Wednesday, April 11, 2012

Ավելի լավ է առանց փող աշխատես, քան թե անփող տանը նստես


«Ես ուզում եմ մեր սարերում գտնվող ջարդված, կոտրված, հողածածկ խաչքարերը վերականգնել, կանգնեցնենք ոտքի մեր խաչքարերը: Անտառում ոչ թե հողի մեջ լինեն, այլ կանգնած լինեն մեր խաչքարերը: Երբ դիմեցի հնագետներին, ասացին դա պետական մասշտաբի գործ է և գումար չկա դրա համար: Ասացի՝ ես ձեզանից փող չեմ ուզում»,- ոգևորված պատմում է 62-ամյա վարպետ Բոգդան Հովաննիսյանը:
Վանաձորի թաղամասերից մեկի շենքի բակում հնարավոր է տեսնել տարբեր չափսերի քարեր, որոնց վիճակված է դառնալ խաչքար:

«Աշակերտ եմ պահում, կարո՞ղ է փող ուզեմ, իմ ժողովրդի համար եմ անում, մարդ եմ սարքում, որ էգուց-էլօր էլ ինքը սովորեցնի: Բացի այս մի աշակերտից՝ Վահեից, գնում եմ նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են երեխաների խնամքով: Քանդակել եմ սովորեցնում, նկարել, մի-երկու ազգային երգ էլ սովորեցնում եմ… վերջ, գործը ստացվեց»,- ասում է վարպետը:

Քանի՞ տարի է` զբաղվում եք քանդակագործությամբ:
21 տարեկանում ընդունվել եմ Երևանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, հենց քանդակագործության բաժինը: Ես փոքրուց գեղանկարչություն եմ սովորել: Վանաձորում էլ նկարչական դպրոցն եմ ավարտել: Ու  որոշել էի, որ Երևանում էլ պետք է շարունակեմ գեղանկարչության ուղղությամբ: Ընդունվելուց երբ հարցրին, թե որ բաժինն եմ ուզում, չգիտեմ ինչու, ասացի՝ քանդակի: Երբ թղթերս վերցրի ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչու ասացի «քանդակի», ախր ես գեղանկարչության համար էի եկել: Հետո, բանից պարզվեց, որ իմ պապերը բոլորը քարտաշներ են եղել, հայրս քարհանքում է աշխատել, երկու եղբայրներս քանդակագործ են: Ու հենց այդ վճռական պահին, երբ իմ ճակատագիրը պետք է որոշվեր, ես արյան կանչով ենթագիտակցաբար գնացել եմ այն ուղղությամբ, որը իմ պապերի ուղղությունն է:
Չե՞ք ափսոսացել, որ գեղանկարչություն չեք ընտրել:
Ես քանդակը գյուլլի նման եմ սովորել, ինչ հավեսով, ու մեր դասախոսը՝ Ադիբեկ Գրիգորյանը, շատ ուրախանում էր ինձնով, քանի որ ամբողջ կուրսի չափ կարողանում էի գործ անել: Աշխատում էի, շատ էի աշխատում: Եվ դրա համար երկրորդ կուրսից հետո միանգամից տեղափոխվեցի 4-րդ կուրս: Արդեն 30 տարուց ավել է` զբաղվում եմ քանդակագործությամբ, խաչքարագործությամբ, բայց անընդհատ կարոտը մեջս է, ուզում եմ գեղանկար անել: Ամեն տարի ներկերս մաքրում եմ, էտյուդնիկը մաքրում, կտավն եմ սարքում, բայց չեմ հասցնում նկարել: Ու ամեն տարի, ամեն օր մտածում եմ, թե երբ պետք է նկար անեմ:
Ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում:
Փաստորեն դա ես եմ:  (ծիծաղում է) Դա իրոք շատ զավեշտալի է: Երբ ինձ ուզում են ծանոթացնել, մի տեղ ասում են` քանդակագործ Բոգդանը, մի տեղ` նկարիչ, մեկ այլ տեղ` երգիչ կամ անեկդոտ հավաքող Բոգդանը: Նոթատետր եմ պահում, սա արդեն 117-րդն է: Ով ինչ լավ բան է ասում, գրում եմ. հետաքրիք միտք, անեկդոտ…
Դժվա՞ր է խաչքար քանդակելը: Ի՞նչ է պետք դրա համար:
Արվեստանոցի բոլոր պատերին փակցված են տարբեր տեսակի խաչքարերի իմ էսքիզները: Մի հազար տարի պետք է, որ այս բոլորը հնարավոր լինի իրագործել: Դա և շատ լավ է, բայց նաև շատ տխուր… Այնուամենայնիվ ամեն քար ինքն է թելադրում իր տեսքը: Մի քար ենք դնում, որ աշխատենք, չի ստացվում: Վահեին ասում եմ՝ ուրիշ քար բեր: Սկսում ենք նրա վրա աշխատել, արդեն գծել ենք, որ պետք է քանդակենք, բայց ուշք ու միտքս նախորդ ծուռտիկ-մուռտիկ քարի վրա է: Ասի՝ չէ, Վահե, ես գնում եմ էն մյուսի վրա: Ու մեկ էլ տեսնում եմ՝ ստացվեց: Արդեն չեմ համբերում անցնել հաջորդ քարին: Չեմ կարողանում կանգնել մի տեղում, անընդհատ պետք է գնալ առաջ:
Իմ վարպետն ինձ ասում էր՝ քանդակը ավելի լավ է լինի բոյով, քան թե կարճ:  Ու դրա համար ես ամեն սանտիմետրի համար գյուլլա եմ գցում: Եղել է, որ քարի վրա գծել ենք արդեն ամեն ինչ, պետք է սկսենք քանդակը, զգացել եմ, որ այն չէ: Նորից ջնջել ենք,  նոր քանդակ ենք գծել: Վահեն սկսում է տրտնջալ, բայց ես ասում եմ՝ մի-երկու օրվա համար չարժե փչացնել քարը: Խաչքարը պատրաստեցիր, գնա՛ց… մի տարվա, 10 տարվա համար չէ, մի հազար տարի մնալու է: 

Կա՞ն գործեր, որոնցով հպարտանում եք:
Մեր եկեղեցու բակում վարպետ Լիպոյի խաչքարը, որի մոտ միշտ նկարվում են քաղաք եկածները: Գուգարքի սարերում գտնվող «Կապույտներում» մատուռ եմ սարքել, ու այնտեղ այցելողները մոմ են վառում:
Խաչքարը քանդակելուց դեռ չկա աստվածավախությունը, այն առաջանում է քանդակն ավարտելուց հետո: Արարչի նման ես էլ արարում եմ խաչքարը, որոշում՝ երկինքն ու երկիրը, լույսը և խավարը: Քանդակագործը պետք է տիրապետի նաև ճարտարապետությանը, պետք է ճիշտ կանգնեցվի քանդակը, որ երկար տարիներ դիմանա բնության արհավիրքներին՝  քամուն, անձրևին:
Աշակերտներ շա՞տ եք ունեցել:
Հիմա միայն Վահեն է, ով արդեն 3 տարի ինձ մոտ է: Միասին աշխատում ենք: Աշակերտներ շատ եմ ունեցել, գալիս են, սովորում, գնում տարբեր տեղեր: Քանդակագործությունը նրանով է լավ, որ կարողանում ես աշխատել քարի, փայտի, երկաթի հետ:
Իսկ ինչո՞ւ եք ընտրել հենց քարը:
Ինձ համար քարն ավելի հեշտ է: Ամենադժվարն ինձ համար… նկարելն է: Իմ ուժը չի հերիքում նկար անելու: Քարի վրա աշխատում եմ, չեմ հոգնում, վրձինը վերցնում եմ, սկսում գործ անել, ձեռս հոգնում է. է՛ս ինչ ծանր է էս վրձինը:
Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդության, որոնք փնտրում են աշխատանք:
Ես կողմ եմ այստեղ մնալուն, մեր հողին կպած մնալուն: Թողնել-գնալով չի լինում… Ասում են՝ անհատը ի՞նչ կարող է անել: Ախր երկիրը հենց այդ անհատներից է բաղկացած, եթե ես չանեմ, նա չանի, բա ո՞վ պետք է անի… Ես իմ գործն եմ անում, պարապում եմ երեխաներին, աշակերտս էլ, ինձ մոտ սովորելով, ինքն էլ է երեխաների պարապում: Այնտեղից մի երեխա էլ գոնե ցանկանա զբաղվել քանդակագործությամբ, հրաշք կլինի: Ախր քարի երկիր ենք, պետք է օգտագործենք դա, ուրիշ բան չունենք: Եղածով պետք է կողմնորոշվենք:
Ինչքանո՞վ է քանդակագործությունը եկամտաբեր գործ:
Ես չեմ սիրում փողի մասին խոսել: Մանավանդ երբ սկսում են բողոքել, որ վատ են ապրում, խեղճ են ապրում: Էն ով է լավ ապրում… աշխատող մարդը, արվեստագետը չի կարող լավ ապրել: Հնարավոր չէ: Այս երկիրը նոր է ոտքի կանգնել, դրա մասին խոսելն ավելորդ է: Որ եկամտաբեր չէ, դա հաստատ, բայց ապրելու ես: Դեռ գործ չունենացած ուզում ենք շատ փող աշխատել: Ամեն ինչը քրտինքով է: Առանց գործի չեն հարստանում, գործ անելով են հարստանում: Ավելի լավ է առանց փող աշխատես, քան թե անփող տանը նստես: Ես Վահեին ասացի, որ ես այստեղ փող չեմ աշխատում, ես ապրում եմ սրանով: Ասաց, որ ինքն էլ է ուզում ապրել: Դե ուրեմն կաշխատենք, եթե կվաճառվի, գումար կլինի: Քիչ են պատվերներ, բայց այնպես է, որ բավարարում է ապրելուն:

Ո՞ւմ կհամարեք Ձեր ուսուցիչը:
Առաջ եղել է հերս, ով տքնաջան քարի գործին էր, տոննայանոց քարեր էր կտրում: Վանաձորի շենքերի համար հերս է քար կտրել: Դրանից հետո մեծ եղբայրս է եղել ուսուցիչս, ով Մոսկվայում քանդակներ ունի մետրոյի կայաններում:
Ադիբեկ Գրիգորյանը շատ լավ քանդակագործ էր, Էյնշտեյնի նման մարդ էր: Ես նրա խորհուրդներով եմ առաջ շարժվում: Մենք քանդակները շատ բարձր էինք անում, նա գալիս էր, մեր քանդակները իջեցնում: Ու երբ բողոքում էինք, ասում էր` նախ սովորեք փոքր անել, հետո կբարձրանաք: Մեծացանք, դարձանք քանդակագործ, հասկացանք, որ իր ասած 20սմ-ոցի տակից դուրս չենք գալիս:

Դուք որպես Պիգմալիոն ունեցե՞լ եք Ձեր Գալաթեան:
Իմ դիպլոմային աշխատանքը, որ արել եմ 24 տարեկանում, ճերմակ գիպսե աղջիկ էր` «Գարուն»: Հիմա էլ նա մեր տանն է, իր ուրույն տեղն ունի: Ու միշտ ուզեցել եմ սպիտակ մարմարից պատրաստեմ այդ աղջկան:
Ի՞նչ եք սիրում անել բացի քանդակագործությունը:
Ես ամեն օր գիրք եմ կարդում, ես այնքան աչքածակ եմ, որ երկու գիրք իրար հետ եմ կարդում:
Կա՞ մի գործ, որ կուզեիք անել, որ երազանք է:
Ես մի քանի տարի առաջ սկսել եմ Ջուղայի ջարդված խաչքարերը վերականգնել: Մի խաչքարն արդեն սարքել եմ: Պետք է ասեմ, որ բավականին դժվար գործ էր. վեց ամիս չարչարվել եմ, մինչև ուսումնասիրել, հասկացել եմ նրանց դպրոցը, որի ոճը ամբողջովին տարբեր է: Ուզում եմ` մյուսներն էլ վերականգնեմ, որ տեղադրեմ մեզ մոտ, որ մեր քաղաքի հյուրերին ցույց տանք, թե ինչ գործ են ջարդել նրանք: Մեծ ցանկություն կա մյուս խաչքարերն էլ քանդակել, սակայն ցավոք, չկա աջակցություն:

Saturday, April 7, 2012

Այսօր ապրիլի 7-ն է, բայց իմ տոնը չէ...


Ասում են, թե մի բան կա լոկ,
Որ անձնապես ու մեն-մենակ են սովորում`
Գիտությունը տառապանքի...

Քայլում եմ այգով, ժպտում եմ… այգով քայլում են զույգեր, ժպտում են…
Աղջիկների ձեռքին անպայման ծաղիկ կա…
Իսկ ես ծաղիկ ստացա միայն մի անգամ, քեզնից:
Մեր ինստիտուտը կազմակերպել էր դիմակահանդես: Ես ուրախ էի, չէ որ դա հենց ինձ համար է…
Բոլորը դիմակով էին, և երբ դու ինձ հրավիրեցիր պարելու, ես ինձ խոստովանեցի, որ դու առաջինն էիր և մնացիր միակը:
Դու ամբողջ երեկո իմ կողքին էիր, խոսում էիր, զրուցում, ցանկանում էիր իմանալ իմ ով լինել… իսկ վախենում էի, որ Մոխրոտի պատմությունը կրկնվում է:
Մի պահ լքեցիր ինձ և վերադարձար մի փունջ մանուշակով, որը հիմա ճզմված է իմ գրքերից մեկի էջերում, ամենաթանկ գրքի:
Հաջորդ օրը պետք է հանդիպեինք առանց դիմակի… ինձ հետ տխրեց իմ ժպտացող դիմակը…
Հաջորդ օրը, սրճարանում դու փնտրում էիր դիմակին, բայց կեսգիշերին նա դարձել էր ես…

Ամբողջ կյանքում 
Ես եղել եմ ազնիվ, ինչպես... խաղալիքը:
Ուրեմն ի՞նձ էլ պետք է ջարդել
Խաղալիքի նման:

Քայլում եմ այգով, ժպտում եմ,,, սպասում եմ քեզ…
Դու կգաս, ես գիտեմ, ու կնվիրես ինձ ծաղիկներ…
Ահա, տեսեք, նա կանգնած է այգում` ձեռքին ծաղիկներ, հիմա, հիմա կմոտենամ նրան և կասեմ` կներես, որ ուշացա…

Երբ կտրում են թռչունի թևերը,
Նա սկսում է ատել երկինքը…

Ահա նա, ում սպասում էիր դու… որքան գեղեցիկ է նա… դու ծաղիկները տվեցիր նրան… իմ ծաղիկները: