Tuesday, February 10, 2015

Սևանը, երդիկով տունը և խաչքարեր, խաչքարեր...

Թափառել տարբեր գյուղերում, քաղաքներում, թակել անծանոթ դռներ ու զրուցել մարդկանց հետ, պարզել, թե ինչն է նրանց անհանգստացնում...
Պատկերացնում եք անծանոթ մեկը դուռը թակում է և ձեզ հարցնում, ինչ խնդիր ունեք, չէ, ես չեմ եկել այն լուծելու, ընդամենը գրելու, որ դուք խնդիր ունեք: Այստեղ դու պատմում ես քո խնդիրների մասին, նա էլ մանրամասն գրում է... իսկ հիմա նայեք դռան մյուս կողմից... ավտոբուսը մի խումբ երիտասարդների քարքարոտ, խորդուբորդ ճանապարհներով տանում, հասցնում է մի գյուղ (հա, հենց ձեր գյուղը), որտեղ նրանք երբեք չեն եղել, երևի երբեք էլ չեն լինի (ցավոք): Նրանք դուրս են գալիս ավտոբուսից ինչպես մեղուները փեթակից՝ խոստանալով անպայման իրենց հետ բերել նեկտարը....այսինքն ձեր խնդիրները:

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի տունը, որ երդիկով էէէէ

իսկական երդիկով..... և ոչ մի լուսամուտ
երբ ասում էին՝ տունը սյուների վրա է պահվում, այս տան մասին էր

ամեն մի սյուն իր առաքինությունն ունի

սյուների արանքում կուչ են եկել մահճակալները
 Լվացքը տան անձնագիրն է, ընտանիքի բոլոր գաղտնիքների մատնիչը, այն հայկական ընտանեկան ավանդույթի անբաժանելի մասն է շատ վաղուց...


Հայաստանում դու կարող ես դիպչել պատմությանը, այս խոսքերը իմը չեն, իմ ընկերներից մեկինը, ով եկել էր Հայաստան, և զգուշորեն դիպչում էր գետնին ընկած, չէ, դարերից տապալված խաչքարը... 
Այստեղ հրաշք է. կարող ես կտրել, անցնել անանցանելի ճանապարհներով, հասնել մի վայր, որտեղ դեռ կանգուն են դարերի վիշտը ծաղկաքար պահած խաչքարերը...


Այդ պահին մոռանում ես ամեն ինչ, թե ճանապարհը, թե ճանապարհային անիմաստ զրույցները, որոնք ծնվում են միայն ճանապարհը կրճատելու համար... և պարզապես ծնկի ես գալիս քարացած դարերի առջև, փորձում ձեռքդ մեկնել դարերի միջով և դիպչել վարպետի մատներին, որոնք անմահացել են խաչքարի զարդանախշերում:


Իսկ երբ տեսնում ես, որ մի «խելացի» որոշել է «անիմաստ շաղ տված քարերին» իր կարծիքով երկրորդ կյանք տալ և սարքել աղբյուր, թվում է՝ այդտեղից եկող ջրից արյան համ է գալու, խաչքարի արյան...



Հայրիվանքը կամ Այրիվանքը... այո, հենց ինքը, «Գևորգ Մարզպետունի» վեպի վանքն է...




 Եվ կրկին ճանապարհ, որի վերջում երկնքին ձուլված, երկնքի և երկրի միջև երիզված գոտի Սևանն է...


Սևանը հրաշք է տարվա բոլոր եղանակներին..
Մի պահ վախեցա... Սևանը ձմռանը ճայերինն է... այստեղ մարդուն չեն սպասում


Սևանը չի սպասում, սպասում են ափին՝ տնից, տեղից բերված հին սափորներով, ափսեներով, որ հուսով են՝ կծախեն ինչ-որ մի տուրիստի վրա...


խարխուլ կամուրջը քեզ տանում է դեպի խարխուլ կառամատույց, որտեղ կսպասի խարխուլ մակույկը, որտեղ կխարխուլվես և դու՝ երազելով գտնել Սևանի հոգին...

No comments:

Post a Comment