Thursday, March 31, 2011

Մետրոյի քարտ ստանալու «գաղտնաբառը»

Ի դեպ
Նյութը հրապարակելուց հետո «Բարեկամություն» մետրոյի կայանում, գանձապահի պատուհանին դրած են մետրոյի քարտերը: Երբ ցանկացա գնել, պարզվեց, որ 500 դրամի (10 ժետոնի գումար) փոխարեն պետք է վճարեմ 1500 դրամ. 1000 դրամը քարտի օգտագործման գումարն է: Եվ երբ հետ վերադարձնելիս գումարը հետ կտրվի: 


«գաղտնաբառն» ասելուց մի քանի րոպե հետո
 ինձ տվեցին «բաղձալի» քարտը
 Արդեն կես տարի է` չեմ կարողանում ձեռք բերել մետրոյի էլեկտրոնային քարտ. միշտ նույն պատասխանը. մետրոյի կայանների գանձապահները հայտնում են, որ քարտերը վաղուց վերջացել են:

Մինչ հարցազրույցի գնալը մետրոյի կայաններից մեկում, երբ ինձ ևս մեկ անգամ ասացին, որ քարտ չկա, ես այդ մասին հեռախոսով հայտնեցի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸմամլո քարտուղար Նինել Վարդանյանին: Նա ինձ ասաց «գաղտնաբառը». «Ասացեք, որ ընկեր Չախոյանն է ասել»:

Դրանից հետո աշխատակիցների դեմքերն ավելի մտահոգվեցին. մի քանի րոպեից ինձ տվեցին «բաղձալի» քարտը: Իսկ երբ ես հարցրի, թե որտեղից քարտը և ինչու երեկ չկար, նրանցից մեկը պատախանեց. «Ստացել ենք, բայց շատ քիչ` 17 հատ»:

Հարցազրույցս «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանի հետ էր. Նա ամենայն լրջությամբ ինձ հայտնեց, որ նման խնդիր չկա:

Անգամ իմ ներկայությամբ կապ հաստատեց երթևեկության գծով իր տեղակալին, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկա այդպիսի կայան, որտեղից հնարավոր չէ քարտ վերցնել: 

Իսկ երբ ես հայտնեցի, որ հենց նոր «Բարեկամություն» կայանում ճշտել եմ, որ քարտ չեն տալիս, տեղակալը պատասխանեց. «Այնտեղ մինիմում 7-8 հատ կա»:

Փայլակ Յայլոյանը դա համարեց աշխատակիցների անպատասխանատվության և ոչ բարեխիղճ աշխատանքի արդյունք:

Փորձեցի այնուամենայնիվ ճշտել, թե միայն ինձ հետ է նման դեպքեր պատահում. հացրեցի անցորդներին, թե արդյոք նրանք ևս ունեցել են այդ խնդիրը: Հիմնականում մեր քաղաքացիներն օգտվում են ժետոններից և չեն էլ ցանկանում քարտ ունենալ:

«Մեկ ամիս առաջ կորցրեցի քարտս և ուզում էի նորը վերցնել «Մարշալ Բաղրամյան» կայանից, բայց ասացին, որ դեռ չեն տալիս»,- հայտնեց Իրինա Խոսրովյան:

«1-2 տարի առաջ վերցրել եմ քարտը, այն ժամանակ նույնիսկ ստիպում էին, որ վերցնեմ, բոլորին տվեցին: Իսկ հիմա հակառակը, սեպտեմբերին դպրոցական աղջկաս համար ուզում էի քարտ վերցնել, բայց չկար»,- ավելացրեց Գայանե Եղիազարյանը:

Ի դեպ 2009թ. մարտի 1-ից ներդրվել են 50 հազար էլեկտրոնային քարտեր, որոնցից 49 հազարը, ըստ  Փայլակ Յայլոյանի, արդեն տրվել է քաղաքացիներին:

Հրդեհ կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքի հարևանությամբ անցորդների համար բացվում էր հետաքրքիր տեսարան. Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակիցները մաքրում էին դրսում իրար կողքի շարված աթոռներից հրդեհի հետքերը:

Այրվել է տնօրենի աշխատասենյակի ողջ գույքը: Անջատված են հեռախոսագծերը: Հրդեհի հետևանքով ծխահարվել է կամերային երաժշտության տան պահակը` 1963թ.-ին ծնված Տարոն Թորոսյանը, սակայն նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

«Պահակը փորձել է անձամբ հանգցնել կրակը, սակայն չի ստացվել, դրանից հետո զանգել է հրշեջ ծառայություն»,- հայտնեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Հրդեհված սենյակից մի փոքր այն կողմ գետնին գցված էին հրշեջ խողովակը և բալոնը:

Կամերային երաժշտության տանը մեկ շաբաթով հետաձգվել են բոլոր համերգները:

Հայաստանում հողերի 1/3-ը էրոզացված է


Մարտի 30հողի պաշտպանության օրն է, իսկ Հայաստանում հողերի 1/3-ը (30%) էրոզացված է, ինչը բերում է հողերի անապատացմանը, այսինքն գյուղատնտեսության համար այլևս պիտանի չեն: Ամենացավալին այն է, որ այդ տարածքներն այլևս հնարավոր չէ վերականգնել:

Այս մասին հայտնեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) ուսումնամեթոդական բաժնի մասնագետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Մկրտչյանը:

Հողի էրոզիան կամ հողերի ողողամաշումը հողի մեջ գտնվող հումուսի օրգանական նյութերի տեղափոխումն է մի վայրից մյուսը ջրային կաթիլների միջոցով:

 50 տարի հետ Հայաստանում վարելահող չի մնա
Ամենաշատն էրոզացված են այն հողատարածքները, որոնք գյուղատնտեսության համար ամենաշատն օգտագործվում են: Հայաստանում այդ տարածքները հիմնականում Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերն են:
  
«Արարատյան դաշտում գերինտենսիվ օգտագործում է: Ցանքաշրջանառությունը պետք է փոխվի, որը մեզ մոտ չի պահպանվում: Եթե նույն հողի վրա մի քանի տարի անընդմեջ նույն մշակաբույսը ցանվի, տարեց տարի բերքատվությունն կիջնի»,- ասում է աշխարհագրագետը:

«Մեր գյուղացին տեղեկացված չէ, թե ինչպիսի պարարտանյութ է իրեն պետք, և շատ հաճախ այնպիսի նյութեր է օգտագործում պարարտացման համար, որ ընդհանրապես անհրաժեշտ չի»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտնեց «Հայ անտառ» հկ-ի ղեկավար Նազելի Վարդանյանը:
Ըստ նրա` գյուղատնտեսական ասոցացիաների ֆեդերացիայի կազմում ստեղծվել է հատուկ լաբորատորիա, որպեսզի պարզվի հողի պարունակությունը ըստ քիմիական տարրերի: Գյուղացին կոնկրետ կիմանա, թե ինչն է պակաս իր հողում և ինչպիսի պարարտանյութ է պետք և որ կուլտուրայի համար:

«Այժմ Հայաստանում համատարած սելիտրայի օգտագործում է. Ինչը բնականաբար սխալ է. տարիներ շարունակ ազոտային այդ պարարտանյութը տրվում է հողին, որը բնականաբար հագեցած կլինի»,- նշեց Նազելի Վարդանյանը:

Հայաստանում մշակահողերի տարեկան միջին հաշվով 3-4%-ը էրոզանում է: «Այս տեմպերով եթե շարունակվի, մոտ 50 տարի հետ Հայաստանում վարելահող չի մնա»,- նշում է Գագիկ Մկրտչյանը:

Էրոզիայի պայքարը պետք է մի քանի ուղղություններ
Ըստ մասնագետի` հողերի էրոզիայի պայքարը պետք է մի քանի ուղղությամբ տարվի: Դրանցից մեկը հողերի շիթային ոռոգումն է, ոչ թե առվակների տեսքով:

Առվակներում ջուրը քշում տանում է նաև հողը և նրա մեջ օգտակար օրգանական նյութերը, ինչպես նաև հաշվարկված է, որ այդ ձևով ոռոգման ժամանակ ջրի 70%-ը վատնվում է: Իսկ շիթային ոռոգման ժամանակ, երբ ցնցուղի նման ջուրը թափվում է հողերին, թույլ է տալիս խուսափել այդ ամենից:

Հողերի էրոզացմանը նպաստում են նաև հողատարածքների վարելու ձևը: Բենզինի խնայման համար տրակտորները վարում են ոչ խորը և ուղղաձիգ ակոսներով: Սակայն անհրաժեշտ է հորիզոնական վար և մինչև 20սմ խորությամբ, որպեսզի անձրևի ջուրը հոսելով չէրոզացնի վարելահողը:

Հայաստանի գետերը հիմնականում դուրս են գալիս Ադրբեջան և Վրաստան և իրենց հետ դուրս են տանում անձրևաջրերի հետևանքով գետեր թափված հողաշերտը և իր մեջ գտնվող օգտակար նյութերը:
Ադրբեջանում և Վրաստանում հենց սահմանի վրա ցանցեր են տեղադրում գետի հունի վրա, հողի օգտակար ծավալը որսում են և օգտագործում են իրենց հողերը բերրիացնելու համար:

Հաշվարկած է, որ Հայաստանից տարեկան մոտ 10մլրդ տոննա օգտակար հողային զանգված է դուրս գալիս գետերի միջոցով:

Հայաստանին դիմանում են միայն գիհին և արաքսյան կաղնին
Մարզերում տարբեր վայրերում մեծ քանակությամբ եղևնի և սոճի են տնկել, սակայն շատ արագ չորանում են: Հայաստանի նման չորային տարածքներում դիմանում են միայն գիհին և արաքսյան կաղնին:

Ի դեպ, 1900թ.-ին Հայաստանի այժմյան տարածքի 21%-ը (այսինքն 1/5-ը), եղել է անտառածածկ, 1980թ.-ին` անտառածածկ է եղել 11%-ը, իսկ հիմա պաշտոնական տվյալներով ընդամենը 8%-ն է անտառածածկ, սակայն իրականում այդ թիվն արդեն հասնում է 7%-ի:

Monday, March 28, 2011

Հայտարարությունների վերջն եկել է????



Երևան քաղաքի բոլոր հենասյուներին շերտ-շերտ փակցված հայտարարություններով կարելի է կարդալ քաղաքի «պատմությունը»: Միայն հենասյուները չեն. հայտարարություններ փակցված են պատերին, լուսակիրների և երթևեկության նշանների վրա:
«Դրանք քաղաքը կեղտոտում են, հատուկ տեղեր պետք է հատկացվեն: Ոնց որ կանգառները սիրուն սարքել են, մարդ կարդում է, բան է հասկանում: Համ էլ երբ պոկում են, հետքերը մնում է, տգեղ է»,- ասում է Եփրեմ Մատինյանը:

Էլմազ Գլջյանն էլ հավելեց. «Անիմաստ են, գոնե հայրենասիրական բաներ լինեին, մեկ-մեկ նույնիսկ տառասխալով են գրում: Կուսակցություններն են ինչ-որ բաներ գրում. դա բարություն չի տարածում, այլ չարիք: Պետությունը պետք է լուծում տա, օրինակ` թույլ չտա»:
Մեկն էլ ավելացրեց. «Պարզապես զզվելի է, եթե մի տեղ լիներ, լավ կլիներ, թե չէ սաղ քաղաքը, որտեղ նայում ես, կպցրած է»:
Այս խնդիրը լուծվելու է այս տարվա ընթացքում: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի գլխավոր դիզայներ Վարդան Վարդանյանը:
«Հենասյուների վրա փակցված հայտարարությունների խնդիրը կա ամբողջ աշխարհում. տարբեր քաղաքներ տարբեր լուծումներ են փնտրում: Երևանում որոշվել է բոլոր հենասյուները 1.82 մ բարձրությամբ երեսապատել պլաստիկ շերտով, որը մայթի կողմից կունենա տարածք հայտարարությունների փակցնելու համար»,- հայտնեց Վարդան Վարդանյանը:
Ծրագիրն արդեն հաստատվել է, և այժմ լուծվում են ֆինանսական խնդիրները: «Որոշվել է բոլոր հենասյուների պլաստիկ մասի վերևում գովազդ տեղադրել, ի դեպ արդեն կան ցանկացողներ: Դրանով մենք կկոմպենսացնենք և կառուցման, և ընթացիկ սպասարկման ծախսերը: Դա կբերի նաև նրան, որ սպասարկող կազմակերպությունը ավելի հետևողական կլինի»,- նշեց Երևանի գլխավոր դիզայները:

Ինչ վերաբերում է պատերին, ստորերկրյա անցումներին փակցված հայտարարություններին և թղթիկներին, ապա քաղաքապետարանը կփորձի պարբերաբար մաքրել (դեռ պարզ չէ, թե ինչպիսի հաճախականությամբ). որոշ վայրերում կտեղադրվեն հայտարարությունների ցուցատախտակներ: 
Հենասյուների վրա հայտարարությունների համար տարածքներ տրամադրելուց հետո քաղաքապետարանը կմաքրի մնացած բոլոր տեղերում փակցված հայտարարությունները: «Ունենալով հայտարարությունների համար հատուկ վայրեր` մենք էլ արդեն կարող ենք պահանջողական դիրք ընդունել»,- հայտնեց Վարդան Վարդանյանը:



Friday, March 25, 2011

Լոնդոն. թագավորական շենքերի կողքին վեր են խոյանում 21-րդ դարի «խորհրդանիշերը»


Իսկական անգլիացին
և իսկական անգլիական մեքենան
 Երբ հյուրանոցի մուտքի մոտ մեզ «բարի ժամանց» մաղթելով` հեռացավ անգլիացի վարորդը, որի կազմակերպությանն էր պատվիրված մեր խմբին օդանավակայանից հյուրանոց բերել, հիշեցի հայտնի խոսքը. «Հրաժեշտ անգլիական ձևով»:
Դուռը փակ էր, իսկ ապակե դռան հետևից երևում էր միայն դատարկությունը: Երկուսով էինք` ես և Սան Սալվադորից մի աղջիկ` Քենին: Հիշեցինք, որ մեզ ուղարկած նամակներից մեկում կար նաև դռանը կոդը: Գտանք. դուռը բացվեց: Նախասրահի վերջում դրված էին երկու փոքրիկ պահարաններ, որոնց մեջ գտնվում էին մեր բանալիները. համենայն դեպս այդպես էր ասում նամակը: Մեկ այլ կոդ, և մենք արդեն վերելակով (որը շատ էր տարբերվում մեր շենքերում աշխատող վերելակներից) բարձրանում ենք մեր սենյակները: Քենին գնաց իր սենյակը, իսկ ես մտա իմը:
Բնակարանն ուներ երեք սենյակ, ես ընտրեցի նրանցից մեկը, դրեցի ճամպրուկս և ուղղակի թևաթափ նստեցի մահճակալիս, քանի որ սենյակումս աթոռ չկար: Ուզում էի ինչ-որ մի բան ասել, կարևոր չէր` ինչ... ուզում էի պատմել առաջին տպավորությունս, անցած երկար ճանապարհի մասին, բայց մարդ չկար...
Լոնդոնի լաբիրինթոս մետրոյի
կայաններից մեկում
Թեմզան և Բիգ Բենը
Մի քանի րոպե բնակարանն ուսումնասիրելուց հետո դուրս եկա և շարժվեցի պատահական ուղղությամբ: Իմ առաջին զբոսանքը Լոնդոնում. մտքումս խառնաշփոթ է` ինչպե՞ս կընդունեն անգլիացիները ինձ նման օտարերկացուն. անընդհատ հիշում եմ վարորդի հետ զրույցը.
-Որտեղի՞ց եք:
-Հայաստանից (from Armenia):
-Ամ... Ամերիկայում է գտնվո՞ւմ:
-Ոչ, Ռուսաստանի և Թուրքիայի կողքին:
-Իսկ ի՞նչ լեզվով եք խոսում Ձեր երկրում:
-Հայերեն:
-Դա ռուսերե՞նն է...
Հեռախոսի քարտը գնելուց հետո մի նոր խնդրի առջև կանգնեցի, բջջայինս պետք է լիցքավորել, սակայն այստեղի վարդակները հարմարված չեն մեր էլեկտրական սարքերի համար:
Տնեցիներին տեղյակ պահելով, որ ամեն ինչ նորմալ է` զանգեցի Մեծ Բրիտանիայում ապրող ընկերուհուս. մենք պետք է հանդիպեինք. պայմանավորվեցինք մետրոյի ինչ-որ մի կանգառի մոտ:
Երբ մոտեցա մետրոյի կայանին, զգացի, որ բախտս չի բերել. միայն մի ավտոմատ է, որի օգնությամբ պետք է գնել տոմսը: Դուրս գալիս մեկ անգամ ևս ստուգվում է տոմսի իսկությունը. պարզվեց, որ ես ճիշտ տոմս չեմ վերցրել. ահով հիշեցի, որ դրա համար տուգանքը կազմում է 20 ֆունտ (10.000դրամ): Ստուգողին բացատրեցի, որ առաջին անգամ եմ մետրոյում: Նա ասաց, որ ես պետք է վճարեմ տոմսի գինը: Մոտեցա մետրոյի աշխատակցին: Նա զարմացած նայում էր ինձ և էլ ավելի զարմացավ, երբ մեկնեցի նրան գումարը: Ժպտալով նայեց և ասաց` պետք չէ վճարել, գնացեք...
Աշխատանքն ավարտված է,
հաշվում ենք փողերը
Կենդանի արձաններ,
որոնք շարժվում են փողի զնգոցից
Ասում են` անգլիացիները սառը մարդիկ են. «Անգլիացի շատ ծանոթներ ունեմ, բայց ընկեր` ընդհանրապես»,- պատմում էր ուզբեկ մի տղա` Խուրշիդը, որն արդեն մի տարի է` սովորում է Լոնդոնում:
Գուցե ես երկար ժամանակ չեմ մնացել Լոնդոնում կամ գուցե չեմ փնտրել ոչ մեկի ընկերությունը, բայց... հիշում եմ` երեխեքով կանգնած էինք մայթին և բոլորով նայում էինք Լոնդոնի քարտեզին` որոշելու, թե ուր պետք է գնանք: Անցորդներից մի քանիսը մոտեցան և հարցրեցին, թե արդյոք մենք չենք մոլորվել և կարիք ունե՞նք օգնության: Երբ խնդրեցի մի կնոջ ինձ լուսանկարել հայտնի Թաուերի կամուրջի մոտ, նա ոչ միայն սիրով համաձայնեց, այլև առաջարկեց մի քանի վայրերում ևս նկարել:
Ի դեպ, Լոնդոնում լուսանկարվել կարելի է համարյա յուրաքանչյուր շենքի դիմաց. թագավորական շքեղության շենքերի կողքին վեր են խոյանում բարձրահարկերը` 21-րդ դարի «խորհրդանիշերը»:
«Թոմսոն Ռոյթերս» լրատվական գործակալությունը, որը կազմակերպել էր այս սեմինարը, երկու անգամ մասնակիցներիս հրավիրեց ռեստորան` չինական և իսպանական: Չդիմացա և հարցրի` իսկ անգլիական չկա՞: Ասացին` կա, ընդամենը մի քանիսը, բայց շատ թանկ են: Իսկ անգլիական ազգային ուտեստը, պարզվեց, կարմրացրած միսն է:
Փողոցներից մեկում
Կարմիր ավտոբուսը
Զուր չեն ասում, որ Լոնդոնն աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է: Սենդվիչը, որն ամենաէժան և արագ կշտացնող միջոցն էր, արժեր մոտ 3 ֆունտ (մոտ 1500 դրամ):
Ռոջերը` մեր դասախոսը, ասում էր, որ Լոնդոնը գեղեցկացնում են նաև տարբեր ազգերի ներկայացուցիչները: Ցավոք չկարողացա գտնել գոնե մի հայի և ասել` բարև, ո՞նց ես: Ինդոնեզիայից ժամանած աղջկան` Իկային (որի հետ մտերմացանք), սովորեցրել էի մի քանի բառ: Շատ տանջվեցի «շնորհակալություն» բառի վրա, որը ի վերջո ստիպված փոխարինեցի «ապրեսով»:
Իսկ ժամանալուս հենց առաջին օրը նրանից նամակ ստացա, որն սկսվում էր` «Բարև, Մանե...»