Showing posts with label Պետերբուրգ. Show all posts
Showing posts with label Պետերբուրգ. Show all posts

Thursday, May 8, 2014

Հայ ժողովրդի ռուս դուստրը


«Ես երբեք չեմ զգացել, որ օտար եմ Հայաստանում, ինձ երբեք չեն ասել՝ վայ դու ռուս ես… Այդպիսի բան չի եղել: Երբ ինձ հարցնում են, թե ո՞վ եմ ազգությամբ, ես ծիծաղելով ասում եմ՝ հայ ժողովրդի ռուս դուստրն եմ: Հիմա Ռուսաստանը այն չէ, որտեղ ես ապրել եմ, շատ է փոխվել»,- պատմում է 82-ամյա Կեննա Միրզոյանը, ով այժմ վայելում եմ իր ծերությունը՝ շրջապատված երեխաներով և թոռներով:

Սակայն այս փոքրամարմին կինը իր կյանքում մեկ պատերազմ չէ, որ ապրել է:

1941թ Կեննան ծնողների հետ ապրում էր շրջափակման մեջ գտնվող Սանկտ-Պետերբուրգում: «Երբ պատերազմը սկսվեց, հայրս որոշել էր, որ ես ու մայրս դուրս գանք քաղաքից, սակայն մայրս դեմ էր, և այդպես էլ մնացինք: Դժվար օրեր էին, հիշում եմ, որ ես ու մայրս բարձրանում էինք տանիք, հանգցնում էինք չպայթած ռումբերը: Ուտելիք չէր ճարվում. երբ մայրս հաց էր տալիս ուտելու, ինքը երբեք իմ կողքին չէր նստում, ուտում, ամբողջն ինձ էր տալիս: Մի առավոտյան արթնացա, տեսնեմ, որ հայրս մեր կատվին է մաշկահանում: Մի ամբողջ ամիս դիմակայեցինք կատվի մսով»,- հիշում է Կեննա տատիկը:

1941թ. դեկտեմբերին Կեննայի հայրը մահացավ սովից, մի ամիս հետո մայրը, և 15 օր միակ դուստրն ապրել է մահացած ծնողների հետ: Այդ ժամանակ Կեննան ընդամենը 9 տարեկան էր:
Ծնողների մահից հետո Կեննային և այլ երեխաների Լադոգա լճով դուրս բերեցին Պետերբուրգից: «Ավտոբուսը, որը մեզ տանում էր, ամբողջությամբ ծակծված էր կրակոցներից, և մենք այդպես նայում էինք ճանապարհին»,- ամեն անգամ վերապրում է 82-ամյա տատիկը:

Կեննայի մայրը սովորել է ազնվական օրիորդների դպրոցում և հենց այդ սկզբունքներով է դաստիարակել իր միակ դստերը: Նույնիսկ Կեննայի անունը ֆրանսիական վեպերից մեկի հերոսուհու անունն է. մայրը շատ էր սիրում ֆրանսիական գրականությունը:

«Երբ մանկատանը ուտելիք բերեցին, ես չէի ուտում, երբ հարցրին՝ ինչու. ասացի՝ պատառաքաղ ու դանակ չունեմ»,- այսքան տարիներ անց ժպիտով հիշում է տիկին Կեննան: Նրա ականջներում մինչև այժմ էլ մոր տրված ամենակարևոր դասերից մեկը. «Կինը բարձրաձայն չի խոսում, կինը արագ չի քայլում»:

Մանկատանն օրերն անցնում էին «մանկատան նման»: Եվ մի օր էլ մանկատան տնօրենը երեխաներին հավաքեց և հայտարարեց՝ երեխաներ, պատերազմն ավարտվել է, հաղթել ենք: 1945թ. մայիսի 9-ն էր:
Ուսանողական տարիներին հանդիպեց ամուսնուն, որը գյումրեցի էր: Կեննային ոչինչ չէր կապում Ռուսաստանի հետ, դրա համար ամուսնության առաջարկն ընդունեց և 1956թ. ապագա ամուսնու հետ եկավ Հայաստան: 




Ամուսինը մահացել է, սակայն նա միայնակ իրեն չի զգում, քանի որ բնակվում է որդու ընտանիքում: Կեննա տատիկն ունի 2 զավակ և 5 թոռ: Նա լավ գիտի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական գրականությունը, ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը: Հայաստան տեղափոխվելու 3 տարի հետո արդեն ազատ խոսում էր հայերեն, գիտեր հայ տառերը: Իր թոռներին սովորեցնում է այն, ինչ մայրն է իր ժամանակին սովորեցրել. Լուվրից, ֆրանսիական մշակույթից:

Միրզոյանների ընտանիքում մայիսի 9 և շրջափակման հանման օրը՝ հունվարի 27-ը, ավելի է գնահատվում, քան նույնիսկ ծննդյան օրը: Մայիսի 9-ին Կեննա տատիկն ամբողջ օրը հեռուստացույց է նայում: Երեկոյան ընտանիքով հավաքվում են, երգում պատերազմին նվիրված երգերը:

Կեննա տատիկը սրբորեն պահում է իր բոլոր մեդալները, որ ստացել է իր կյանքում, սակայն ամենաթանկը նրա համար շրջափակման 900 օրերի մեդալն է. «Շրջափակման մեջ գտնվողները հավասարվում են հայրենական մեծ պատերազմի վետերաններին,- նրա կապույտ աչքերը տխրեցին,- Հիմա Վանաձորում ընդամենը մի քանի հոգի է մնացել, որ շրջափակման մեջ են եղել: Դե տարիներն անցնում են...»: