Monday, June 17, 2013

Երազի և իրականության կամրջում

Հոգիս ծիածանվել է և պահանջում է գույներ... ես սկսում եմ հավաքել կյանքի պատառիկները և գունավորել... այն փոքրիկի ձեռքով, որն ապրել եմ:



Քանդված Կամրջի երազանքը... կամարվել կապույտ երկնքի ծիածանագույն հեքիաթում, երկու ամուր սյուների փխրուն երազանքը` դիպչել միմյանց, փլվում է կամրջի երազանքից: Ես կնկարեմ քո երազանքը ծիածանի բոլոր գույներով և կքայլեմ քո կամարով դեպի քո պատմած հեքիաթների աշխարհ...

Կիսախարխուլ դաշնամուրի երազանքը... լճակի կենտրոնում` բոլորի ուշադրության կենտրոնում, բազմել է դաշնամուրը, նա, ով իր մեկ ձայնով լռեցրել է հազարավոր հանդիսատեսների, նա, ում առաջ խոնարհվել են հայտնիներ... հիմա նա աղերսում է գեթ մեկ հնչյուն` կանգնած լճակի կենտրոնում: Ես կնկարեմ քո ձայնը, որ սփռվի ամբողջ նկարով և պայթի երկնքում...
Դատարկ պատուհանի երազանքը...դեռ փոքր էր, երբ սիրում էր բացել պատուհանը և դիտել անցորդներին: Պատուհանը նրա ընկերուհին էր, ում հետ քննարկում էր բոլոր հարցերը: Երիտասարդացավ, պատուհանը` նրա ամենամոտ ընկերուհին, միայն նա գիտեր, թե ում հետ է լուռ խոսում ամեն գիշեր` նրան գրկելու փոխարեն փարվելով պատուհանին...Այլևս չի կարողանում քայլել, նստում է պատուհանի դիմաց, բայց... նա այժմ նայում է միայն պատուհանին` իր հարազատ և միակ ընկերուհուն...


Քաղաքի երազանքը... կար-չկար մի քաղաք կար, բոլորը նրան մռայլ էին համարում և տխուր, քանի որ նա անընդատ արտասվում էր:  Քաղաքի բնակիչներն էլ նրա նման մռայլ էին և տխուր: անընդհատ տևող անձրևի տակ և անընդհատ դժգոհում` նայել գորշամպ երկնքին:  Դա տեսնելով և ոչինչ չկարողանալով անել` քաղաքն էլ ավելի էր տխրում:  Սակայն մի օր մի աղջնակ վերցրեց գունավոր մատիտները և սկսեց նկարել գույնզգույն երազ-անձրևանոցներ, և մարդիկ ժպտացին, և քաղաքը ժպտաց, և  ներկոտ մատներով աղջիկը ներկոտ ժպտաց...