
Նրանք տեսել էին,
թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո
ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել
էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել
այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ
կտորներով բեռնված քարավանները:
Եվ մի գեղեցիկ
օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից
հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին
կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի
այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում
է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին
Աստծուն:
Այդպես անցան
երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն
ու տարան:
Առաջին մայրուց
փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից
գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները
վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին
երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն
օգտագործել այն»:
Ժամանակն անցնում
էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը
լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և
հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի
վրա:
Եվ հենց այդ պահին
առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի
ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի
գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված
էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց
սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց
այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու
և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան
երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ
կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից
և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել
երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ
Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի
և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան
երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների
հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:
No comments:
Post a Comment