Saturday, December 21, 2013

իմ 2013 թվականը

Այսօր, դեկտեմբերի 21-ին, տարվա ամենաերկար գիշերը, որոշել եմ հիշել ամբողջ տարին մոմ առ մոմ վառել բոլոր հուշերը, որ նրանք վառվեն ոչ միայն իմ սրտում...

Մի քանի տարի ընդմիջում հետո կրկին Նոր տարին ընտանիքիս հետ

Ավտոբուսով ձմռանը նման հրաշալի մարդկանց հետ շրջել Հայաստանի հյուսիսով և այցելել տասնյակ գյուղեր, խոսել մարդկանց հետ, փորձել հասկանալ...(Լոռի, Օձուն)

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի շրջանակներում գործող Մեդիա դպրոցի ղեկավար... իմ ամենաերկար «պաշտոնը»)))

Կան մարդիկ, որոնք քո կողքին են լինում, նույնիսկ երբ դու քնած ես...

Ոտաբոբիկ քայլել 2 կմ-ոց  արահետով, որտեղ կային տարբեր նմանատիպ ատրակցիոններ: Ուզում եմ անպայման Վանաձորում էլ նման վայր ստեղծել: (Վալմիերա, Լատվիա)

Այս նկարից հետո ես համոզվեցի, որ ֆոտոգենիկ լինելը կախված է լուսանկարչից))

30-ամյակս... ծնունդ, որ ինձ համոզեց, որ եկել է քարերը հավաքելու ժամանակը՝ սակայն չմոռանալով, որ դեռ էլի է պետք նետել:
Ռուբեն Սուվարին, հարազատ ընկեր, որ մի քանի օրում կազմակերպեց մեր նկարների ցուցահանդեսը:
 

Իմ հարազատ և միակ ընտանիքը, որն արավ ամեն ինչ՝ այդ օրը անմոռանալի և հրաշք դարձնելու համար:

Ես ունեցա իմ գիրքը...

Մակագրում եմ գիրքս իմ լավ ընկեր Սերգեյին. այս տարվա հայտնության տիտղոսին լրիվ արժանի մարդուն))

Հաղարծինում եթե եղել եք, ապա պետք է անպայման լինեք այս քարի տակ՝ Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից մեկը: Լուսանկարը՝ տարվա մեկ այլ հայտնության՝ Տիգրանի

Այս նկարը իմ նկարների մեջ ճանաչվել է «տարվա լավագույն լուսանկարը»՝ «Հավատքի և կոմունիզմի մեջտեղում»

Մեր քաղաքի ուրախությունը՝ Էկոբասը, որի ծնունդով հեռվից հեռու ուրախանում էի և ափսոսում, որ չեմ կարող մասնակցել: Ոչինչ, մյուս տարի դեռ լիքը գործ կա անելու:

ԳԼՕ... եթե ինձ առաջարկեն գնալ Եվրոպա մի շաբաթով, բայց դա համընկնի ԳԼՕ ճամբարի օրերի հետ, ես առանց վարանելու կընտրեմ ԳԼՕ ճամբարը, քանի որ այն ինձ ստիպում է լինել ինձնից լավը...

Եվս մեկ մարդ, որ ստիպում է լինել ինքներս մեզնից լավ: Նրա համար պետք է ամբողջ ժողովրդով հոտնկայս երգենք. նա արժանի է ավելիին:

Լոռվա բերդի ձորում՝ կամրջի վրա: Մի վայր, որտեղ եղել էի 15 տարի առաջ:

Իմ կողպեքը, որը կախվեց Գաղտնիքի օրը՝ նոյեմբերի 8-ին, Վանաձորի Գաղտնիքի կամրջի վրա: 

ու ես մենակ չէի... Ցավոք մի քանի օր հետո բոլոր կողպեքները ջարդեցին ինչ-որ մարդիկ՝ գողանալով ուրիշների երազանքները

Իմ սիրելի «Ա1+»-ի հետ!

Այս պահը կարելի է համարել տարվա ամենամեծ գաղտնի օպերացիան:)))

Մայիսի մեկը նշելիս

Այս ծաղկեփունջը երկար ճանապարհ է անցել, ծաղիկ առ ծաղիկ ծնվել է երկու գժերի՝ Գագիկի և Սպարտակի շնորհիվ

Երևանին հրաժեշտ տալիս, առավոտյան ժամը 4 կամ 5...

Մորզեի այբուբենը իմ ու քրոջս սենյակի պատերին: Խեղճ հայրիկս մեր ձեռքը կրակն է ընկել:

Եվս երկու րոպե, և ես կհայտնվեմ օդապարիկի մեջ: (Լատվիա)

Արիստոկրատական առավոտ. Նշում ենք բարոնուհուս կոչումը (Լատվիա)
 

Մեր գժական խումբը: Փորձեք ձեր կյանքում անպայման մասնակցել EVS-ին:

Այոոո, հայկական խորովածը պետք է համտեսեն բոլորը (Լատվիա)

«Վալմիերա գավաթ» օդապարիկների փառատոնին. բացման խոսքն իմն է )

Երկու գիշեր, երեք օր... այդքան տևեց ճամփորդությունը Էստոնիայում, որտեղ զգացինք թափառաշրջիկի կյանքի բոլոր մանրամասները՝ քնել խոտածածկ գետնին, ճաշակել ավտոկայանից դուրս հանելու «հաճույքը», լուսացնել սրճարանում մի բաժակ թեյով, ոստիկաններին ապացուցել, որ դու չափահաս ես)))
 Հին քաղաքի պարիսպների մուտքի մոտ (Տալին, Էստոնիա)

Վերջապես իմացա, որ Տարտուի համալսարանը նույն հայտնի Դորպատն է:

Պարզապես գնում ենք սրճարան: Տալինի հին քաղաքում բոլոր հնարավոր և անհնար վայրերում կարելի է գտնել սրճարաններ:

Թագավորական պալատում (Ստոկհոլմ, Շվեդիա)

Սարին և Յանան, իմ հավատարիմ ուղեկիցները մեր ուղևորությունների ընթացքում: (Ստոկհոլմ, Շվեդիա)

Լուսաբացը Բալթիկ ծովում: Երբ մենակ ես ամբողջ կառամատույցի վրա ու ցանկանում ես գոռալ հիացմունքից:

մի բուռ Արև..

Երբ կարող ես պարզապես Մոսկվայում իջնել մի քանի ժամով և գտնել փոքրիկ Հայաստան իր մեծ սրտով:

Կարոյի ծնունդը նշեցինք Մոսկվայում: Ինձնից լավ նվեր??? )))

Սպոոոն իր նման կազմակերպեց ամեն ինչ, որ ես պարզապես վայելեմ Մոսկվան թեկուզ մի քանի ժամով: Նույնիսկ իր պատրաստած անմահական սուրճից հյուրասիրեց))) (Հայկական եկեղեցին, Մոսկվա)

Սպոյի ապարատի՝ իմ վերջին նկարը .... 2013թ.(((

Այ այսպես են դիմավորում, երբ մի երկու ամիս Հայաստանում չես լինում... փուչիկներով, աղուհացով)))

Հաջողվեց երկու հզոր կազմակերպությունների՝ Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի շնորհիվ կազմակերպել թրեյնինգ լրագրողների համար իմ սիրելի թրեյներ Թոմաս Ատկինսի հետ

Եվս մեկ թրեյնինգ լրագրողների համար, այս անգամ ինձ համար թանկ «Իմեջինի» հետ: 

Երբ փողոցում անծանոթը մեկնում է քո սիրած ծաղիկը և խնդրում, որ վերցնեմ...ինչպես մերժել..

Վանաձոր, Դիլիջան, Սևան, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Երևան, Ապարան, Սպիտակ, Վանաձոր... այս ամենը մեկ օրում իմ երկու եղբայրների և հորեղբոր հետ: (ինչ-որ տեղ այս նշածներիցս մեկի ճանապարհին)
   

Ուսանողներիս կազմակերպած առաջին բանավեճը... շատ բուռն էր)))

Ինձ նման գժեր դեռ կան. ես, Անին, Պուխը և Նապոն թեյում ենք:

Տասը տարի առաջ մեր կուրսի Աշոտը ոգևորված մտավ լսարան և ցույց տվեց «Իսպանական կենտրոնի» կնիքը:

Թոմը Վանաձոր եկավ այս տարվա ամենաձյունառատ օրը:

Շատ են այն մարդիկ, որոնց հետ ծանոթացա այս տարի և որոնք դարձան ինձ հարազատ միանգամից, մի վայրկյանում, հանկարծակի...  դուք այս տարվա իմ գանձն եք...

Thursday, December 12, 2013

Կիսատը...

Կիսամութ, կիսալույս մի սենյակ, 
Կիսասեր, կիսախանդ հայացքներ, 
Կիսատաք, կիսապաղ գինու բաժակներ, 
Կիսակարոտ իմ ձեռքերը կիսաորբ քո մազերում, 
Կիսակիրք քո ձեռքերը ապրեցնում են կիսամեռ իմ մաշկին,
Կիսակարոտ իմ շուրթերը ծարավ են կիսաքաղցր քո շնչին...
Կիսալուրջ, կեսկատակ համբույրներ,
Կիսահետք քո քայլերը հեռանում են կիսախարխուլ իմ տնից,
Կիսափառ հաղթանակը լուռ երգում է կիսասպան իմ հոգում:
...Կիսավարտ, կիսասկիզբ մի պատմություն,
որ կրկնվում է ամեն կիսաօր:


Friday, December 6, 2013

Թիթեղյա եկեղեցին՝ Սպիտակի հարության խորհրդանիշ

Սպիտակը 25 տարի հետո ամբողջովին վերափոխվել է. նոր շենքեր, նոր մարդիկ, խանութներ, դպրոցներ, սակայն քաղաքի գրեթե ցանկացած հատվածից քաղաքն է հսկում թիթեղե եկեղեցին, որը վեր է բարձրացել 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի գերեզմանների վերևում՝ թմբի վրա՝ ամեն պահի հիշեցնելով անցյալը:
Մանրամասն հոդվածը՝ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթում


Friday, November 8, 2013

Լռության 2880 րոպեն

Ուզում էի այնպես գրել, որ հենց լրանան այս լռության րոպեները, միանգամից տեղադրեմ, բայց հասկացա. ես բաց կթողնեմ ամենակարևորը պահը, ինչ զգացի, երբ «կարող եմ» կրկին խոսել և որն է իմ շրջապատի վերաբերմունքը...
Այս տողերը գրում եմ իմ լռության 2871-րդ րոպեին... հիմա ես հասկանում եմ բանտարկյալներին: 
Չեմ ցանկանում ոչինչ անել,  թե՞յ եմ ուզում, ոչ, հետո, գնա՞մ կողքի սենյակ, ոչ, հետո... բոլոր գործերը հետաձգել եմ և ինչո՞ւ... լռությա՞ն պատճառով:

Մեր տան անդամներն անգամ լարված են. բոլորը սպասում են այդ պահին, թե երբ եմ խոսելու...(մայրիկս նույնիսկ ասաց, որ ձայնս կարոտել է) նրանք նույնպես հետաձգել են իրենց գործերը, ինչի՞ն են սպասում, լավ, ասենք սկսեցի խոսել... առաջին բառը... որն է լինելու առաջին բառը... չգիտեմ...
...Պարզվեց՝ իմ առաջին բառը իմ քրոջ անունն էր, որը վերջին րոպեներին ամեն գործ թողած սպասում էր, թե երբ եմ խոսելու...


ԵՎ այսպես, երկու օր լռություն...
Հենց առաջին րոպեները փոքր եղբայրս էր կողքիս, անընդհատ ծաղրում էր, խղճում ինձ, ընտանիքիս մյուս անդամներիս կողմից որոշումս ընդունվեց զարմացած ժպիտով՝ ինչո՞ւ: Հետո սկսվեց ինձ փորձարկելու պահերը. «Իսկ ի՞նչ կանես, եթե...», «Բա՞ որ...»:
Դա դեռ տանը, որտեղ սովոր են իմ «տարօրինակ» արարքներին: Իսկ երբ դուրս եկա, առաջինը ուսանողիս պատահեցի, պետք է ասեմ, որ մի քիչ տարօրինակ էր նրա հետ խոսակցությունը, մանավանդ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է իր դասախոսը խոսում իր հետ գրելով. «Գրազ եք եկե՞լ»,- եզրակացրեց նա...

Ուրեմն լռել նշանակում է պարտվել, հակառակ դեպքում ինչո՞ւ լռել, խոսել, խոսել, խոսել...
իսկ երբ լռում ես, մարդիկ սկսում են քեզ հետ լռել: Ինչ սկսել եմ խոսել, ամեն անգամ մի միտք հայտնելուց մի պահ մտածում եմ՝ կարո՞ղ եմ խոսել: Ի՞նչ է պետք է երջանկության համար, զրկիր քեզ հասարակից և կսկսես գնահատել այն... 
Նրանք, ովքեր նախկինում չէին խոսում, սկսեցին խոսել. «Ախր դու լռում ես, ստիպված մենք ենք խոսում»:

Այս հետաքրքիր փորձությանը ես միայնակ չէի մասնակցում, ինձ հետ էին իմ ուսանողները, որոնք ևս զվարճալի, նույնիսկ տխուր պատմություններ ունեն: Կային մարդիկ, որ ասում էին՝ բայց կարող եք խաբել և խոսել... այդպես էլ չհասկացա, թե ինչու պետք է խաբեմ, չէ որ ես ուզում եմ փորձել ինքս ինձ, ես չեմ ուզում ոչ մեկին ապացուցեմ, ես կարող եմ դա, թե ոչ, սա էր իմ խնդիրը...

Փորձել եք առևտուր անել՝ մեկնելով թուղթը, որտեղ գրված է, թե ինչ եք ուզում գնել: Վաճառողները միանգամից սկսում են շշուկով խոսել քեզ հետ, ոմանք ընդհանրապես անցնում են ձեռքի շարժումներով բացատրելուն. եթե չես խոսում, ուրեմն չես լսում...
Երկու օրվա ընթացքում ամենից շատ ուզեցի խոսել թրեյնինգի ժամանակ, երբ ես թրեյներներից մեկն էի... ու հասկացա, որ սա հենց այն գործն է, որ ես ուզում եմ շարունակել:
Միակ տեղը, որտեղ ես մոռանում էի, որ չեմ խոսել, այո... համակարգիչն էր, ինտերնետը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ինտերնետը մեզ տանում է նրան, որ մենք մոռանանք խոսելը...
Տարբեր մարդիկ պատահեցին, որոնք զարմացած անցան՝ համարելով հիմարություն, որոնք ինձ համարեցին գիժ և մի քիչ նախանձեցին, քանի որ իրենք չեն կարող անել, մարդիկ, որոնք համարեցին դա լավ միտք և որոշեցին փորձել իրենք էլ...
Ասում են՝ երբ ուզում ես ստանալ այն, ինչ չունես, պետք է անես այն, ինչ չես արել... փորձեք դուք էլ...

Monday, November 4, 2013

ճանապարհորդություն անցյալով

Ճանապարհ դեպի անցյալ


Լոռվա ձորի հազարամյա կամուրջը

Լոռվա ձորերից մի պատառիկ


հազարամյա կամարը հազարամյա գետին


Լոռվա բերդը


Աշնան արև

Լոռվա բերդը վերանորոգվում է

մայրամուտից առաջ



Մի արև մասուր 


մի  կում լույս, մի բուռ հավատ




Ծառի ցավը


Ձորը... աշնանը

մի քարի տակ :)
Վարդագույնը աշնանը չի սազում

Հաղարծինը