնել ենք ամեն ինչ, բայց ոնց որ թե ճահիճում գտնվող տեսախցիկից կարելի է եզրակացնել, որ շաաատ ենք մոտեցել պալատին:

Ահա և բաղձալի պալատը...


 Որը այդպես էլ մնաց բաղձալի...


Friday, February 20, 2015

Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ ուսուցիչ

Այսօր ինձ համար թանկ ՄԱՐԴՈՒ ծննդյան օրն է՝ Գագիկ Մկրտչյանի՝ Հայաստանի աշխարհագրության հետազոտություններում մեծ դեր ունեցած և իսկական պրոֆեսիոնալ իր գործում, բազմաթիվ դասագրքերի հեղինակ:
ՄԱԱՐԴ, ով մինչև կյանքի վերջին օրերը ցանկանում էր իր ներդրումն ունենալ Հայաստանի բարօրության գործում, ցավոք, ոչ միշտ էր նրան հաջողվում բյուրոկրատիայի պատը ջարդել,
ՄԱՐԴ, ում ցանկացած դիտողությունն ընդունել եմ,
ՄԱՐԴ, ում պակասությունը Հայաստանը չի կարող չզգալ...

Շնորհավոր ծնունդդ, Գագիկ, իմ մեծ ուսուցիչ


Իմ հարցազրույցը Գագիկ Մկրտչյանի հետ, Հայաստանի հողերի էրոզացման վերաբերյալ նրա մտահոգությունների մասին

Saturday, February 14, 2015

Իմ գարունը հիմա քնած է...



Քնած է հիմա իմ գարունը,..պառկել է աշուն տերևների գորգին, փաթաթվել է ձմեռ վերմակով, գլխի տակ դրել ամառ արևը և երազում տեսում է տարվա հինգերորդ եղանակ...

***
-Ծնողներս դեմ են, մենք չենք կարող այլևս հանդիպել,- կուլ տալով «ես քեզ կարոտում եմ»-ը՝ հորինեց աղջիկը:
Գույժը հեռախոսի լարով կտրեց անցավ հազարավոր կիլոմետրեր, երկրներ:
-Ինչպես ուզում ես,- լռեց տղան. կոկորդը խեղդում էր «ես էլ քեզ եմ կարոտում»-ը:
Եվ բաժանվեցին, քանի որ երկուսն էլ կարծում էին, որ իրենց սիրելին երջանիկ լինի...առանց իրենց:

***
Երկուշաբթի առավոտ
Հանգիստ խռմփոց, զարթուցիչի հիստերիկ ճիչ, կանացի հողաթափերի քսքստոց, թեյամանի թշշոց, սուրճի ֆըռթոց, լուռ փնթփնթոց, ջրի ծորակի ծույլ հորանջ, ծեր պահարանի ծեր դռան ճռռոց, օծանելիքի բուրումնալից ցայտոց, բանալու չըխկոց, բարձրակրունկի ձայնի աստիճանների կարոտ, համաչափ խռմփոց...

Tuesday, February 10, 2015

Սևանը, երդիկով տունը և խաչքարեր, խաչքարեր...

Թափառել տարբեր գյուղերում, քաղաքներում, թակել անծանոթ դռներ ու զրուցել մարդկանց հետ, պարզել, թե ինչն է նրանց անհանգստացնում...
Պատկերացնում եք անծանոթ մեկը դուռը թակում է և ձեզ հարցնում, ինչ խնդիր ունեք, չէ, ես չեմ եկել այն լուծելու, ընդամենը գրելու, որ դուք խնդիր ունեք: Այստեղ դու պատմում ես քո խնդիրների մասին, նա էլ մանրամասն գրում է... իսկ հիմա նայեք դռան մյուս կողմից... ավտոբուսը մի խումբ երիտասարդների քարքարոտ, խորդուբորդ ճանապարհներով տանում, հասցնում է մի գյուղ (հա, հենց ձեր գյուղը), որտեղ նրանք երբեք չեն եղել, երևի երբեք էլ չեն լինի (ցավոք): Նրանք դուրս են գալիս ավտոբուսից ինչպես մեղուները փեթակից՝ խոստանալով անպայման իրենց հետ բերել նեկտարը....այսինքն ձեր խնդիրները:

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի տունը, որ երդիկով էէէէ

իսկական երդիկով..... և ոչ մի լուսամուտ
երբ ասում էին՝ տունը սյուների վրա է պահվում, այս տան մասին էր

ամեն մի սյուն իր առաքինությունն ունի

սյուների արանքում կուչ են եկել մահճակալները
 Լվացքը տան անձնագիրն է, ընտանիքի բոլոր գաղտնիքների մատնիչը, այն հայկական ընտանեկան ավանդույթի անբաժանելի մասն է շատ վաղուց...


Հայաստանում դու կարող ես դիպչել պատմությանը, այս խոսքերը իմը չեն, իմ ընկերներից մեկինը, ով եկել էր Հայաստան, և զգուշորեն դիպչում էր գետնին ընկած, չէ, դարերից տապալված խաչքարը... 
Այստեղ հրաշք է. կարող ես կտրել, անցնել անանցանելի ճանապարհներով, հասնել մի վայր, որտեղ դեռ կանգուն են դարերի վիշտը ծաղկաքար պահած խաչքարերը...


Այդ պահին մոռանում ես ամեն ինչ, թե ճանապարհը, թե ճանապարհային անիմաստ զրույցները, որոնք ծնվում են միայն ճանապարհը կրճատելու համար... և պարզապես ծնկի ես գալիս քարացած դարերի առջև, փորձում ձեռքդ մեկնել դարերի միջով և դիպչել վարպետի մատներին, որոնք անմահացել են խաչքարի զարդանախշերում:


Իսկ երբ տեսնում ես, որ մի «խելացի» որոշել է «անիմաստ շաղ տված քարերին» իր կարծիքով երկրորդ կյանք տալ և սարքել աղբյուր, թվում է՝ այդտեղից եկող ջրից արյան համ է գալու, խաչքարի արյան...



Հայրիվանքը կամ Այրիվանքը... այո, հենց ինքը, «Գևորգ Մարզպետունի» վեպի վանքն է...




 Եվ կրկին ճանապարհ, որի վերջում երկնքին ձուլված, երկնքի և երկրի միջև երիզված գոտի Սևանն է...


Սևանը հրաշք է տարվա բոլոր եղանակներին..
Մի պահ վախեցա... Սևանը ձմռանը ճայերինն է... այստեղ մարդուն չեն սպասում


Սևանը չի սպասում, սպասում են ափին՝ տնից, տեղից բերված հին սափորներով, ափսեներով, որ հուսով են՝ կծախեն ինչ-որ մի տուրիստի վրա...


խարխուլ կամուրջը քեզ տանում է դեպի խարխուլ կառամատույց, որտեղ կսպասի խարխուլ մակույկը, որտեղ կխարխուլվես և դու՝ երազելով գտնել Սևանի հոգին...