Monday, May 30, 2011

ASALA-ԱՍԱԼԱ. Նրանց նպատակն էր ազատագրված հայրենիք ունենալը


«Ահաբեկչությունը չեմ ընդունում, բայց հայ տղաներին պետք է հասկանալ»,- գրել է իսպանացի լրագրող Խոսե Գուրիարան, ով երկար տարիներ ուսումնասիրել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ԱՍԱԼԱ) գործողությունները:
ԱՍԱԼԱ-ն  իր գործունեության ժամանակ իրականացրել է բազմաթիվ գործողություններ ընդդեմ թուրք գործիչների՝ ցանկանալով միջազգային ասպարեզում բարձրաձայնել հայկական հարցը:
ԱՍԱԼԱ-ի տղաներից շատերն են այժմ Հայաստանում. Նրանցից մեկն էլ Վարուժան Կարապետյանն է, ով 2001թ. է ազատագրվել բանտից:

Կորցրած մանկություն
1965թ. Մեծ Եղեռնի 50-ամյակը. 11-ամյա Վարուժանը Սիրիայի հազարավոր հայերի հետ միասին գնացել էր Դեր-Զոր: Ժողովուրդը լալիս էր, ողբում…
«Ինձ համար զարմանալի թվաց, որ լացի փոխարեն գոնե մեկը չգտնվեց, որ եղունգի կտրելիք հաներ կամ մի փոքրիկ դանակ և ասեր՝ գնանք վրեժ լուծելու»,- հիշում է Վարուժանը:
Այդ օրը նա կորցրեց իր մանկությունը: Անցան տարիներ, և նպատակն ավելի հստակ դարձավ. «Եթե չենք պայքարելու, էլ ինչու հայ մնանք: Եթե հայ ենք մնալու, ուրեմն նպատակ ունենք՝ ՎԵՐԱԴԱՐՁ»:

Վիճակը նետված է
1972թ.-ին ռադիոն հաղորդեց. «ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում 77-ամյա Գուրգեն Յանիկյանն սպանել է թուրք հյուպատոսին»: «Դե, եկ երիտասարդ ու մի ամաչի… Մենք ընկերներով իրար երես չէինք կարողանում նայել»,- պատմում է Վարուժանը:
1975թ. Մեծ Եղեռնի 60-ամյակ: Հայոց հարցը բարձրացնելու բոլոր խաղաղ միջոցները ձեռնարկվել էին՝ թերթերով, ցույցերով, լացով, ողբով… Մնում էր միայն մեկը՝ զինյալ պայքար:
Եվ սկսվեց… «Փող չունեինք. Մեկ հոր խանութից էր փող ճարել, մյուսը քրոջ զարդն էր վաճառել, գնեցինք որը մի հրացան, մի ատրճանակ ու սկսեցինք գործել»:
Հետագայում այս ամենը վերածվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի:

Նպատակն էր ազատագրված հայրենիք ունենալը
Տասը տարուց ավելի տևած զինյալ պայքարում զոհվեց 39 մարտիկ, նրանց բոլորի նպատակն էր ունենալ ազատագրված հայրենիք. «Չի կարելի կրակի հետ խաղալ առանց վառվելու,- համոզված է Վարուժանը:- Թեև երբ մենք «քարկոծում» էինք հարևանի ապակին, ապահովված էինք, որ մեզ չեն հասցնի պատասխան հարված. մենք ապակի, տուն չունեինք»:
Հայաստանի անկախացումից հետո Վարուժանը առաջիններից էր, ով բանտից հաղորդագրությամբ հանդես եկավ. «ԴՐՍԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐՋԱՑԱՎ»:
«Հայկական հարցն արդեն պետք է լուծվի հաղթանակած բանակի կողմից,- երազով ասում է Վարուժանը և հավելում:- Պետք է ժամանակին կանգ առնել: Եթե ինչ-որ մեկն իմ արած գործն այսօր անի, առաջինը ես եմ նրան դատապարտելու, այսօր մենք էլ «ապակի» ունենք»:

Մեկն ամենամեծ հաղթանակներից
1983թ. Ֆրանսիայի «Օրլի» օդանավականի գործողության հետևանքով զոհվեց 8 մարդ, հիսունհինգը վիրավորվեց: Կազմակերպիչներից մեկն էլ Վարուժանն էր, ով դատապարտվեց ցմահ բանտարկության:
«Երբ 11տ. էի, հայ ժողովուրդն էր լալիս, իսկ երբ դատարանում լսում էի դատավճիռս, տեղերով փոխվել էինք. լացողը թուրքն էր, իսկ ես հպարտ կանգնած էի: Ի՜նչ էր այդ պահին ցմահ բանտարկությունը… Ամենամեծ հաղթանակներից մեկն էր»:
Վարուժան Կարապետյանն իր երազ-նկարի հետ

Իրական երազ
18 տարի ֆրանսիական «Գլերվո» բանտում… «Բանտն ազգություն և սահման չունի, կարծես արծվին դնես ոսկի վանդակի մեջ»,- ասում է Վարուժանը, ով իր անվանը («արու թռչուն») հավատարիմ տունը կառուցել է լեռներում՝ Դիլիջանի Սասնա սարում. «18 տարի ամեն գիշեր երազում փախչում էի բանտից: Երազում էի տուն ունենալ լեռներում. Մտքումս արդեն նախագծել էի ամեն ինչ»:
Բանտարկված տարիներին Վարուժանի նկարած և փորագրած նկարներն այժմ փակցված են իր տան պատերին, մի անկյունում էլ տեղ է գտել փայտե մի սնդուկ՝ իր մեջ հավերժ պահելով անթիվ նամակներ, որոնք Վարուժանը ստացել է բանտի տարիներին:
Մարմնավորվեց երազը. այժմ Վարուժանն ընտանիքով (ունի երեք երեխա՝ երկու որդի և դուստր) ապրում է իր երազների տանը, որի լուսամուտից երևում է դեռևս բանտում նկարած երազ տեսարանը՝ եղևնիներ, ձյունապատ սարեր, հեռվում՝ եկեղեցին:

Thursday, May 26, 2011

Հանրահավաքի ցրման ժամանակ մահացել է 2 մարդ







Մայիսի 25-ի գիշերը, լույս մայիսի 26-ի առավոտյան Թբիլիսիում հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որի արդյունքում 2 մարդ զոհվել է, 37 մարդը՝ վիրավորվել: Վիրավորվածներից 8-ը ոստիկան է, 28-ը` քաղաքացի և մեկ լրագրող: 

Այսօր` մայիսի 26-ին, լրանում է «Ժողովրդական հավաքի» ժամկետը, սակայն չնայած կառավարության զգուշացման, մարդիկ չէին ցանկանում լքել Ռուսթավելի փողոցը:

Saturday, May 21, 2011

Մենք ենք մեր հաղթանակը


Հայաստանի առաջին հանրապետության անկախության նախորդ օրը` մայիսի 29–ին, հայ երիտասարդները ցանկանում են տոնել նաև մեկ այլ կարևոր  հաղթանակ: Նրանք ցանկանում են իրականացնել շուրջ 800 անձից բաղկացած ֆլեշ մոբ և  գրանցվել Գինեսի գրքում: Կազմակերպիչը «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնն» է, սակայն մասնակցել կարող է յուրաքանչյուրը: 
Այն կմեկնարկի մայիսի 29–ին, ժամը 10:30-ին` Շահումյանի անվան հրապարակում և կտևի 2.30 ժամ: Ֆլեշ մոբին մասնակցելու են տարբեր դպրոցների,  հասարակական կազմակերպությունների, բուհերի երիտասարդներ, սփյուռքահայեր, հյուրեր, ինչպես նաև Ռազմական ավիացիայի պետական ինստիտուտի ուսանողներ ու կամավորներ:
Շահումյանի հրապարակի կենտրոնական մասում, մեր դրոշի գույներով «գրվելու են» «Հաղթանակ» և «Victory» բառերը, ապա բոլորը միասին 3 անգամ բացականչելու են նշված բառերը, ուղղաթիռից թափվելու  են եռագույն փուչիկներ…
Մասնակցության համար պետք է գրանցվել նախապես` զանգահարելով (077)-124-115 կամ (055)-277-750 հեռախոսահամարներով, կարող եք նաև նամակ ուղարկել`   mayisi28@gmail.com հասցեին: Գրանցվելու վերջնաժամկետն է` մայիսի 26-ը, ժամը` 24:00-ն:

Friday, May 20, 2011

«Լոռի» հանքային ջուր. լինե՞լ, թե՞ չլինել


  Վանաձորի ընկերությունները հրաժարվում են  արտադրել «Լոռի» հանքային ջուր 
           
«Լոռին» համարվում է «փափուկ ջուր»

Ամառային հանգիստը անցկացնելու համար շատերն են ընտրում Ջերմուկը, Արզնին, Հանքավանը, որոնք հարուստ են բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով: Վանաձորը ևս ունի իր հանքային ջուրը` «Լոռին», որի անունը Հայաստանի մյուս հանքային ջրերի հետ համեմատած շատ չի գովազդվում:

Ի տարբերություն Հայաստանի մյուս հանքային ջրերի` «Լոռի» հանքային ջուրը սառն է` 16-17 աստիճան, և միջին հանքայնության է: «Լոռի» հանքային ջուրը ածխաթթվային, քլորիդ-սուլֆատ-հիդրոկարբոնատային, կալցիում, մագնիում նատրիի ջուր է, որը հարուստ  է կենսաբանական արժեքավոր միկրոտարրերով: Այս հանքային ջրի առավելությունը նրա բաղադրության մեջ կատիոնների (դրական) և անիոնների (բացասական) այնպիսի հարաբերակցությունն է, որ օգտագործելիս մարդու օրգանիզմին վնաս չի տալիս:

«Եթե մարդու մոտ տվյալ միկրոէլեմենտը նորմայի մեջ է, «Լոռին»  այն այնքան չի ավելացնում, որ վնասի օրգանիզմին: Այդ պատճառով «Լոռին» համարվում է «փափուկ ջուր» և կարելի է օգտագործել նաև որպես սեղանի ջուր: Ի տարբերություն «Լոռի» հանքային ջրի` խորդուրդ չեմ տա հաճախակի խմել «Ջերմուկը»»,- նշեց «Վանաձոր ԱՍԱՐ» առողջարանի թերապևտ Հռիփսիմե Շարբաթյանը, որտեղ «Լոռի»  հանքային ջուրը օգտագործվում է բուժական նպատակներով:
           
Դեռևս 1978-1979թթ. Վանաձորում հորատվել է «Լոռի»  հանքային ջրի հորատանցքը: Այժմ կա երկու հորատանցք: «Լոռի 1-ը» ավելի հարուստ է CO2-ով, այն պատկանել է Վանաձորի գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների գործարանին, որը տարիներ շարունակ շշալցրել է հանքային ջուրը, սակայն մի քանի տարի է` դադարեցրել է իր գործունեությունը: «Լոռի 2» հորատանցքն ավելի քիչ CO2 է պարունակում, սակայն ավելի հարուստ է հանքային աղերով և մատակարարում է «Վանաձոր ԱՍԱՐ» առողջարանին:

Փոքր լինելը մեծ խնդիրներ է ստեղծում ընկերության համար

Վանաձորի հարկային տեսչության տվյալներով այժմ ընդամենը 3 ընկերություն է զբաղվում «Լոռի» հանքային ջրի արտադրությամբ` «Մալխասյան եղբայրներ», «Բարովիչ» և «Դինմեր» ՍՊԸ-ները: Սակայն Վանաձորի խանութներում կարելի է գտնել միայն «Դինմեր» ՍՊԸ-ի արտադրած «Լոռի»  հանքային ջուրը, թեև ընկերության տնօրեն Արտակ Սարգսյանի հավաստմամբ ընկերությունում ձմեռվանից դադարեցվել է «Լոռի» հանքային ջրի արտադրությունը:
           
Ընկերությունում «Լոռի»  հանքային ջուրը արտադրել են ամսական 2000-3000 շիշ, որը մատակարարվել է միայն Լոռու մարզին: «Դինմեր» ՍՊԸ-ը հանքային ջուրը ձեռք է բերել քաղաքի «թթու ջուր» հանքային ջրի աղբյուրից («Լոռի 1» հորատանցք), որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

ՍՊԸ-ի փոքր լինելը մեծ խնդիրներ է ստեղծել ընկերության համար: «Այս տարվա սկզբից չկարողացանք վճարել հանքային ջրի շշալցման համար նախատեսված գումարները, այդ իսկ պատճառով ստիպված դադարեցրինք արտադրությունը»,- հայտնում է Արտակ Սարգսյանը` հավելելով, որ այժմ ընկերությունն արտադրում է լիմոնադի 7 տեսակ:

Տարեկան վճարը կազմում է 5 մլն. դրամ

Ըստ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի հոդված 19-ի` հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքափորի արդյունաբերական օգտագործման (շահագործման) համար տարեկան վճարը կազմում է 5 մլն. դրամ, իսկ առողջական նպատակով` 500 հազ. դրամ: Բացի այս, ընկերությունը պետք է վճարի բնօգտագործման վճար. արդյունաբերական նպատակով օգտագործելիս յուրաքանչյուր 1խմ-ի համար վճարվում է 3750 դրամ, իսկ բուժական նպատակներով` 1 խմ-ի համար 200 դրամ:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինը հայտնում է, որ Վանաձորում գտնվող հանքային ջրի հորանցքը պատկանում է Երևանում գրանցված կազմակերպությանը, քանի որ վերոհիշյալ վճարները չեն գանձնվում տեղի տեսչության բաժնում: Սակայն նշել, թե կոնկրետ որ կազմակերպությանն է պատկանում, բաժնի աշխատակիցները չկարողացան ասել:
             
Ինչ վերաբերում է մյուս երկու ընկերություններին, ապա «Մալխասյան եղբայրներ» ՍՊԸ-ը այժմ չի գործում, իսկ «Բարովիչ» ՍՊԸ-ի տնօրենն ընդհանրապես ժխտեց այն փաստը, որ իրենք արտադրում են հանքային ջուր:
           

Monday, May 16, 2011

Կկառուցվի՞, թե՞ չի կառուցվի






Արդեն 2 տարի հետո Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի բակում, աշտարակ կկառուցվի: Դեռևս փետրվարին Հայաստանի քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հարցազրույց, որտեղ հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում է այս մասին:
Մինչդեռ հասարակությունն այդ մասին իմացավ միայն այն բանից հետո, երբ մի խումբ «աչալուրջ» երիտասարդներ, կարդալով վերոնշյալ տեղեկատվությունը, ստեղծեցին «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին դադարեցնել այդ թմբուկի կառուցումը:
 Աշտարակը կլինի 50 մետր բարձրությամբ և շուրջ 30 մետր տրամագծով, այսինքն՝  փոքր–ինչ բարձր կլինի ազգային պատկերասրահի շենքից,  ինչը համապատասխանում է մոտ 13—14  հարկ ունեցող շինության բարձրությանը։
Կայքում տպագրված հոդվածում պարզ ակնարկվում է այն փաստը, որ աշտարակը կառուցելուց հետո քանդվելու է Ազգային պատկերասրահի շենքը: «Այս թեմայով Ն. Սարգսյանն այսօր խոսել չի ցանկանում, քանի որ գիտի, որ հայ մարդը պահպանողական է,  բոլորի աչքն էլ տասնամյակներ շարունակ սովորել է այդ շինությանը, բայց միայն մասնագետները գիտեն, որ դա իր տեղում չէ։ Բացի այդ,  մեզանում ընդունելի չէ  «դեռ չկառուցած՝ քանդում են»  գործելաոճը»:
Ինչպես նշում է Նարեկ Սարգսյանը, աշտարակը նախագծել է դեռևս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: 10 միլիոն դոլար արժողությամբ շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
 «Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախատեսված աշտարակի իրականացումը ժամանակավրեպ է և անտեղի: Հանրապետության հրապարակի համալիրն այսօր տարբերվում է Թամանյանի կողմից նախագծված հրապարակից, և աշտարակի կառուցման հետևանքով կխախտվի հրապարակի համաչափությունը»,- նշեց «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Մանե Թամանյանը:
Նախաձեռնության անդամներին վրդովեցնում է նաև այն փաստը, որ չի պահպանվել ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի պահանջը. քաղաքաշինական նման խոշոր ծրագրի իրականացումից առաջ պետք է իրականացվեն հանրային, ինչպես նաև մասնագիտական քննարկումներ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել: Նրանք պահանջում են, որ իրենց ներկայացնեն փաստաթղթեր, ըստ որոնց ընդունվել է այս որոշումը:
«Երևան նախագիծ» ինստիտուտի արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը  հայտնեց, որ թեև ինքը տեղյակ չէ շինության նախագծին, սակայն դեմ չէ կառուցմանը, եթե պահպանվի թամանյանական նախագիծը:
«Մենք այսօր ունենք ավարտուն տեսք ունեցող հրապարակ, որին չի խանգարի թամանյանական հորինվածքի թմբուկը, սակայն թե այսօրվա նախագծած թմբուկը ինչքանով է համապատասխանում, պետք են լուրջ քննարկումներ,- ասում է վաստակավոր ճարտարապետը և հավելում,- Հրապարակի շրջապատի շենքերն այնպես են մեծացել, որ հրապարակը կորցնում է իր ամբողջական տեսքը: Թամանյանական թմբուկը խիստ ցանկալի է, քանի որ կօգնի հրապարակին «բարձրանալ»»:

Sunday, May 15, 2011

Եվրատեսիլ 2011-ի հաղթողը Ադրբեջանն է



http://www.youtube.com/watch?v=iq2yLykdjvA&feature=player_embedded

Ադրբեջանը ներկայացնող Էլդար Քասիմովն ու Նիգյար Ջամալը (Ell & Nikki) իրենց «Scared» երգով ստացան 221 միավոր:
Շնորհավորում եմ մեր հարևան երկրին նման հաղթանակի առթիվ:
Ի դեպ, 12 ամենաբարձր միավորները Ադրբեջանին տվել էին ընդամենը 3 երկիր՝Ռուսաստանը, Մալթան և, իհարկե, Թուրքիան:
Երկրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը, չորրորդ տեղում՝ Շվեդիան: Իսկ ֆավորիտ ճանաչված Ֆրանսիայի ներկայացուցիչը գրավեց ընդամենը 15-րդ տեղը:
Մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, ցավոք, չկարողացավ հատել կիսաեզրափակիչի շեմը:

Monday, May 9, 2011

Պայքար ոչ պատերազմի դաշտում


Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, և մարտի դաշտ գնալու հարցը բարձրացավ, համալսարանի մի խումբ դասախոսներ, որոնց շարքում էր քիմիկոս Հելբիկ Հակոբյանը, դիմումներ գրեցին պատերազմ գնալու համար: Սակայն նրանց մերժեցին. դեռ ժամանակը չէր:
Ձախից երկրորդը Հելբիկ Հակոբյանն է

Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ

Եվ սկսվեց մեկ այլ պատերազմ, բայց ոչ մարտի դաշտում: Արցախյան պատերազմի սկզբում հայ զինվորները չունեին հաղթանակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ զենքը: Զինամթերքի ներկրում հնարավոր չէր իրականացնել, և սկսվեց զինամթերքի տեղական արտադրություն:
Պատերազմի տարիներին Մոսկվայում այրման պրոցեսների հետազոտման լաբորատորիայի ղեկավար Հովհաննես Դավթյանի աջակցությամբ պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում ստեղծվեց լաբորատորիա, որի ղեկավարն էր քիմիայի ամբիոնի դասախոս, գիտաշխատող Հելբիկ Հակոբյանը:
Այդ քիմիական լաբորատորիայում Հայաստանում առաջին անգամ սինթեզվեց հրթիռային վառելանյութ, որը կառավարվող հրթիռի ստեղծման նախապայմանն է: Հելբիկ Հակոբյանի ղեկավարած լաբորատորիայում զինամթերքի տարբեր տեսակներ էին պատրաստվում: Ստեղծվեց անծուխ այրում ապահովող նյութ, որը տեղադրվում էր ծխախոտի տուփի չափ արկղիկի մեջ:  Այրվելով ամբողջ գիշեր՝ արկղիկը չէր թողնում զինվորներին մրսել:
Պետական ազգային անվտանգությունը (ՊԱԿ) ամեն կերպ խանգարում էր, և այդ ամենը կատարվում էր հնարավորինս գաղտնի:
Լաբորատորիայում երկար ժամանակ չարչարվեցին, որպեսզի ստեղծեն գերհզոր ռումբ, սակայն դրա համար պետք էր մաքուր բենզին: Ճակատագրի քմահաճույք. Նման բենզին կարելի էր ճարել միայն Ադրբեջանից, այդ իսկ պատճառով հնարավոր չեղավ ստեղծել այդ ռումբը:
«Այդ ժամանակ չի եղել մի դեպք, երբ որևէ գործարանի դիմենք ինչ-որ հարցով և մերժում ստանանք: Զինամթերքի տարբեր մասեր տարբեր գործարաններում էին արտադրվում: Հրթիռների կորպուսներ, պայթուցիկներ ենք պատվիրել, պատրաստել են առանց որևէ գումարի»,- հիշում է ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր Նորիկ Գալստյանը:

Նրա սիրտը հայրենասերի սիրտ էր
Արցախյան շարժումը, ամենօրյա միտինգները, Ղարաբաղյան պատերազմը… Հելբիկ Հակոբյանը խորապես ապրում էր այդ ամենը: Այդ ամենն էլ պատճառ դարձավ նրան, որ 1990թ. նա սրտամկանային կաթված ստանա (ինֆարկտ), անգամ կլինիկական մահ տարավ:
«Մեր հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում էինք երկրի քաղաքական իրավիճակը, ինչին կբերի այս շարժումը: Այն ժամանակ բոլորս ավելի լավ էինք պատկերացրել, քան հիմա ունենք: Մի գուցե այն ժամանակ ավելի հեշտ է թվացել երկիր ստեղծելը… իրականում դա շատ բարդ է… »,- հիշում է Հելբիկ Հակոբյանի ամենամոտ ընկերը,  համակուրսեցի Սուրեն Խառատյանը:
«Բուռն մարդ էր, չէր վախենում իր մտքերը արտահայտել, համարձակ էր, ակտիվ էր, սրտամոտ էր, և ամեն ինչ շատ ապրումներ էր ունենում խորը, մանավանդ եթե հարցը վերաբերում էր հայրենիքին: Նրա սիրտը հայրենասերի սիրտ էր»,- ասում է Ռոմիկ Հարությունյանը:

 «Գոհարիկն իմ դեղն է»

Ընտանիքով
«Հելբիկը գաղտնապահ էր իր աշխատանքում: Ավելի շատ իր մահից հետո իմացանք, որ իր զենքն այդքան օգտակար է եղել պատերազմի ժամանակ: Բայց իր ընտանիքին ինչ տվեց, ինքը գնաց, կորավ՝ մեզ միայնակ թողնելով: Ծանր տարիներն էին, երեք երեխաներին միայնակ մեծացրել եմ»,- հիշում է այդ օրերը կինը՝ 59-ամյա Անահիտ Սահակյանը: Նա դիմել է տարբեր կառույցների, սակայն օգնեց միայն Եգիպտոսի հայ համայնքը, քանի որ մայրը եգիպտահայ է. Հայաստանը չօգնեց, Եգիպտոսն օգնության հասավ:
«Ես հորս մասին ավելի շատ իմացել եմ համալսարանում աշխատող դասախոսներից, իր ընկերներից, քան մեր տնից»,- ասում է Հելբիկ Հակոբյանի որդին՝ Արամը, որը հավաստում է. ԵՊՀ քիմիական ֆակուլտետի նկուղներում մինչև այժմ էլ հետքերը մնում են, որ պատերազմի տարիներին այդտեղ գաղտնի լաբորատիրա է եղել:
Նրա երեք երեխաներից երկուսն ընտրել են հոր ուղին՝ քիմիկներ են: «Շատ հոգատար հայր էր. թեև դպրոցը մոտիկ էր, բայց միշտ մեքենայով գալիս էր դիմավորելու: Երաժշտական դպրոց էր տանում ժամերով սպասում, թե երբ կգամ, դասեր էր օգնում»,- պատմում է մեծ դուստրը՝ Արմինեն:
1992թ. արյան քաղցկեղից մահացավ 43-ամյա Հելբիկ Հակոբյանը: Քիմիկ ընկերները համոզված են. Հելբիկ Հակոբյանի հիվանդությունը կախված չէր այդ զինամթերքի արտադրության հետ: 10 ամիս պառկած էր հիվանդ, 3-ամյա դուստրը՝ Գոհարիկն էր նրան զբաղեցնում. միշտ ասում էր. «Գոհարիկն իմ դեղն է»:

  
Յուրաքանչյուրը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն ավելի օգտակար է
«Դժվար է ասել, թե որտեղ էր ավելի անհրաժեշտ. սա էլ էր պետք, այն, ինչ արել էր Հելբիկը, մենք: Շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ այստեղ փորձարկումների ժամանակ ոչ միայն վիրավորվել են, այլ նաև կյանք են կորցրել: Յուրաքանչյուրը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքն ավելի օգտակար է»,- համոզված է ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Ռոմիկ Հարությունյանը:
 «Մարտի դաշտ մտնողի մի օրն ավելի արժեքավոր է, քան տարիների մեր չարչարանքը: Երբ մարտիկը զոհասեղանին իր կյանքն է դնում: Մենք այստեղ ենք չարչարվել, բայց դա այդ նույն արժեքը չունի: Մեր ազգի սերուցքը մահացավ կռվի դաշտում,- ցավով ասում է Նորիկ Գալստյանը: -Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը, Շահենը… Ամեն մեկը մի լեգենդ էր, և այժմ նրանցից ոչ ոք չունի հերոսի կոչում: Կոմանդոսը հերոսի կոչում չունի… Եթե նրանք չեն գնահատվում, էլ ուր մնաց մեզ հիշեն»:
Մի քանի տարի հետո, երբ հնարավոր եղավ արդեն ներկրել զինամթերքը, ամբողջությամբ դադարեցվեց զինամթերքի տեղական արտադրությունը: «Ինքնաշեն ավտոմատները կարող էին կրակել միայն 1500 հատ, որից հետո վտանգավոր էին դառնում»,- ասում է Նորիկ Գալստյանը:

«Սիրողական մակարդակով զենք արտադրելը ճիշտ չէ,- ասում է հիշում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, պրոֆոսոր Սուրեն Խառատյանը:- Այժմ՝ այսքան տարիներ հետո, թվում է՝ մանկական խաղ, բայց մարդիկ զբաղվում էին, ստեղծում էին, որովհետև այդ պահին անհրաժեշտ էր»: