Saturday, November 19, 2016

Բազմիցս անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել. Հասմիկ Պապյան


Գյումրիի Սև ամրոց համերգասրահում Մանսուրյանական երեկո էր նոյեմբերի 18-ին, որի գլխավոր աստղը Վիեննայից ժամանած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էր:

-Տիկին Պապյան, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ՝ 30 տարի բեմում: 1986թ. նոյեմբերի 16, Սևիլյան սափրիչ, Ռոզինա: Ինչպիսին էր նա՝ այդ ամենաառաջինը:
-Շատ անսպասելի էր, քանի որ ես փոխարինում է դերասանուհուն: Ես դեռ ուսանող էի, ինձ զանգահարեցին առավոտյան ժամը 11-ին օպերային թատրոնից (ես դեռ օպերայում ոչ մի անգամ չէի երգել), հարցրեցին, թե արդյոք գիտեմ Ռոզինայի դերերգը: Կոնսերվատորիայում մենք քննություն էինք տվել, և ես ամբողջը սովորել էի: Գնացի օպերա, երբ կատարեցի, դիրիժորն ասաց, որ պատրաստ է, կարող է երգել: Բեմական փորձի ոչ մի հնարավորություն չկար. արդեն ժամը 3-ն էր: Ռեժիսորն ասաց, դե պետք է  կոկետություն անես, շարժվես բեմում: Ես տեսել էի այդ ներկայացումը, ինձ ծանոթ էր: Բեմական հագուստ էլ անգամ չունեի, տնից իմ հագուստով եկա օպերա և երգեցի…

-Բեմը մեծ ուժ է, ի՞նչ կասեք Դուք՝ 30 տարի հետո հայացք նետելով բեմին:
-Այսքան տարվա ընթացքում շատ դժվար է եղել, զոհողությունները շատ են եղել, բայց երբ վարագույրը բացվում է, նվագախումբը նախերգանքը նվագում է, ուժերդ վերականգնվում են, և դու բեմում ես, երգում ես մեկը, հետո մյուսը, մյուսը:

-Ձեր մայրը Գյումրիից է, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այս համերգը Գյումրիում:
-Իմ մանկությունն անց է կացել Գյումրիում. ամառային արձակուրդներին միշտ գալիս էինք Գյումրի: Ես հոգևոր կապ ունեմ այս քաղաքի հետ:  Այժմ էլ ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, գոնե մի քանի ժամով պետք է գամ Գյումրի: Կարիք ունեմ այս մարդկանց հետ շփման, այդ պատվախնդրությունը… գյումրեցիները դեռ չբացահայտված հատկանիշներ ունեն, ֆենոմեն են: Ես իմ մեջ կրում եմ այդ խառնուրդը՝ սեբաստացի, պոլսեցի, ղարսեցի, գյումրեցի… այդ խառնուրդը տվել է իր արդյունքը: 

-Դուք նշել եք Ձեր հարցազրույցներից մեկում, որ հայի մեջ կա խեղճություն: Իսկ դա չի՞ խանգարել Ձեզ, որպես հայ երգչուհի, գրավել աշխարհահռչակ բեմեր:
-Խեղճություն ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ խոնարհությունը, այսինքն ինքդ քեզ գերագնահատելու: Մենք խնդիր ունենք ինքնահաստատվելու, բայց ոչ ուրիշների հաշվին: Ամենամեծ հաջողությունների հասած հայերի մեջ այդ խեղճությունը կա… աչքերում: Ես կասեի՝ խոնարհությունը և համեստությունը:

-Դուք երաժշտական ընտանիքում եք մեծացել, թեկուզև ոչ պրոֆեսիոնալ: Ինչքանո՞վ է որոշիչ դեր խաղում նման երաժշտական մթնոլորտը երաժշտի ապագայի վրա:
-Շատ կարևոր է, թե ինչ ես լսել մանուկ տարիքում, ինչ ես լսել օրորոցում: Իմ տատիկը երգում էր Միքայել Նալբանդյանի երգերը, երգեր, որոնք, ցավոք սրտի, այժմ չեն երգվում: Դա ճաշակ է ձևավորում: Դրա համար շատ-շատ եմ ցավում, որ հիմա հեռուստատեսությամբ հնչում է ցածրորակ երաժշտությունը, և ուզում եմ պայքարել դրա դեմ:
Հրանտ Մաթևոսյանը, ում հետ մենք ազգականներ են, ռուս գրող Անդրեյ Բիտովին բերել էր մեր տուն, որպեսզի ցույց տա հայ ընտանիք: Ես երգեցի այդ երեկոյին: Ռուս գրողը գրեց «Уроки Армении» (Հայաստանի դասերը), որտեղ իմ մասին էլ էր գրել: Մի քանի տարի առաջ երբ նրան հանդիպեցի, հիշեցրի, որ ես այն երգող աղջիկն էի: Չեք պատկերացնում, թե ինչ կատարվեց նրա հետ…

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Հայաստանից, երբ Եվրոպայում եք լինում:
-Մարդկանց, իմ հարևաններին, բարեկամներին, փողոցի մարդկանց, տաքսու վարորդներին, կոշիկ նորոգողին… օդում ուրիշ մի բան կա այստեղ, որ աշխարհում չկա:

-Դուք բնավորությամբ պերֆեքտիստ (կատարելության ձգտող) եք կարիերայում, ընտանիքո՞ւմ էլ նույնքան պահանջկոտ:
-Ցավոք սրտի, այո, շատ: Դժվար է, քանի որ դա արտահայտվում է նաև մանրուքների մեջ. եթե գիրքը մի տեղից վերցրել ես, պետք է դնես նույն տեղը: Դա նաև հարմարավետություն է, այնպես, չէ՞: Ոչ բոլոր մարդիկ են այդպես մտածում: Ես հասկանում եմ, որ ինձ հետ դժվար է, և երբեմն-երբեմն տեղի եմ տալիս, այդքան դեսպոտ չեմ: Իրենց բախտը բերել է, որ ես միշտ տանը չեմ (ծիծաղում է):
-Դուք նշում եք, որ հաճախ եք լինում Հայաստանում, իսկ Ձեր ամուսինը և դուստրը Ձեզ հաճա՞խ են ուղեկցում:
-Ամառային արձակուրդներին դուստրս միշտ ինձ հետ գալիս է Հայաստան, ցավոք վերջին տարիներին ամուսինս չի կարողանում գալ, քանի որ ամռանը Նյու Յորքում աշխատում է: 23 տարի միասին ենք. ամուսինս գիտի ամբողջ Հաաստանը ծայրից ծայրը. միայն Մեղրիում չի եղել: Գիտի բոլոր եկեղեցիները, ինձ տարել է այնպիսի եկեղեցիներ, որտեղ ես չէի եղել: Մենք տանը հայերեն ենք խոսում: Ամուսինս ուզում է ավելի կատարելագործել հայերենը, որպեսզի չմոռանա և առաջ գնա, դա նրա պատվախնդրությունից է:

-Ասում են՝ ճակատագրական պատահականություններ լինում են, բայց մարդը պետք է միշտ պատրաստ լինի այդ պատահականություններին: Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին:
-Համոզված եմ, որ ամեն ինչ վերևում արդեն ծրագրված է, և ոչինչ պատահական չի լինում: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերջին վայրկանին փոխարինելու, գրեթե անհնարին է եղել ինձ համար, բայց անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել: Սա ինձ ուղարկվել է, ես պետք է սա օգտագործեմ: Եվ դա հետո նոր դռներ է բացել:

-Վինչենցո Բելլինիի Նորմայի դերը իր Casta Diva-ով այսօր հանդիսանում է Ձեր այցեքարտը: Արդյո՞ք սա ևս նմանատիպ ճակատագրական պատահականություններից է:
-Վարշավայի մրցույթին մասնակցելիս ես լրացրել էի հարցաթերթիկ, որտեղ նշել էի, որ տիրապետում եմ Նորմայի դերին, բայց երբևէ չեմ կատարել բեմում: Ես գտնվում էի Սանկտ-Պետերբուրգում, երբ զանգահարեցին ինձ Վարշավայից, թե կարող եմ արդյոք երգել Նորմա պրեմիերա: Առանց մտածելու անմիջապես ասացի՝ այո: Եվ հետո սկսեցի մտածել, որ ախր ես տեքստը անգիր չգիտեմ: Հինգ օր ժամանակ ունեի: Պետերբուրգից եկա Երևան, նոտաները վերցրի և գնացի Վարշավա: Այդ ճանապարհին հինգ օր ու գիշեր չքնեցի: Դուրս եկա Վարշավայի բեմ և երգեցի Նորմա: Դահլիճում նստած էր Մարիո Դել Մոնակոյի որդին՝ ՋանԿառլո Դել Մոնակոն, ով Բոնի (Գերմանիա) օպերային թատրոնի տնօրենն էր: Նա համերգից հետո մոտեցավ ինձ և հրավիրեց Բոն՝ որպես մեներգչուհի: Եվ ես համաձայնեցի: Այդպես սկսվեց շարժվել իմ անիվը Եվրոպայում:

Wednesday, November 9, 2016

Երբ Մինսկում հանդիպում են կովկասցիները


Երբ ձեր կողքին ադրբեջանցի մի տղա երգում է Խորհրդային Հայաստանի հիմնը, իսկ հայ տղան փորձում է հիշել և ձայնակցել Ադրբեջանի հիմնի ժամանակ: Մի կողմից էլ հայ ու ադրբեջանցի երաժիշտները նվագում են մեկ դաշնամուրի վրա: Ուրեմն դուք հայտնվել եք Միկրովեյվ ռադիոն առանց սահմանների հարավկովկասյան ծրագրերից մեկում. այս անգամ Մինսկում ենք հավաքվել:



Իսկ երբ բոլորով հավաքվում են վերելակում ու մի հատ էլ կիթառ ճարում, ապա վերելակը վերածվում է տոնի: