Showing posts with label 100 դրամ. Show all posts
Showing posts with label 100 դրամ. Show all posts

Tuesday, June 21, 2011

«Սա սկիզբն է, սպասեք երթուղայինների թանկացմանը»


Թեև միայն այսօր է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտնել, որ հուլիսի 1-ից թանկանալու է մետրոյի սակագինը` դառնալով 100 դրամ` այժմյան 50դրամի փոխարեն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն սկսել է «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» արշավ, որտեղ հավաքվել են հազարից ավելի մասնակիցներ:

Ի դեպ, մասնակիցները նաև իրենց բողոքն են արտահայտում անմիջապես Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում:

Արման Գևորգյանը կոչ է անում պարզապես հեռացնել քաղաքապետին` պատճառաբանելով, որ նա աշխատում է ոչ թե ժողովրդի, այլ ոմանց պահանջները իրականացնելու համար:

«Մետրոյից հիմնականում օգտվում են մեծահասակները ու ուսանողները, իսկ գինը թանկացնելով, նա անմիջապես դիպչում է հենց այս խավին։ Հարմար ժամանակ է գտել թանկացնելու, երբ ուսանողներն արդեն վերջացնում են ուսումնական տարին ու դիմադրություն չեն կարող ցուցաբերել։ Իսկ սեպտեմբերին արդեն ուշ կլինի»,- գրում է Արմանը:

Մարիամը համաձայն է թանկացման, սակայն կա մեկ «եթե». «Թանկացման շնորհիվ կկառուցվեն նոր կայաններ` Մալաթիա-Սեբաստիա, Զեյթուն, Ռայկոմ, Նոր Նորքի զանգվածներ, Ավան… Բայց ես համոզված եմ, որ քաղաքապետարանը նման ծրագրեր չունի»:

Մինչդեռ Անահիտ Մանուկյանը նշում է, որ բազմաթիվ երկրներում է մետրոյի ժետոնը բավականին թանկ Հայաստանից. «Մոսկվայում 28 ռուբլի է, այսինքն` մոտավորապես 370 դրամ` մոտ 7 անգամ թանկ, քան մեզ մոտ, բայց այնտեղի աշխատավարձը հաստատ 7 անգամ բարձր չէ»:
Բողոքը` բողոք, բայց քաղաքացիները «հաշտված» փնտրում են վիճակից դուրս գալու ուղղություններ:

«Վաղը մի 500 հատ ժետոն աչքիս առնեմ: Մեկ է մետրոյով եմ ամեն օր դասի գնում գալիս»,-ասում է Մերի Պրազյանը:

Հովիկ Հովհաննիսյանն էլ առաջարկում է ալտերնատիվ միջոց. «Ասում են` որոշ "չզարգացած" երկրներում հեծանիվը ծառայում է որպես փոխադրամիջոց: Ասում եմ` կարող է հպարտություններս դնենք մի կողմ, մենք էլ հեծանիվին անցնենք»:

Իսկ Արմինե Գեղամյանն արդեն նախապատրաստում է մյուսներին. «Սա սկիզբն է, սպասեք երթուղայինների թանկացմանը»: