Thursday, September 29, 2011

Շուշիի սբ.Ղազանչեցոց եկեղեցին և նրա հանելուկը


Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցին այն յուրահատուկներից է Հայաստանում, որ կառուցված է ճերմակ քարից: Սակայն դա միակ առավելությունը չէ. այն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն: 
Եկեղեցու նկուղային հարկում կա մի վայր, որտեղ մարդ խոսելիս կարողանում է լսել իր ձայնը: «Այս վայրը  ստեղծվել է մեղքերի խոստովանության համար, որ ցանկացած մարդ կարողանա  խոստովանել իր մեղքերը առանձին»,- պատմում է Սամվել սարկավագը:
Թեև այդ սովորույթն այլևս չկա, սակայն բոլոր այցելուները դուրս են գալիս նկուղից մտամոլոր և կարծես պատասխան գտած...


Աղոթք առ Աստված

Tuesday, September 27, 2011

Trip to Karabakh

Հայաստան-Արցախ սահմանին
 Ցավոք, երևի շատ քչերն են տեսել «Trip to Karabakh» ֆիլմը, բայց կարելի է ասել, որ մեզ սպասում էին գրեթե նույն արկածները, ինչը այդ ֆիլմում:
Այսքանը ֆիլմի մասին, հիմա ավելի մանրամասն ճամփորդության մասին...
Շուշին
Ուրեմն խմբի գնալու հիմնական նպատակն էր կարգի բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք, մեր սարերը» կամ որ նույնն է Տատիկ-Պապիկի արձանը:
Սակայն, քանի որ Ստեփանակերտի բնակչությունը՝ հանձինս քաղաքապետի (ի դեպ նոր), «նամըսով» մարդիկ են, չթույլատրեցին, որ ինչ-որ Երևանից ինչ-որ երիտասարդներ գան-հասնեն Ստեփանակերտ, որ մաքրեն իրենց արձանը:
Եվ մինչ ԱԺ նախագահի (արդեն Հայաստանի) տրամադրած միկրոավտոբուսները շարժվում էին դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Տատիկ-Պապիկի արձանը փայլեցվում էր ամբողջ եռանդով:
Բայց դե քսանից ավել երիտասարդներ, որոնք հասել էին Լեռնային Ղարաբաղ, չէին կարող ձեռքերը ծալած նստել, պետք էր անպայման լողացնել մեկին (նույնիսկ երկուսին), բայց անպայման որ Տատիկ-Պապիկ լինեն, և ընդհանրապես պարտադիր չէ արձան բառի առկայությունը:
Բարեբախտաբար կամ դժբախտաբար Տատիկ-Պապիկ (կարգին) չգտնելուց հետո որոշվեց մաքրել ինչ-որ եկեղեցու շրջակայք: Ի՜նչն է շատ... կեղտոտ եկեղեցիները: Եվ գտնվեց. Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին:
Այցելելով  Տատիկ-Պապիկի արձանին, ներկա լինելով հարսանիքի՝ զգացինք, որ հասունանում է հաջորդ այցը այստեղ. անհրաժեշտ են աստիճաններ դեպի Տատիկ-Պապիկը: Բայց դե բերեք շատ առաջ չանցնենք...
Մինարեթի գլխին
Մահվան օծումը:)))













Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

 




 






Տիգրանակերտի ամրոցը

Անանուն, բայց մաքուր եկեղեցին
Արդեն մաքուր տատիկ-պապիկը

Friday, September 23, 2011

Լուռ ճիչ

Օպերայի հարևանությամբ՝ Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում այսօր տեղադրվել էին մի շարք նկարներ: Դրանք սահմանափակ կարողություններով մարդկանց լուռ բողոքն էին արտահայտում ընդդեմ Հայաստանի իրավիճակի, երբ չեն ստեղծվում հասարակ պայմաններ հաշմանդամների համար:

Միջոցառումը կազմակերպել էր «Ունիսոն» հաշմանդամների խնդիրներով զբաղվող հկ-ն:






Thursday, September 22, 2011

0.2, թե՞ 0.200

Հաշվապահի օգնականի աշխատանքի ընդունման հարցազրույցին ինձ հարցրեցին ընդամենը երկու հարց.
1. Ո՞ր թիվն է ավելի մեծ. 0.2, թե՞ 0.200
2. 200-ի 5%-ն ինչքա՞ն է


Առաջին հարցին պատասխանելուց հետո հաշվապահը մի քանի ակնթարթ ապշած ինձ էր նայում, հետո ասաց. «Հարցազրույցի եկածներից միայն երեքն են (ներառյալ ես) ճիշտ պատասխանել այս հարցին»: 
Եվ նա տվեց ավելի «բարդ» հարց, որի մեջ կա «տոկոս» սարսափելի բառը: 
...Այդքանից հետո նա պարզապես ցնցված էր: Եվ հայտնեց, որ ես անցել եմ հաջորդ փուլ:
Իսկ ես դուրս էի եկել, ու լացս գալիս էր...

Wednesday, September 21, 2011

Տոնը` սրտում

Այսօրվա տոնական տրամադրությունը զգացի դեռևս մետրոյից, երբ մարդիկ հրմշտոցով գնում էին ժետոններ:))) Բայց դա թողնենք...
Պայծառ Կակոսյան և Արտուշ Սանոսյան
 ամուսինները հայկական տարազով


Տոնական շքերթից հետո շրջելով քաղաքի տարբեր վայրերում կազմակերպված միջոցառումների միջով` համոզվեցի, որ ամենից տպավորիչը այս զույգն է: Աբովյան փողոցում կանգնած էին Պայծառ Կակոսյան և Արտուշ Սանոսյան ամուսինները հայկական տարազով:

«Տարազը մեր ազգային արժեքներից մեկն է, որը կրելով միաժամանակ ակցիա ենք անում, որ ուրիշներն էլ մեզ ընդօրինակեն` մեր ազգայինը պահպանելու համար: Օտարամոլությունը շատ է թափանցել մեր առօրյա: Թեև ազգային տարազը ընդամենը մի մասնիկ է, բայց իր մեջ մեծ խորհուրդ ունի, որ պահպանենք մերը»,- ասում է մանկավարժ Պայծառ Կակոսյանը:

Ազգային տարազներ կրելը ամուսնու` Արտուշ Սանոսյանի միտքն է: Նրանց հագին Էրզրումի ազգային տարազն է, քանի որ իրենց նախնիները Էրզրումից են: 

«Մարդկանց վերաբերմունքը տարբեր է. ոմանք զարմանում են, ոմանց շատ է հետաքրքում:  Եվրոպայում հասել են նրան, որ սկսել են տոների ժամանակ վերականգնել ազգային տարազները, Բավարիայում գարեջրի տոնակատարության ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ ազգային տարազներով են տոնում»,-ասում է Արտուշ Սանոսյանը:

Տոնական տրամադրություն ամուսինները կարողանում են ստեղծել ցանկացած օր. երբ տրամադրությունը լավ է, ազգային տարազներով դուրս են գալիս, փողոցով քայլում:

Tuesday, September 20, 2011

Եռագույն, թե ծիածանագույն

Եռագույն, թե ծիածանագույն
Եվ ուրեմն վաղը մեր նորանկախ Հայաստանը դառնում է 20 տարեկան: Արդեն այսօրվանից սկսած միջոցառումներում ինձ ամենից շատ ուրախացնում է, որ մարդիկ, մանավանդ երիտասարդությունը, ցանկանում է հնարավորինս լինել մեր եռագույնի երանգներում. մեկը հագնում է եռագույն վերնազգեստ, մեկը այտին կամ ձեռքին նկարում է եռագույնը, մյուսն էլ պարզապես ծածանում է  կամ նկարվում դրոշի հետ

Կարճ ասած՝ ամեն ինչ դարձել է եռագույն: Այսօր ցանկանում էի գնել մազերի կարմիր, կապույտ, նարնջագույն резинка-ներ: Վաճառողը սկզբում դժկամությամբ համոզվեց տալ հենց այդ գույները, բայց երբ վերջապես ընտրեցինք, ուրախացած նայեց резинка-ներին և ասաց. «Ի՜նչ լավն են, ոնց որ ծիածանի գույները լինեն»...

Tuesday, September 13, 2011

Լիալուսնի տոնը Հայաստանում

Հայաստանում այսօր նշեցին Լիալուսնի օրը

Չինացիները լուսնային օրացույցի 8-րդ ամսի 15-րդ օրը նշում են իրենց ազգային ամենահայտնի տոներից մեկը՝  «Լիալուսնի օրը»: Այս տոնը չինացիները համարում են ընտանեկան և նշում են տանը՝ սեղանի շուրջ ընտանիքի հետ ուտելով լիալուսնի տեսք ունեցող բլիթներ՝ յուե բին: 
Լիալուսինը ամբողջական ընտանիքի խորհրդանիշն է: Այս օրը չինացիները, որոնք գտնվում են իրենց ընտանիքից հեռու, աշխատում են գալ տուն:


Կարապի լճի մոտ
Հայաստանում ևս այսօր նշեցին Լիալուսնի օրը: Կարապի լճի տարածքում Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի Ինստիտուտը կազմակերպել էր չինական Լուսնի տոնին նվիրված միջոցառում։ 


Տարբեր առասպելներ կան լուսնի վերաբերյալ Չինաստանում: Ահա նրանցից մեկը:
Հին ժամանակներում երկնքում եղել է 10 արև: Այդ տասը արևներն այնպես էին այրում երկիրը, որ մարդիկ չքավոր էին դարձել:
Մի նետաձիգ կար Հոու Ի անունով, որին շատ էր բարկացնում այդ դրությունը: Մի օր էլ նա նետահարում է 9 արևերին և ստիպում է, որ մնացած մեկ արևը դուրս գա միայն օրվա մի մասը:


Այդ ժամանակ մարդիկ վերջապես շունչ են քաշում և սկսում երջանիկ ապրել:
Հոու Ին ամուսնանում է Չան Էի հետ: Մի անգամ  զառամյալ Դաոսը Հոու Իին նվիրում է անմահական հեղուկ, սակայն Հոու Ին չի խմում, այլ տալիս է կնոջը, որ պահի:
Այդ մասին իմանում է Հոու Իի աշակերտը և նրա բացակայության ժամանակ գալիս է տուն և ստիպում կնոջը, որ տա իրեն հեղուկը:


Կինն զգալով, որ այլևս չի կարողանում պայքարել, ստիպված կուլ է տալիս սրվակը: Հանկարծ զգում է, որ թեթևանում, բարձրանում է վերև: Սակայն քանի որ չի ցանկանում շատ հեռանալ ամուսնուց, նա ընտրում է մարդկությանը ամենամոտ տեղը՝ լուսինը և դառնում լուսնի աստվածուհին:


Երբ վերադառնում է Հոու Ին, շատ է ազդվում, որ կինը չկա, սակայն երբ նայում է լուսնին, տեսնում է կնոջ ստվերը այնտեղ: Նստում է սեղանի շուրջ և սկսում դիտել կնոջը:


Մարդիկ, իմանալով այդ մասին, ամեն տարի հավաքվում են այդ օրը սեղանի շուրջ: Համտեսելով համեղ բլիթները՝ դիտում են լուսնին, որը շլացուցիչ վառ է լինում, ինչպես գեղեցկուհի  Չան Էն:












Friday, September 2, 2011

Աշխատանքի չընդունեցին



Ընդունարան չէ, այլ սպասասրահ, այստեղ ոչ թե ընդունում են, այլ սպասում: «Մի րոպե սպասեք». խեղճ րոպե, եթե իմանար, թե ինչքան է երկարում…
Իսկ պատուհանից այն կողմ մեկը որոնում է աստծուն, մյուսը ցանկանում է թաղել այդ նույն աստծուն. խեղճ աստված: Ինչքան քեզ չսազեց «խեղճ» ածականը:
Վարագույրը մի փոքր ճեղք է թողել, որ պատուհանը շնչի, որ ես շնչեմ…
Ճեղքից երևում է լվացքի պարանի կեսը, որից կախված է ճերմակ սպիտակեղենը, երևի տանտիկինը երկար է չարչարվել… ի՞նչ եմ խոսում. հիմա բոլորն էլ տանը ունեն լվացքի ավտոմատ մեքենա, ափսեների լվացման ավտոմատ մեքենա… ավտոմատ, ամեն ինչ ավտոմատ: Ինչո՞ւ է մարդը ուզում ազատվել բոլոր գործերից, որ ի՞նչ անի, հանգստանա՞, վայելի՞… ի՞նչը: Բավակա՞ն չէ, շատ չե՞նք հանգստանում:
Իսկ ես ուզում եմ պարզապես փակել լուսամուտի կիսաբաց իրականությունը, որը կարծես կախվել է ինձնից, ինչպես ձյունաճերմակ լվացքը այդ կիսատ պարանից, և խեղդում է չիրականացված սպասումը…