Wednesday, August 1, 2012

Տերևային ճանապարհ

Արդեն աշուն էր, և տերևները հոգնել էին իրենց կանաչ հագուստից: «Ախր ամեն օր նույն հագուստով ենք, ձանձրալի է»,- սոսափում էին նրանք: Քամին նրանց սոսափյունը հասցրեց նորին մեծություն Բնությանը:
Լուռ ժպտաց Բնությունը և դիմեց Երկնքին, որ իր անհատակ կապույտից մի քիչ տա տերևներին: Սակայն խռովկան Երկինքը ոչ թե տվեց, այլ վերցրեց կապույտը տերևների զգեստներից, որովհետև ուզում էր լինել եզակի։
Ա՛յ քեզ զարմանք, տերևների զգեստները դարձան դեղին: Տերևները` անսովոր իրենց նոր հագուստին, սկսեցին դժգոհել, քանի որ մրսում էին ավելի նուրբ զգեստների մեջ: Բամբասկոտ Քամին մի ակնթարթում լուրը հասցրեց նորին մեծություն Բնությանը:
Ներողամիտ ժպտաց Բնությունը և դիմեց Արևին, որ իր անսահման ջերմությամբ պարուրի տերևներին, որ չմրսեն: Բարեսիրտ Արևն այնպես ջերմացրեց տերևներին, որ ինքն էլ զարմացավ, թե ինչպես տերևները դարձանկարմիր: Սակայն այս հագուստից էլ շուտ հիասթափվեցին ամեն ինչից դժգոհ տերևները և պահանջեցին Բնությունից ավելի շքեղ հագուստ:
Մռայլվեց Բնությունը. ոչ ոք չի կարող պահանջել ոչինչ: Նա արգելեց Արևին ջերմացնել տերևներին: Սակայն Արևը այս անգամ որոշեց չլսել Բնության հրամանը և նրանից թաքուն շարունակեց ջերմացնել տերևներին: Այդ տեսավ ամենատես Քամին և սուրաց Բնության մոտ
Խիստ բարկացավ Բնությունը. հրամայեց ամպերին ծածկել Արևին և այլևս չթողնել, որ նա լուսավորի աշխարհը: Գորշ ամպերը պատեցին ամբողջ երկինքը և բարեսիրտ Արևը այլևս չէր կարողանում ջերմացնել փոքրիկ տերևներին: Տերևների գունզգույն զգեստները մի ակնթարթում խունացան, դարձան փխրուն և փշրվեցին ամենուր իր քիթը խոթող Քամու հպումից անգամ: Այլևս չկային նրանց կանաչ հագուստներն, որոնցով կարողանում էին ամուր կառչել մայր ծառից և դիմադրել Քամու ցանկացած հարվածի: Մեկը մյուսի հետևից ընկնում էին տերևները: Հետզհետե ծառերը մերկացան: Խնդրեցին ամաչկոտ ծառերը նորին մեծություն Բնությանը, որ նա նոր զգեստով ծածկի իրենց մերկությունը:
Լուռ մտածում էր Բնությունը. չէ՞ որ ամպերով ծածկված Արևը չէր կարողանում տաքացնել համայն աշխարհը: Ցուրտ էր, և նոր ծնված տերևները չէին կարող դիմանալ անհոգի Քամուն: Հուշեցին աստղերը. նրանք ամպերին խնդրեցին աստղեր դարձած իջնել ներքև և ծածկել ամոթից ու ցրտից դողացող ծառերին: Աստղեր դարձած ամպերը քուլա-քուլա իջնում էին ներքև: Արար աշխարհը պարուրվեց ճերմակ աստղե ամպով։ Ծառերն այլևս չէին մրսում, չէ՞ որ նրանք ունեին նոր սառցե տաք վերարկուներ:
Մանկան նման ուրախացել էր Բնությունը: Սակայն ամպերը սպառվեցին` անընդհատ աստղե փաթիլներով ծածկելով աշխարհը: Ամպերի կալանքից վերջապես ազատված շողշողաց Արևը լազուր երկնքում և իր ճառագայթներով ջերմացրեց համայն աշխարհը:
Ջերմացած ծառերի ճյուղերը հագան կանաչ զգեստով տերևները, և բնությունն արթնացավ։ Սակայն մանուկ տերևները չէին կարող լսել իրենց ծնողներին, որոնք զոհվել էին` դժգոհելով իրենց կանաչ հագուստից։ Այդ պատճառով էլ չանցած կես տարի նրանք էլ սկսեցին ձանձրանալ իրենց զգեստներից և այդ մասին պատմեցին բամբասկոտ Քամուն։
Եվ ամեն ինչ կրկնվեց նույնությամբ և կրկնվում է մինչև այժմ։