Sunday, July 31, 2011

Վարդավառ

Վարդավառը ամենաբնական ֆլեշմոբն է Հայաստանում: Այսօրվան պետք չէ պատրաստվել, այսօր պետք չէ ամաչել, որ ջրում ես մեծահասակ մի պապիկի կամ ոստիկանի, կամ էլ հենց նոր վարսավիրանոցից դուրս եկած մի օրիորդի:)
Այսօր ներելի են բոլոր խենթությունները...









Friday, July 29, 2011

Ո՞ւմն է Հյուսիսային պողոտան

Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի նորակառույց շենքի պատերի քանդվելը և մայթի իջեցումը խիստ մտահոգում է բնակիչներին:
Շենքը կառուցող «Հորիզոն 95» ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը մտահոգությունը համարում է անհիմն և վստահեցնում, թե դա շենքի հիմքի հետ բացարձակ կապ չունի:
«Դրսի բարեկարգման աշխատանքները մեր կազմակերպությունը չի կատարել, Հյուսիսային պողոտայի շինարարությունն արագ ավարտելու հետ կապված հնարավոր է մի փոքր լավ չեն տոփ արել և դրա համար էլ նստվածք է եղել»,- հայտնեց «Հորիզոն 95» ՍՊԸ-ի տնօրեն, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Այս կարծիքը կիսում է նաև ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը. «Ես չեմ կարծում, թե շենքից է խնդիրը, դա հանրային տարածք հանդիսացող մայթի վատ շինարարական աշխատանքների արդյունք է»: Սակայն ճարտարապետը դժվարանում է գնահատական տալ, քանի դեռ խորը վերլուծություն չի արվել:
Յուրաքանչյուր նորակառույց ունենում է իր նստեցման աստիճանը. հավաստում է երկրաբան Մարսել Նալբանդյանը: Իսկ ինչ վերաբերում է շինրարարության ժամանակ տուֆի շերտի քանդմանը, ապա երկրաբանը համոզված է. «Տուֆի շերտի տակ ջրի մեջ ամրացած գրունտեր են, որոնք սեյսմակայուն են»:
Հյուսիսային պողոտայի տակ հոսող ստորերկրյա ջրերը ևս խնդիրներ են ստեղծել շինարարների համար, համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը. «Հողային շերտը քանդելուց տակից խփեցին գետի ջրերը: Եվ շինարարները մի կողմից պոմպով հանում էին ջուրը, մյուս կողմից էլ ցեմենտ էին լցնում»:
Սակայն Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի երկրաբան Մարսել Նալբանդյանը չի կիսում այդ կարծիքը. «Երևանի կենտրոնում կան վայրեր, որտեղ ստորերկրյա ջրերը խնդիրներ են առաջացնում, սակայն Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ նման խնդիր չի եղել»:
Այս հարցը պարզաբանեց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը. «Քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն չունի Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետ»:

Tuesday, July 26, 2011

Հաշմանդամները ուժեղ մարդիկ են


Թեքահարթակի փոխարեն տեղադրված տարբեր տեսակի տախտակների վրայով մի կերպ անցնելով` 26-ամյա Սևակ Մխիթարյանը հայտնվեց բասկետբոլի խաղադաշտում, որտեղ սպասում էին նրա հաշմանդամ մյուս ընկերները:
Արդեն վեց տարի գործում է «Փյունիկ» հասարակական կազմակերպության բասկետբոլի թիմը, որին Սևակը անդամակցում է ստեղծման առաջին օրվանից: Այժմ ընդամենը յոթ հոգով են պարապմունքներն անցկացնում:
«Լուրջ խնդիր են սայլակները, որոնք շատ թանկ են: Կցանկանայի, որ մեր բարերարները օգնեին, որ սայլակներ ձեռք բերեինք` մրցումներին մասնակցելու համար»,- ասում է Սևակը:
17 տարեկան էր Սևակը, երբ ավտոմեքենայի գազի բալոնից կենցաղային բալոնի մեջ գազ լցնելուց առաջացած պայթյունի պատճառով կորցրեց երկու ոտքը
«Սկզբնական շրջանում շատ վատ էի տանում, անգամ չէի ուզում իջնել դուրս, ամաչում էիբայց հետո ամեն ինչ փոխվեց: Շփվեցի բասկետոլի պարապմունքի տղաների հետ և զգացի, որ ամեն ինչ լավ է, և կյանքը շարունակվում է»,- հիշում է Սևակը:
Մինչև հաշմանդամ դառնալը Սևակն անգամ չգիտեր, որ Հայաստանում կա առագաստանավային սպորտ: 2007թ.-ից սկսեց զբաղվել նաև այդ մարզաձևով: «Հիանալի սպորտ է, ադրենալինով լի…»,- ժպտում է Սևակը:
Այս տարի հուլիսի 3-8-ը առաջին անգամ Սևակը Հայաստանի թիմի հետ մասնակցեցին հաշմանդամների առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունեցել Անգլիայի Վերմուտ քաղաքում: Հաղթանակ չբերեցին, բայց Սևակը գոհ է. «Այստեղ են ասել, որ մասնակցությունն է կարևոր»:
Նա սովորել է Աբովյան քաղաքի Օրբելու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն աշխատանք չի գտնում: Շատ տեղեր է դիմել, սակայն ապարդյուն:
Սևակի որդին արդեն մեկ տարեկան է, և հոր միակ ցանկությունն է. «որդուս համար անել այն, ինչ իր սիրտս ուզում է, բայց չեմ կարողանում»:
Նա ստանում է ամսական ընդամենը 14.500 դրամ թոշակ, սակայն նրան ավելի վրդովեցնում է հասարակության վերաբերմունքը:
«Վերջերս որ Անգլիայում էինք, ոչ ոք չէր նկատում, որ սայլակով մարդ կա, իսկ մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ այն է, որ եթե մարդը հաշմանդամ է, ուրեմն ինքը մեղք է»,- ասում է Սևակը և համոզված հավելում. «Պետք չէ խղճահարությամբ նայել հաշմանդամներին. նրանք ուժեղ մարդիկ են»:

Monday, July 18, 2011

Հյուրանոց` Հրապարակի մետրոյի մոտ

«Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոց: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Հյուրանոցի շենքը նախագծել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դեռևս 3-4 տարի առաջ: Այն պետք է լինի 7-8 հարկանի, 100 տեղանոց շենք, որի բակում են հայտնվելու մետրոյի «ծաղիկը» և շատրվանները, սակայն մետրոյի մուտքերը չեն փակվելու:
Իր պատասխանում քաղաքապետարանը չի տեղեկացրել, թե ում է պատկանում այդ տարածքը, ինչու մինչ այժմ չի կառուցվել հյուրանոց, երբ է այն կառուցվելու: Այժմ այս տարածքը շինհրապարակ է հիշեցնում:
«Հյուրանոցի արտաքին տեսքի և շրջակայքի բարեկարգման նախագծային լուծումները կքննարկվեն Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում».- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում: Սակայն քննարկումների ժամկետի մասին ոչինչ չի ասվում:
Մինչդեռ շինարարությունն սկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն և հստակ նախագիծ:
«Միակ խնդիրը, որ լուծված չէ և այդ մասին բարձրաձայնվեց ավտոմեքենաների կայանատեղին է, քանի որ այնտեղ ընդամենը 4-5 մեքենա կարող է կայանել»,- նշեց ճարտարապետ Սասուն Քալաշյանը:
Իսկ ինչպես են վերաբերվում այդ փաստին Երևանի քաղաքացիները:

«Եթե տվյալ կառույցը չի խանգարում քաղաքի բնությանը, չի աղտոտելու միջավայրը, ես կարծում եմ գեղեցիկ կլինի, եթե կառուցվի մեր ճարտարապետական ոճով»,- ասաց Սենիկ Վարդանյանը:
Հովհաննես Գևորգյանը համաձայն է նույնիսկ նրան, որ ոչինչ չփոխվի, միայն թե շինություն չկառուցվի. «Փոսը կարող են լցնել, ամեն մի փոս, որ փորել են, պետք է մի բան դնե՞ն»:
«Ինչ կարող ենք անել , մեզնից մեծերն էլ են փորձել, բայց ոչինչ չեն կարողացել...»,- հուսահատորեն ասում է Նիկոլայ Հովհաննիսյանը:
«Երևանը դարձել է բետոնե քաղաք, ոչ մի շինարարություն պետք չէ»,- ասում է Լալա Շանոյանը:
Յուրիկ Պետրոսյանը պարզապես չի հավատում, որ հնարավոր է նման վայրում հյուրանոց կառուցել. «Եթե որոշել են, ուրեմն պետք է մի բան անեն: Կարող է մի օր էլ մետրոյի տեղը փոխեն հյուրանոցի համար ...»:

Friday, July 15, 2011

Աստված սկզբում բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը...

Բելա Տար

«Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կրկնվեմ»,- համոզված է «Թուրինյան ձի» ֆիլմի ռեժիսոր, հունգարացի Բելա Տարը, որն այն համարում է իր կարիերայի ավարտը:
Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այդ սև ու սպիտակ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու աշխարհահռչակ ռեժիսորին:
«Ճիշտ է` ես գերադասում եմ սև ու սպիտակը, բայց ես ունեմ նաև գունավոր ֆիլմեր: Պարզապես գունավոր ֆիլմ նկարահանում եմ միայն այն դեպքում, երբ ցանկանում եմ օգտագործել գույները, իսկ տվյալ ֆիլմում դրա կարիքը չկա»,- բացատրում է ռեժիսորը:
«Թուրինյան ձի» ֆիլմը ամբողջությամբ բելատարյան ոճով է. ինչպես և նրա նախորդ ֆիլմերը, այստեղ ևս կարող ես տեսնել մարդկային գորշ, միապաղաղ կյանքը, երբ օրերը սրտխառնոցի չափ միանման են: Այդ ամենը ռեժիսորին հաջողվում է փոխանցել հանդիսատեսին այնպես, որ ոմանք անթարթ նայում են, ոմանք էլ պարզապես չեն կարողանում բացել աչքերը օրերի միատեսակ տաղտուկի բեռից:
«Սա ֆիլմ չէ, սա կյանքն է, սա է մեր կյանքը»,- ասում է ռեժիսորը և համոզված է. այս ֆիլմը բոլորի համար է:
Ֆիլմի սկզբում պատմվում է, թե ինչպես Նիցշեն, տեսնելով, որ կառապանը խփում է շարժվել չցանկացող ձիուն, հարձակվում է նրա վրա` արգելելով այդ: Հետո նա հիասթափված վազում է տուն և ասում. «Մայրիկ, ես հիմար եմ»:
«Մենք գիտենք, թե ինչ եղավ Նիցշեի հետ, սակայն անհայտ էր ձիու ճակատագիրը. Այս ֆիլմը ձիու մասին է»,- ասում է ռեժիսորը:
Ֆիլմը ցույց է տալիս հոր և աղջկա կյանքի վերջին 6 օրերը: «Աստված ստեղծել է այս «անիծված» (shit) աշխարհը 6 օրում, ես էլ այս ֆիլմում ցույց եմ տալիս հակառակը: Սկզբում աստված բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը»,- ասաց նա:
Վերջին խորհուրդը, որ տալիս է հայրը աղջկան. «Կեր, մենք պետք է ուտենք»: Եվ Բելա Տարը համաձայն է դրա հետ. մենք պարտավոր ենք ուտել:

Ի դեպ, այժմ նա հանդես է գալիս որպես պրոդյուսեր և օգնում երիտասարդ ռեժիսորներին իրենց ֆիլմերը ասպարեզ հանել:



Thursday, July 14, 2011

Նրանք կարողացան հաղթել ինքներն իրենց

Մի շաբաթ անցկացրած աղջիկների ամառային ճամբարը շատ կարծրատիպեր կոտրեց իմ մեջ: Ես հասկացա, որ մեր 13-15 տարեկան աղջիկները ինչքան խելացի են, թեև կան հարցեր, որոնցից շատ չեն տեղեկացված:

Հետաքրքիր դասերից մեկը սեռական դաստիարակությունն էր: Աղջիկները ամաչում էին հարցեր տալ, ինչը բնական էր ցավոք… Սակայն շատ էին զարմանում մեր՝ ջոկատավարներիս հանգստության վրա: «Էդ բանը բոլորի մոտ նույն ձևի՞ է, թե՞ տարբեր»,

Ամենահետաքրքիր հարցերից մեկն այն էր, թե ինչքան սեռական հարաբերություննների հաճախությունն էր. «Ինձ թվում էր՝ տարին մեկ անգամ»,- ասաց աղջիկներից մեկը զարմացած:

Պարզվեց, որ աղջիկներից շատերն այն կարծիքին են, որ տղամարդիկ ավելի հաճախ պետք է սեռական հարաբերություն ունենան, քան կանայք:

Հետաքրքիր էր սեքսապաթոլոգի հետ հանդիպումը: «Սեքսից երեխա՞ է ծնվում», «Բուլկի որ ուտեմ, կարո՞ղ է երեխա չկարողանամ ունենալ», «Ի՞նչ է կարմիր խնձորը» նման միամիտ հարցերի կողքին «Ի՞նչ տեսք ունեն կանացի պահպանակները»:

Նույնիսկ նրանցից մեկը իր ամփոփիչ թղթում նշել էր. «Ես զարմանում եմ, թե ինչպիսի ապշեցուցիչ թեմաների մասին ենք խոսել այստեղ»:

Շատ տպավորիչ էր գենդերային թեման: Թեև աղջիկները տարբեր քաղաքներից, գյուղերից էին, նրանք շատերը կարծում էին, թե Հայաստանում գենդերային հավասարություն է, քանի որ «կանայք ավելի ցածր են, քան տղամարդիկ», «Տղամարդիկ ավելի խելացի են, քան կանայք»:

«Ընտանեկան բռնություն» թեմայի շրջանակներում քննարկման արդյունքում պարզվեց, որ շատ շատերն են ընտանիքում ականատես լինում նման իրավիճակի. երեխա չունենալու պատճառով ծեծում են կնոջը, տանը ավելի մեծ ուշադրություն են դարձնում որդուն, քան աղջկան և այլ դեպքեր…

Աղջիկների համար թեև այդ 7 օրը դժվար էին, բայց ավելի դժվար է լինելու հիմա, երբ արդեն գնացել են իրենց համայնքներ, որտեղ ամեն ինչ նույնն է մնացել, բայց փոխվել են իրենք և ցանկանում են փոխել համայնքը…

Monday, July 4, 2011

Նա ապրում էր մարդկանց մեջ, բայց մենակ...


Այսօր Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է:
2000թ. Գերմանիայի Կինոքննադատների միությունը Մհեր Մկրտչյանին ճանաչել է «20-րդ դարի լավագույն տրագիկոմիկ»:
«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»,- ասել է հանճարեղ դերասանը: 
Նրա ամենասիրելի դերը՝ Սիրանո դը Բերժերակն էր, Ֆրունզն էլ այդ կերպարի պես հայտնի էր իր մեծ քթով ու ինքն էլ էր հաճախ կատակներ անում սեփական քթի վերաբերյալ. «դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթը այդքան մեծ, այլ այն թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»: 

Ռեժիսոր Գեորգի Դանելին նրա մասին ասել է. «Որպեսզի հասկանաս նրա տաղանդի ամբողջ զորությունը, պետք է տեսնել նրա գործերը ոչ-միայն կինոյում, այլ նաև թատրոնում: Ինձ համար նա «Սիրանո դը Բերժերակ»-ի լավագույն կատարողն էր»:

Իսկ Խորեն Աբրահամյանն ասել է. «Դերասան սկզբից մինչև վերջ: Մենք կոլեգաներս կանգնում էինք կուլիսներում, որպեսզի տեսնենք, թե այս անգամ ի՞նչ նոր բան է նա անելու: Մենք համոզված էինք, որ շուտով իմպրովիզացիա է լինելու և դա հանճարեղ իմպրովիզացիա էր լինում: Զարմանալի հնարամիտ էր: Նրա ներկայացումները սկսվում էին դալիճից լսվող հոմերական քրքիջով ու այդ քրքիջը ամբողջ ներկայացման ընթացքում շարունակվում էր:
Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով ու երջանիկ էր: Մյուս կողմից նրա մեջ միշտ ինչ-որ ողբերգություն տպավորություն կար»:



Ֆրունզիկ Մկրտչյանն ամեն ֆիլմում ունի իր ռեժիսորական հատվածը:


«Եռանկյունի»- Երբ արդեն գնում է օդանավով, բացում է պատուհանը և գոռում. «Ուստա, Համոն փողը չի տվել»:

«Մենք ենք, մեր սարերը»- նրա հայտնի արտահայտությունը. «Էհէէէէէ». Նա պարզապես մոռացել էր բառերը..


.«Միմինո»- վրացիները շատ են սիրում այս ֆիլմից մեջբերումներ անել և ամենից շատ մեջբերումները լինում են Ֆրունզի խոսքերից, որոնք հիմնականում իմպրովիզացիան են լինում. «Валик-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: ты и она не две пары в сапоги...  так думаю!..»:


Ռեժիսոր Գեորգի Դանելին դատարանի տեսարանում Ֆրունզին պարզապես ազատություն է տվել` ինչ ուզում ես արա և ստացվեց գլուխգործոց:

«Տղամարդիկ»- երբ Ֆրունզը պետք է թռչեր պատշգամբից, իրոք վախեցել է և հետ է գնացել: Ու ռեժիսորը հենց այդպես էլ թողել է:
«Հին օրերի երգը» Երբ Ֆրունզին հարցրել են, երբևէ հարբած դեր խաղացել ես, ասել է միայն «Հին օրերի երգ» ֆիլմում, երբ սև թուղթն էի ուտում